«Հանքարդյունաբերությունն ու բնապահպանական խնդիրները.Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը»
24.02.2015
12:00
Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեմ են իրենց գյուղի մերձակայքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը, քանի որ այն մերձակա գյուղերի ողջ արոտավայրերն ու վարելահողերը դնում է ծանր մետաղներով աղտոտելու վտանգի տակ. վստահեցնում են բնապահպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Նոր պոչամբարը պետք է կառուցվի Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Բնապահպանները նշում են, որ այն լինելու է Ախթալայի կոմբինատի գործող Նահատակ պոչամբարի շարունակությունը և էլ ավելի է մեծացնելու մարզում առկա բնապահպանական խնդիրները:

Քննարկման մասնակից Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը ասում է, որ ՀՀ Կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազման միջգերատեսչական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նոր պոչամբար կառուցելու համար:

«Տարածքային կառավարման և ԱԻՆ նախարարությունը, դա հիմք ընդունելով, առաջարկել է Մեծ Այրում համայնքի ավագանուն փոխել նշված հողերի կարգը՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի: Ավագանու նիստին են հայտարարել, որ Ճոճկան և Այրում համայքների մոտ 40 հա տարածքների միջնամասում պետք է կառուցվի այդ նոր պոչամբարը: Մինչ այդ բնակիչները չեն իմացել պոչամբարի կառուցման մասին, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Միայն ավագանու նիստին իմ ճնշումներից հետո՝ փետրվարի 12-ին, համայնքում անցկացվեց հանդիպում բնակիչների հետ: Մարդիկ դժգոհ են, որ կա գործող պոչամբար,  հիմա էլ նորը պետք է կառուցվի»,- ասում է Դուլգարյանը:

Նա հավելում է, որ այժմ գործող Նահատակ պոչամբարը համայնքի բնակիչներին միշտ անհարմարություն է պատճառել: Նրանք բողոքել են առողջական խնդիրներից, անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով անգամ ընտանի կենդանիներ են ընկել պոչմաբարի մեջ:

Նշենք, որ ըստ Ախթալայի կոմբինատի ներկայացուցիչների հրապարակային պարզաբանման՝ նոր պոչամբարը կառուցելուց հետո, հինը, որն ավելի մոտ է գտնվում Մեծ Այրում համայնքին, պետք է փակվի:

Քննարկմանը ներկա գտնվող Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ ասում է, որ գործող պոչամբարը կառուցված է անվտանգության և բնապահպանական բազմաթիվ խախտումներով:

«Չի գործում ջրի շրջանառու համակարգը:  Բոլոր պոչանքները լցվում են Նահատակ պոչամբարի մեջ, այնուհետեև նույն ընթացքով հոսում են Դեբեդ գետը: Բնականաբար դրանից ներքև գտնվող համայնքները օգտագործում են այդ  ջուրը ոռոգման նպատակներով:Այդտեղ երեխաները խաղում են, մարդիկ այդ հողերի վրա աճեցնում են տարբեր գյուղատնտեսական մթերքներ: Եվ ծանր մետաղներից կազմված այդ պոչանքները աղտոտում են ջուրը, որով էլ մարդիկ ոռոգում են իրենց տարածքները»,-ասում է Գալստյանը:

Նա նշում է, որ Հայաստանի պատկան մարմինները ուսումնասիրություններ չեն կատարել Հայաստանի պոչամբարներում անվտանգության և բնապահապանական տեսանկյունից:

Ըստ բնապահպանների՝ հորդառատ անձրևների, կամ լուրջ տեխնիկական վթարների դեպքում պոչամբարները լուրջ վտանգի կենթարկեն շրջակա միջավայրը, քանի որ անվտանգության նորմերը պահպանված չեն:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ դեռ 2002-ին Ախթալայի կոմբինատի  Նահատակ պոչամբարում կար մոտ 2,5 մլն տոննա պոչանք:

«Ուրեմն 12 գյուղ կա, որոնք  2,5-ից մինչև  8 կմ հեռավորության վրա են գտնվում պոչամբարից, որը շատ մոտ տարածք է: Պոչամբարներից հեռավորությունը պետք է լինի 20-30 կմ: Մեծ Այրում գյուղը ընկնելու է օղակի մեջ: Ախթալայի գործող պոչամաբարը ուղիղ գծով 5 կմ հեռավարության վրա է գտնվում համայնքից: Եթե ադյունաբերական թափոնը լցնում են հողի վրա պետք է հարկ վճարեն դրա համար, իսկ այսօր հանքարդյունաբերությունը օրենքով ազատված է այդ հարկերից: Այսօր Հայաստանը դարձրել են հանքերի մի օվկիանոս»,-ասում է Սանասարյանը:

Նա նշում է, որ պոչանքները պարունակում են ծանր մետաղներ՝ պղինձ, ցինկ, կապար երկար բիսմուտ, գալիում և այլն: Այս թունավոր մետաղներով ու նյութերով հագեցած պոչանքները համայնքի բնակիչների մոտ կարող են առաջացնել տարբեր տեսակի առողջական խնդիրներ:

«Հոգեճնշվածություն, անքնություն, հիշողության և լսողության վատացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի, երիկամների ֆունկցիաների խանգարումներ, ֆերմետների ակտիվության խախտում: Կարող է առաջացնել նաև շնչառական ուղիների հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, սրտանոթային և աղեստամոքսային հիվանդություններ, ինչպես նաև քնատություն»,-ընդգծում է Սանասարյանը:

Նշենք, որ Ախթալայի գործող պոչամբարի համար Ախթալայի կոմբինատը տարեկան Մեծ Այրում  համայնքին վճարել է  40 հազար դրամ, ինչը  ըստ բնապահպանների, հասցված վասների դիմաց անհամարժեք է: Դուլգարյանը հավելում է, որ նոր կառուցվելիք պոչամբարը տարածքով ավելի մեծ է լինելու և վնասակարության տեսանկյունից ավելի մեծ աշխարհագրական տարածք է ընդգրկելու:

«Ամբողջը գյուղատնտեսական նշանակության հողեր են և արոտավայրեր: Տեղական իշխանությունները ասում են, որ դրանք լավ հողեր չեն, բայց  այսօր Ճոճկանի և Այրումի համայնքները արոտավայրերի խնդիր ունեն: Եթե այդ պոչամբարը կառուցվի, հայտնի չէ, թե  որպես փոխհատուցում համայնքը ինչ փոխհատուցում է ստանալու իր առողջպահական և բնապահապանական խնդիրները լուծելու համար, ոչինչ չի ասվում»,-հավելում է Դուլգարյանը:

Նա ընդգծում է՝ Ճոճկան գյուղում դեռևս հանրային քննարկումներ չեն անցկացվել, իսկ Մեծ Այրումի գյուղապետարանում փետրվարի 26-ին ավագանու նիստ է լինելու  պոչամբարի կառուցման հարցի շուրջ:

«Համայնքի բնակիչները իրենց պատրաստկամությունն են հայտնել մինչև վերջ պայքարելու: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և օրենքի սահմաններում մեր պահանջները ներկայցնելու ենք մինչև վերջ»,-նշեց Դուլգարյանը:

Քննարկման վերջում բնապահպանները նշեցին նաև, որ Հայաստանում այսօր կա 450 շահագործվող հանք, որից  23-ը մետաղական են, իսկ 80-ի շահագործման համար  տրված է ուսումնասիրություն անցկացնելու իրավունք:

 «Հայաստանում այսօր կա 21-ից ավել պոչամբար և Բնապահպանության նախարարությունը չունի ոչ մի հստակ տեղեկատվություն պոչամբարների ծավալների, նրանցում պարունակվող նյութերի և ծանր մետաղների վերաբերյալ: Կամ էլ ունի, հանրությանը չի ներկայացնում: Իսկ դա նշանակում է խախտել մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,-հավելում է Գալստյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ