«Իրավապահները սկսել են գործել ավելի կոպիտ և ծայրահեղ միջոցներով»
16.02.2015
11:00
Իրավապաշտպանները մեծ հույսեր չեն կապում ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությունից փետրվարի 11-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Բռնություն կիրառողները և հրաման տվողները նույն մարդիկ են: Ընդհանրապես իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնության դեպքերը 2013 թ.-ից կտրուկ աճ են գրանցել», - հայտարարեցին իրավապաշտպանները «Մեդիա կենտրոնում» փետրվարի 16-ին «Իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով կայացած քննարկման ժամանակ: 

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը, խաղաղ պայմաններոմ զոհված զինծառայողի մայրեր Անահիտ Մկրտչյանը և Գոհար Սարգսյանը:

Քննարկման ժամանակ մասնավորապես անդրադարձ կատարվեց փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողների և իրավապահների միջև տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները բռնի ուժով նախագահական նստավայրի առջևից հեռացրեցին բանակում որդի կորցրած սևազգեստ կանանց՝ նրանց թևերն ընկած քարշ տալով մյուս ճամփեզր։

Այդ օրը Նախագահի նստավայրի դիմաց որդեկորույս ծնողները հանդիպում էին պահանջում երկրի ղեկավարի հետ: Նրանք 2014 թ. նոյեմբեր ամսին նամակ էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ընդունի և լսի իրենց: Անցել է 3 ամիս, բայց որևէ պատասխան չեն ստացել: «Հենց այդ պատճառով մենք եկել էինք Նախագահի նստավայր, որպեսզի հանդիպենք երկրի ղեկավարի հետ, և նա լսի մեզ: Սակայն մեզանից պահանջեցին հեռանալ, տեղափոխվել դիմացի մայթ», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Անահիտ Մկրտչյանը:

Այնուհետև ոստիկանության աշխատակիցները, շարունակում է պատմել Գոհար Սարգսյանը, կազմեցին շղթա և սկսեցին «մեզ՝ ակցիայի մասնակիցներիս, բռնի ուժով քարշ տալ մի մայթից մյուսը: Ես այդ ժամանակ զանգահարեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի գան այնտեղից ներկայացուցիչներ և տեղում պարզեն, թե ինչ է կատարվում: Այնուհետև երկու ոստիկան, երևի հրաման էին ստացել, հարձակվեցին ինձ վրա, բռնեցին ձեռքերիցս և հրեցին մյուս մայթ: Անգամ թույլ չտվեցին, որ ես ինքս գնամ… Աչքերս բացել եմ, արդեն մյուս մայթում եմ եղել: Ծնողներից Իրինա Ղազարյանն է ինձ ուշքի բերել», - պատմեց Գոհար Սարգսյանը:

Գոհար Սարգսյանի պնդմամբ՝ զոհված զինծառայողների մայրերը եղել են Հայաստանի բոլոր պատկան մարմիններում: «Վերջինը եղել ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: Նա ասաց, որ սա այն հարցն է, որ պետք է գլխավոր գերագույն հրամանատարը լուծի: Իսկ նախագահը մեզ հինգ տարի առաջ խոստացավ, որ մեր երեխաների գործերը կբացահայտվեն, բայց հինգ տարի է անցել, ու ոչինչ չի արվել», - հավելեց նա:

Անահիտ Մկրտչյանը և Գոհար Սարգսյանը պնդում են, որ իրենց որդիների մահվան պատճառները բացահայտված չեն, և մեղավորները պատժված չեն: Մայրերը պնդում են, որ որդիներին սպանել են: «Իսկ նախագահականի մոտ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն ուզում բացահայտել մեր որդիների մահվան պատճառները և իրական մեղավորներին», - հայտարարեցին նրանք:  

Միջադեպից հետո ծնողները գնացել են ոստիկանություն, որտեղ նրանց «ընդունել է ոստիկանության վարչության աշխատակազմի ղեկավարը»: «Նա մեզ ընդունեց ու խոսեց շատ կոպիտ՝ ասելով, որ ճիշտ են վարվել ոստիկանները, իրավունք ունեին «դուբինկեքով» էլ ծեծել», - ասաց Գոհար Սարգսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն իր գործողություններն արդարացնում է նրանով, որ անմիջապես Նախագահի նստավայրի մոտ չի կարելի անցկացնել ակցիա: «Այդ ինչպես ստացվեց, որ մի քանի ամիս առաջ նույն տեղում կարելի էր անցկացնել բողոքի ցույց, իսկ հիմա ոստիկանները հիշեցին սահմանափակումների մասին և կիրառեցին բռնություն», - տարակուսեց նա:  

Իրավապաշտպանները ոստիկանության գործողությունները որակում են բռնության կիրառում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ՝ հավելելով, որ իրավապահներն արդեն ամիսներ շարունակ սկսել են ավելի կոպիտ միջոցներ կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Արդեն ամիսներ շարունակ ոստիկանությունն ավելի կոպիտ, ավելի ծայրահեղական միջոցներ է կիրառում ցանկացած ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունն ունի մեկ հստակ գործելակերպ՝ բոլոր միջոցներով խափանել ակցիան և ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ փետրվարի 11-ին բռնութուն կիրառած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ որևէ ոստիկան միջադեպի պատճառով կենթարկվի պատասխանատվության: «Այդ ոստիկանները սեփական հայեցողությամբ չեն կիրառում բռնություն: Նրանք հրաման են կատարում: Հրաման տվողը և բռնություն կիրառողը նույն մարդն է: Սա ուղղակի ողբերգություն է, կրկնակի ողբերգություն: Այս սևազգեստ կանանց ոչ միայն չեն վշտակցում, ոչ միայն նրանց նամակներին չեն պատասխանում, այլև նման կոպիտ վերաբերմունքի են արժանացնում: Սա մեր հասարակության ամոթն է», - հայտարարեց Իշխանյանը:  

Նրա կարծիքով՝ 2013 թ-ից հետո ոստիկանության կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքերը կտրուկ աճ են գրանցել:

«2013 թվականից սկսվեցին ոստիկանության կողմից ոչ համաչափ և ոչ իրավաչափ գործողությունները խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ: Գործողությունները հաճախ առանց հիմանվորման էին իրականացվում, կամ հիմնավորումը հետևյալն էր՝ չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, ինչը շատ առաձգական հայտարարություն է: 2013 թվականին բազմաթիվ մարդկանց բերման են ենթարկում և վարույթներ իրականացնում: Դրա գագաթնակետը եղավ, երբ նախանցյալ տարի Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ հարյուրից ավելի մարդկանց ուղղակի առանց որևէ պատճառի բռնեցին, տարան ոստիկանություն: Այդ միտումը շարունակվեց նաև անցյալ տարի, իսկ այս տարի հունվարի 15-ին ոստիկանության աշխատակիցները մարդկանց առևանգում էին արդեն Օպերայի հրապարակից», - հայտարարեց Իշխանյանը:

Առաջիկայում, ըստ Իշխանյանի, իրավիճակը ոստիկանության գործողությունների հետ կապված խաղաղ հավաքների ժամանակ էլ ավելի կարող է սրվել՝ պայմանավորված ներքաղաքական դրության լարմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» և իշխող Հանրապետական կուսակցություն հակամարտության ենթատեքստում:

«Սա աննախադեպ երևույթ է Հայաստանի համար: Իրավիճակը շատ լարված է, ես շատ անհանգիստ եմ: Եթե սովորական խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանությունը իրեն պահում է օրենքից դուրս, ապա հիմա ինչպե՞ս է վարվելու: Եթե ընդդիմությունը իր ասածներով շարժվի, ես վախենամ, որ մենք ունենանք, ոչ միայն բռնություններ, հավաքների անցկացման արգելում, այլ նաև՝ քաղբանտարկյալներ», - ամփոփեց նա:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ