«Մարդու իրավունքների պաշտպանությունը Ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014-ի գնահատականը»
15.01.2015
12:30
Անցած տարվա ընթացքում Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում հիմնախնդիրները գրեթե մնացել են նույնը. վերջին հինգ տարիների ընթացքում դիտորդները կտրուկ բարելավում չեն նկատել:

ՀՀ ամբողջ տարածքում՝ Ոստիկանության շուրջ 32 ձերբակալված անձանց պահելու վայրերում, վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել է մարդու իրավունքների խախտման դեպքեր մարմնական վնաս հասցնելու, խոշտանգումների և քննչական գործողությունների վերաբերյալ:

«Հիմնախնդիրները մնացել են նույնը: Մարդը տեղափոխվում է ՁՊՎ մարմնական վնասվածքներով, տանում են քննչական գործողությունների, հետ են բերում ավելացած մարմնական վնասվածքներով,  բայց գործը քննում է նույն քննիչը, որը կարող է մարմնական վնասվածքներ հասցրած լինել նրան: Սա անթույլատրելի է, քանի որ քննությունը պետք է իրականացնի անկախ մարմին: Օրենքում պետք է փոփոխություն կատարվի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը ասաց Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սուրեն Իսկանդարյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արթուր Հարությունյանն էլ ընդգծեց, որ իրենց դիտորդական խմբի համար 2014 թվականը սկսվել է խոչընդոտներով ոստիկանության աշխատողների կողմից: Դիտորդական խմբին հնարավորություն չեն տալիս ծանոթանալու ձերբակալվածների անձնական գործերին:

«Կա մեկ այլ խնդիր, որ մարմնական վնասվածքների արձանագրումը գրանցամատյաններում չի կատարվում պատշաճ ձևով»,-ասում է Հարությունյանը:

Ըստ դիտորդական խմբի կատարած հետազոտության արդյունքների՝ Երևանում և ՀՀ 10 մարզերում ձերբակալված անձանց պահման վայրերում մարմնական վնասվածքների դեպքերի թիվը տոկոսային հարաբերկացությամբ գրեթե նույնն է: Օրինակ՝ մարմնական վնասվածքները վերին և ստորին վերջույթների հատվածներում Երևանում կազմել է 61 տոկոս, իսկ մարզերում՝ 60 տոկոս: 

Քննարկման մասնակից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանը, անդրադառնալով 2014-ի փետրվարին իր և ոստիկանների միջև  տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ ցանկացած քաղաքացի, մուտք գործելով ոստիկանության կենտրոնի բաժին, բախվում է այն փաստի հետ, որ ինքը զրկված է որևէ իրավունքից:

«Ես որպես լրագրող գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությունները, սակայն իմ նկատմամբ ես տեսնում եմ և արձանագրում եմ ոստիկանների ապօրինի գործողություններ: Եթե մենք փորձենք խոսել հասարակ քաղաքացիների մասին, ապա այդ դեպքերը մնում են չբացահայտված, քանի որ քաղաքացիներից շատերը  չեն հասկանում, թե այդ պահին իրենց ինչ իրավունքներից են զրկում:  Բարձրաձայնվում են այն միջադեպերը, որոնց դեպքում քաղաքացին կարողանում է հաղթահարել այդ ներքին ճնշումն ու խոսել, մինչդեռ կան հազարավոր դեպքեր, որոնց մասին քաղաքացիները չեն էլ հանդգնում խոսել»,-ասաց Անի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ իր լրագրողական գործունեությունը իրականացնելիս Անի Գևորգյանի և ոստիկանների միջև տեղի էր ունեցել քաշքշոց: Ոստիկանները խոչընդոտել էին նրա լրագրողական գործունեությանը՝ փորձելով խլել նրա ձեռքից տեսախցիկը: Այնուհետեև տեղափոխել էին ոստիկանության բաժին, որտեղ կենտրոնի ոստիկանության պետը հարվածել էր Անի Գեւորգյանին, վերցրել հեռախոսը, իսկ ևս 3 ոստիկաններ վերցրել էին նրա տեսախցիկն ու հանել հիշողության քարտը:

Անդրադառնալով Անի Գևորգյանի դեպքին և ընդհանրապես ՁՊՎ-ներում մարդկանց իրավունքների խախտմանը՝ ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանն ասաց, որ բոլոր խախտումները, որոնք թույլ են տվել ոստիկանության ծառայողները, ներկայացվել են նախաքննական մարմնին, և դրանց գնահատականը պետք է տա հենց հատուկ քննչական ծառայությունը: 

«Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքների դեպքերին, ասեմ, որ այսօր մենք ունենք տարբեր նախաքննական մարմիններ և այդ բոլոր իրազեկումները տրվում են վարույթն իրականացնող այն մարմնին, որը տվյալ նախաքննությունը իրականացնում է: Այստեղ խոչընդոտելու, թաքցնելու միտում չկա: Շահադիտական նկատառումներ չեմ տեսնում, որ պետք է ստեղծվի այլ մարմին:
Մենք շատ խստապահանջ ենք , որպեսզի բոլոր իրազեկումները գրանցեն»,-ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով անձնական գործերի տրամադրման խոչընդոտներին, ինչպես բարձրաձայնել էին դիտորդները, Աբրահամյանը ընգծեց, որ Ոստիկանությունը պահում է օրենքի տառը:

«Եթե Ոստիկանությունը պահում է օրենքի տառը, պահանջը, ու դա դիտվում է խոչընդոտ, ես ուղղակի զարմանում եմ: Ոստիկանության պետի նորմատիվ հրամանով դիտորդական խմբին պետք է տրամադրվի անձնական գործերը միայն ձերբակալվածի համաձայնությամբ»,-ասաց Աբրահամյանը:

Խոսելով ոլորտում դրական տեղաշարժերի մասին՝ Աբրահամյանը ընդգծեց, որ 2014 թ-ին ՁՊՎ-ներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ:

«2014 թ.-ին ոստիկանության ու դիտորդական խմբի համատեղ ջանքերով փակվել է Մասիսի ՁՊՎ-ն ընդունված նորմերին չհամապատասխանելու պատճառով, ինչպես նաև անցկացվել են դասընթացներ անձնակազմի գիտելիքների բարձրացման համար»,-հավելեց Աբրահամյանը:

Հասարակական դիտորդկան խմբի ղեկավար  Հասմիկ Սահակյանն էլ նշեց, որ 2014-ը բեկումնային աշխատանքային տարի էր և այնուամենայնիվ կային դրական տեղաշարժեր,  որոնց թվում է ձերբակալված անձանց պահման վայրերում սննդի համար հատկացված գումարի չափի բարձրացումը:

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած  «Մարդու իրավունքների պաշտպանությունը Ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկմանը մասնկացում էին ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը, Հասարակական դիտորդական խմբի դիտորդներ Սուրեն Իսկանդարյանն ու

Արթուր Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը և«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանը:

 

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ