Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձանց կացության խնդիրները լուծվում են
20.04.2015
12:00
Վրաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով երկքաղաքացիություն ունեցող վրացահայերի համար առաջացած կացության խնդիրները գտնվում են լուծման փուլում: Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձիք կարող են դիմել և ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեց Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը:

2015 թվականի սկզբին Վրաստանը համապատասխանեցրեց երկրի միգրացիոն օրենքը ԵՄ-ի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրին: Համաձայն նոր օրենսդրության` մասնավորապես Վրաստանի այն հայերը, որոնք ունեն երկրորդ քաղաքացիություն, կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Մինչդեռ երկքաղաքացիություն ունեցողների դեպքում, Հայաստանի ու Ռուսաստանի անձնագրերը թույլ էին տալիս աշխատանքային միգրանտներին մեկնել Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի:

Օրենսդրական խստացումներից հետո, ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, Վրաստանի քաղաքացիությունից զրկվեցին մոտ 30 000 մարդ, ովքեր նախկինում ձեռք էին բերել Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն: Ըստ միգրացիոն օրենսդրության նոր պահանջների՝ նրանք ունեն արդեն օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակ և կարող են գտնվել Վրաստանում 90 օր անընդմեջ կես տարվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո նրանք պետք է լքեն երկիրը և վերադառնան երեք ամսից:  

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ` տեղափոխելով  օրենքի ուժի մեջ մտնելու օրը 2015թ. հունվարի 1-ից՝ հուլիսի 1: Այնուամենայնիվ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ դեռեւս ունեն Վրաստանում կացության հետ կապված խնդիրներ:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի  նախաձեռնությամբ` ապրիլի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Միգրացիոն օրենսդրության նոր պահանջները  Վրաստանում և տեղական հայ համայնքի խնդիրները» խորագրով  քննարկում: 

Քննարկման բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, քաղաքական վերլուծաբան  Ջոնի Մելիքյանը, Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը և քաղաքագետ Արսեն Խառատյանը:

Հիմնական խնդիրները, ըստ Ռուբեն Պալյանի, ծագում է Վրաստանի հայ համայնքի անտեղյակությունից: «Վրաստանի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ ուղղակի տեղյակ չեն սեփական իրավունքներից և պարտականություններից: Շատ խնդիրներ ծագում են հենց օրենսդրության մասին անտեղյակությունից: Քաղաքացիները չգիտեն, թե նոր օրենքն ինչ հնարավորություններ է իրենց տալիս», - նշեց նա՝ հավելելով, որ արդեն երեք հազարից ավել Վրաստանի քաղաքացիությունից զրկված հայեր դիմել և ստացել են մշտական կամ ժամանակավոր կացության վկայականներ:

Չնայած օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսից, սակայն Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պնդմամբ քաղաքացիությունից զրկվածներին սահմանին տուգանում են: Այս հանգամանքը ևս Ռուբեն Պալյանը բացատրեց քաղաքացիների անտեղյակությամբ: «Կացության իրավունք նրանց շնորհվում է, ոչ թե այն բանի համար, որ սահման հատեն, այլ մնան և շարունակեն ապրել Վրաստանում։ Սահմանը հատելուց հետո նրանց տրված արտոնություններն այլևս չեն գործի», - ասաց Պալյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը ոչ թե օրենքի չգործելու, այլ մարդկանց չիմացության հետևանք է:

Իսկ նրանք, ովքեր մեկ անգամ դիմել են կացության թույլտվություն ստանալու համար, վճարել են համապատասխան գումար, բայց փաստաթղթերի անկատարության պատճառով մերժում ստացել, այժմ Վրաստանի Արդարադատության նախարարի հրամանով կարող են երկրորդ անգամ դիմել՝ առանց պետվճար կատարելու: «Այդ խնդիրը արդեն լուծվել է: Իսկ հայ համայնքի տեղեկացվածությունը բարձրացնելու համար, մենք պարտաստել ենք տեղեկատվական բրոշուրներ, որտեղ ներկայացված են օրենսդրության նոր պահանջները և քաղաքացիների իրավունքները», - նշեց Պալյանը՝ հավելելով, որ այժմ մնացել է լուծել որոշակի տեխնիկական խնդիրներ:

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը հավելեց, որ լեզվի չիմացությունը կարևոր գործոն հանդիսացավ այս խնդրի ծագման հարցում: Թիֆլիսի հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը, երբ դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, նշում է Մելիքյանը, չեն էլ ծանոթացել դիմումի ձևի այն կետին, որտեղ գրված է. «Վրաստանի հետ Հայաստանը չունի երկքաղաքացիության մասին պայամանագիր»: «Մյուս կողմից, ջավախահայության համար խնդրահարույց է վրացերենի իմացությունը: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը տեղյակ չեն Վրաստանի օրենսդրությանը», - պարզաբանեց նա:    

Վրաստանում ուսումնասիրությունների իրականացնող քաղաքագետ Արսեն Խառատյանի կարծիքով երկքաղաքացիություն ունեցող անձանց համար խնդիրներ են ստեղծել ոչ միայն օրենսդրական խստացումները, այլև պետական բյուրոկրատիան: «Վրացահայերից շատերը ունեին 2 կամ 3 քաղաքացիություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի: Հենց միգրացիոն օրենսդրության հետ կապված խստացումներն ուժի մեջ մտան, նրանք զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից», - հիշեցրեց փորձագետը:

Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ հայկական և վրացական կողմերը խնդիրը չքաղաքականացրեցին: «Կարևորն այն է, որ օրենքի կիրառման գործընթացից ծագած խնդիրները չեն քաղաքականացվել: Հասկանալի է, որ Աբխազիայի և Օսեթիայի դեպքերից հետո երկքաղաքացիության երևույթը Վրաստանի համար շատ փխրուն հարց է: Այդ առումով շատ կարևոր է, որ խնդիրը չքաղաքականացվեց, և քայլեր են ձեռնարկվում այն լուծելու համար», - նշեց Մինասյանը:

Վրաստանի հայերը երկրորդ քաղաքցիություն են ձեռք բերել սոցիալ-տնտեսական խնդիրներից դրդված՝ հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքների մեկնելու համար: Այնուամենայնիվ, չնայած առաջացած խնդիրների և Վրաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների՝ վրացահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են դիմումներ ներկայացնել՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար: Սակայն Վրաստանի Սահմանադրությամբ արգելված է երկքաղաքացիությունը:

«Այն անձիք, որոնք ձեռք են բերել կամ բերում այլ երկրի քաղաքացիություն, պետք է գան և տեղեկացնեն դրա մասին Վրաստանի համապատասխան պետական ծառայություններին», - նշեց Պալյանը, չհստակեցնելով՝ այդ դիմումից հետո երկքաղաքացիություն ունեցող անձիք կզրկվեն Վրաստանի քաղաքացիությունից, թե ոչ:

Արսեն Խառատյանը սակայն հավելեց, որ այս խնդիրը դեռ մնում է օրակարգում և լուծում չի ստանում: «Այդ իսկ պատճառով Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի անձնագիր, հատում են հայ-վրացական սահմանը Վրաստանի անձնագրով, իսկ Ռուսաստան մեկնում են Հայաստանի անձնագրով», - եզրափակեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ