ՏԻՄ ընտրություններում եղել են խախտումներ և թերացումներ
17.03.2015
12:00
Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում եղել են թերացումներ և խախտումներ: Բայց և այնպես դեռ վաղ է խոսել՝ տեղ գտած խախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Միևնույն ժամանակ դժվար է նաև ասել՝ խախտումները կրել են համատարած բնույթ, թե ոչ: Այս մասին հայտարարեցին ՏԻՄ ընտրություններում դիտորդական առքելություն անցկացրած դիտորդները և չժխտեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները:

2015-ի մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Համաձայն ԿԸՀ տվյալների՝ 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում՝ ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայնքում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ: Ներկայացվել է վերահաշվարկի անցկացման միայն 2 դիմում: Մեկ համայնքում ընտրությունները ճանաչվել են չկայացած, քանի որ գրանցված թեկնածուների թիվը երկուսից պակաս էր: Սույն թվականի ապրիլի 5-ին այնտեղ նշանակլվել է նոր ընտրություն:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել էին յոթ տեղական հասարակական կազմակերպություններ:

Դիտորդների խոսքերով՝ ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են «բազմաթիվ խախտումներ»: «ՏԻՄ ընտրություններին կային սովորական և ավանդական դարձած կուտակումներ տեղամասերում, ուղղորդումներ, կողմնակի անձանց ներկայություն: Մենք արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ», - հայտարարեց դիտորդական առաքելություն իրականացրած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը:

«Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Եղիազար Դավթյանը, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն Արմեն Պետրոսյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

ՏԻՄ ընտրություններում տեղ գտած խախտումների ցանկը շարունակեց թվարկել Տիգրան Եգորյանը: «Ընտրություններին խախտումներ ենք գրանցել, որ անձիք փորձում էին բազմակի քվեարկություն կատարել կամ մեկ ուրիշ անձի փոխարեն քվեարկել: Արձանագրվել է դեպք, որ քաղաքացուն տրվել է միանգամից 3 քվեաթերթիկ: Դեպքը բացահայտել և կանխել են դիտորդները», - նշեց Եգորյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դժվար է ասել՝ խախտումները եղել են համատարած, թե ոչ: «Մենք չենք կարող ասել, որ խախտումները եղել են համատարած, սակայն չենք էլ կարող պնդել, որ դրանք չեն կրել համատարած բնույթ», - պարազաբանեց նա:

Ի տարբերություն «ավանդական խախտումների»՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում, նշում է Եգորյանը, նախևառաջ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում: «Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է», - հավելեց «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչը: 

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ ընտրությունների ժամանակ հատկապես համայնքներում մարդկանց մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս: «Մարդկանց մեծ մասը ունի տեղեկատվության պակասի խնդիր, չգիտեն ինչպես պետք է մասնակցել քվեարկությանը: Դարանակ գյուղում ընտրողների 7 տոկոսը սխալ լրացված քվեաթերթիկ է ունեցել, իսկ 11 տոկոսը թույլ է տվել, որ իրենց օգնեն քվեարկություն անցկացնել», - նշեց Պետրոսյանը:

Ընտրություններում մարդկանց ցածր մասնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանի խոսքերով ընտրական համակարգի խնդիրը չէ: Անդրադառնալով ընտրություններում դիտորդների նշած խախտումներին՝ Հովհաննիսյանն ընդունեց, որ խախտումներն իսկապես տեղի ունեցել են:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 6 դիմում: Այդ դիմումները կքննվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշեմ, որ, այո՛, դիմումներում բարձրացված խախտումները ցավոք եղել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային հանձնաժողովները դրանց մասին տեղեկացվել են: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կուսումնասիրեն այդ դիմումները, կտան գնահատականներ, որոնք քվերակությունից հետո հինգերորդ օրը ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կարտացոլվեն համապատասխան որոշումներում», - նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

Ինչ վերաբերում է հնչեցված մտքին «չի կարելի ասել, որ խախտումները համատարած են եղել, բայց չի կարելի պնդել նաև հակառակը»՝ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ցանկացած խախտում ներկայացնելու համար հարկավոր են փաստական ապացույցներ: «Խախտումներ, այո՛, եղել են, և ընտրական հանձնաժողովները դեռ անելիքներ ունեն», - հայտարարեց նա:

Կարևորելով դիտորդների դերը ընտրական գործընթացներում՝ այնուամենայնիվ ԿԸՀ ներկայացուցիչները նշեցին, որ ոչ բոլոր դիտորդներն են եղել հավուր պատշաճի պատրաստված: «Հետաքրքիր է՝ ի՞նչ ձեռնարկներով են պատրաստվում դիտորդները, արդյո՞ք նրանք պատշաճ կերպով տեղյակ են իրենց իրավունքներից ու պարտականութնուններից: Ինքս խոսել եմ դիտորդի հետ, ով հրաժարվել է իր հայտնած տեղեկատվությունից՝ ասելով, որ ինքն այդպես չի ասել», - հարցադրում հնչեցրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այժմ չի կարող հայտնել այդ դիտորդի անձնական տվյալները, քանի որ չունի վերջինիս համաձայնությունը: 

Հարցադրման հետ չհամաձայնեց Եգորյանը՝ հակադարձելով, որ դիտորդները պատշաճ ուսուցվում և պատրաստվում են: «Մեր դիտորդներն անցնում են պատշաճ ուսուցում, ունեն համապատասխան որակավորում և հանձնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստուգարքը: Եթե գիտեք կոնկրետ մարդկանց անուններ, որոնք պրոֆեսիոնալ չեն իրականացրել իրենց աշխատանքը, ապա հրապարակեք», - պնդեց Եգորյանը:

Միևնույն ժամանակ Լենա Նազարյանն էլ տեղեկացրեց, որ դիտորդներից մեկի նկատմամբ կիրառվել է ճնշում: «Մեր դիտորդը լուսանկարել և հրապարակել է Facebook սոցիալական ցանցում անվավեր քվեաթերթիկ, որի վրա գրված է եղել «քաղաքապետ հավաքի քո աղբը»: Դա անվավեր քվեաթերթիկ է: Ընտրությունների հաջորդ օրը մեր դիտորդին կանչել են ընտրատարածքային հանձնաժողովի ընդամները և սկսել ճնշել, թե ինչու է լուսանկարել և հրապարակել անվավեր քվեաթերթիկը՝ ասելով, որ դիտորդը իրավունք չուներ դա անելու», - հայտարարեց Նազարյանը:

Նունե Հովհաննիսյանը նշեց, որ դիտորդի կողմից անվավեր քվեաթերթիկը լուսանկարելը և հրապարակելը օրենքի խախտում չէ: Նա խոստացավ պարզել, թե ինչ է տեղի ունեցել և տեղեկացնել դիտորդական կազմակերպությանը:

Ամփոփելով քննարկումը բանախոսները կարևորեցին դիտորդների դերը հատկապես այն ընտրական գործընթացներում, որում չեն մասնակցում ընդդիմադիր ուժեր: Մարտի 15-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ճնշող մեծամասնությունն իշխող Հանրապետական կուսակցությունից էին: Միայն երկու գյուղում ՀՀԿ-ից բացի նաև ընդդիմադիր թեկնածուներ էին մասնակցում: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ