Քաղհասարակությունը ներկայացնում է իր առաջարկները ԵՄ-ին
07.04.2015
12:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հորդորում են Եվրամիությանը ավելի հստակ և խիստ չափորոշիչներով գնահատել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացրած բարեփոխումները: Եվրամիության ներկայացուցիչը սակայն պնդում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում գնահատման չափանիշները հստակ են: Այդ չափորոշիչները, պնդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, մշակվում են Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների հետ տևական քննարկումների արդյունքում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում» թեմայով քննարկման ժամանակ Անդրեյ Դիդենկոն հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ առաջընթացի զեկույցի, սահմանափակ առաջընթաց է արձանագրվել խորը և կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում։ «Հայաստանում փոքր առաջընթաց է գրանցվել անվճար իրավական օգնության իրավունքի մասով և դատական մարմիններում դատավորների անկախության ուղղությամբ։ Առավել թափանցիկ է դարձել դատավորների նշանակման գործընթացը, սակայն հասարակությունը շարունակում է չվստահել դատական համակարգին», - ասված է զեկույցում:

ԵՄ հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում նաև ներկայացված են մի շարք առաջարկենր, որոնց կատարման շուրջ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր կենտրոնացի առաջիկա տարվա ընթացքում: Դրանք են՝ բարեփոխել ընտրական օրեսնդրությունը, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, իրականացնել և հսկել կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի իրականացումը: Փաստաթաղթում նաև խոսվում է մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերի հետաքննման, օրենքի արդյունավետ կիրառման ապահովման անհրաժեշտության մասին:

Այդ թվում կոչ է արվում ՀՀ իշխանություններին հետաքննել 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ պնդումները:

Այնուամենայնիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ Եվրամիության Հարևանության քաղաքականության իրականացման ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները վկայում են այն մասին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ձևաչափը ֆինանսական միջոցների տրամադրման ընթացքում պետք է ներառի գնահատման ավելի խիստ միջնաժամկետ և երկարաժամկետ չափանիշներ:

Քննարկման մասնակից ԲՀՀ-Հայաստան «Քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ» նախաձեռնության պատասխանատու Մարիամ Մաթևոսյանի կարծիքով Հարևանության քաղաքականության պակաս պարտադրող լինելը հաճախ հանգեցրել է Հայաստանում բարեփոխումների շահարկման: «2007 թ.-ից ի վեր իրականցված զուգահեռ հաշվետվությունները ցույց են տվել մի բան, որ ռեֆորմները բավականին մանիպուլացվել են, և դրա պատճառներից մեկը, հնարավոր է, կապված է քաղաքականության շրջանակի ավելի պակաս պարտադրող լինելու հետ: Ակնկալվող արդյունքը պետք է առավելագույնս հստակ ձևակերպված լինի», - նշեց Մաթևոսյանը:

Նրա պնդմամբ՝ ռեֆորմների շահարկման խնդիրը ցայտուն դրսևորվում է առավել զգայուն ոլորտներում՝ կոռուպցիա, խտրականություն և ընտանեկան բռնության դեմ պայքար: Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, տևական ժամանակ է, մնում է առկախված և չի ընդունվում Ազգային ժողովի կողմից: Ըստ Մարիամ Մաթևոսյանի՝ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը չի դիտարկվում, որպես գերակա նպատակ: «Այստեղ մենք անհամապատասխանություն ենք տեսնում գերակա խնդիր և արդյունք շղթայում: Նույնը կարող ենք տեսնել կոռուպցիայի կամ տղամարդկանց և կանանց իրավահավասարության հետ կապված օրենսդրության կիրառման դեպքերում», - ասաց նա:

Վերոնշյալ ռիսկերը, նշում է Մարիամ Մաթևոսյանը, փոքրացնելու համար ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացում պետք է դրանք հաշվի առնել և ունենալ գնահատման ավելի հստակ չափորոշիչներ:

Քննարկմանը ներկա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանի կարծիքով, ի տարբերություն մյուս ոլորտների, ընտանեկան բռնության կանխարգելման և կանանց ու տղամարդկանց իրավուքնների գնահատման չափանիշները հստակ են: «Ուղղակի պետք է ընդունել օրենք, որը կանխարգելի ընտանեկան բռնությունը, և ընդունել մեխանիզմներ, որոնք կկարգավորեն կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերը: Մինչ օրս այս հարցերը քննակումների փուլից այն կողմ չեն անցնում», - նշեց Նվարդ Մարգարյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների եւ նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանն անդրադարձավ դատական համակարգի անկախության խնդրին: ՀՀ Իշխանությունները հաճախ են հայտարարում, որ արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ զարգացման խնդիրը իր լուծումը կստանա ընթացող սահմանադրական բարեփոխումների արդյունքում, ինչի հետ համամիտ չէ Չիլինգարյանը: «Բազմիցս է խոսվել դատական համակարգի՝ գործադիր իշխանությունից կախվածության մասին: Իրականում, առանց սահամանդրական բարեփոխումների ևս կարելի էր դատավորների անկախության հիմքեր ստեղծել՝ ուղղակի փոփոխություններ կատարելով Դատական օրենսգրքում: Այս առումով չի կարելի քողարկվել սահմանադրական բարփոխումներով», - հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը:

Անդրադառնալով կառավարության կողմից ընդունված մարդու իրավունքների ռազմավարությանը՝ բանախոսը նշեց, որ այդ փաստաթղթում շատ նորմեր և դրույթներ արձանագրվեցին և սահմանվեցին ոչ այնքան հաստակ, որքան հարկավոր էր: Այդ նորմերը, ըստ Անահիտ Չիլինգարյանի, վերաբերում են հատկապես խտրականության վերաբերյալ օրեսնդրության ընդունմանը, ռազմական օմբուդսմանի ինստիտուտի ներդրմանը և մարդու իրավունքների պաշտպաններին: «Օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանների նկատամամբ հալածանքը, իրավունքների խախտումները բազմաթիվ են և համապատասխան քննության չեն ենթարկվում», - հավելեց նա:

Գնահատաման չափորոշիչների մասով նույն խնդիրն է առաջանում, երբ խոսքը գնում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Որպես նշված ոլորտում բարեփոխումների չափորոշիչներ, ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանի, պետք է հաշվի առնվեն «որակական ինդիկատորները և ոչ ֆորմալ ցուցանիշները»: «Բնականաբար, առաջադեմ օրենքների ընդունումը կարևոր է, սակայն մենք խնդիր ունենք իրավակիրառ պրակտիկայի հետ: Այս առումով, քանի որ Հայաստանը, ըստ միջազգային գնահատականների, հանդիսանում է առնվազան կիսաավտորիտար երկիր, շատ կարևոր է իշխանության քաղաքական կամքը», - կարծիք հայտնեց Հոկտանյանը:

Անդրադառնալով հնչեցված կարծիքներին՝ Դիդենկոն կրկնեց, որ ԵՄ գնահատման չափորոշիչները հստակ են, դրանք մշակվում են քննարկումների արդյունքում, իսկ բարեփոխումները իրականացվում են ՀՀ կառավարության հետ համաձայնեցրած ոլորտներում: «Մենք չենք կարող կառավարություն փոխել: Մենք համաձայնեցնում ենք ոլորտները կառավարության հետ: Օրինակ՝ անցած տարի մենք աջակցություն ենք տրամադրել Արդարադատության համակարգում բարեփոխումների համար: Տարեվերջին տեղի ունեցավ (բարեփոխումների ծրագրի) կառավարման խորհրդի նիստ, որում ներկայցված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Գնահատման արդյունքում մենք բացահայտեցին, որ մի շարք պայմաններ չէին բավարարվել: Արդյունքում որոշում կայացվեց չտրամադրել կառավարության այն գումարները, որոնք նախապես հատկացված էին այդ նպատակով», - հիշեցրեց ԵՄ շարտոնյան:

Քննարկման ավարտին Դիդենկոն հավելեց, որ ռեֆորմների իրականացման արդունավետության հարցում շատ բան կախված է նաև քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների և Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումից: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ