12-ամյա կրթությունը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ որակյալ
17.04.2015
10:00
12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության համակարգի ներդրման հիմնական խնդիրն ավագ դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումն ու իրականացումն է: Անհրաժեշտ է իրականացնել մեծ ներդրումներ և կրթական ծրագրերում մասշտաբային փոփոխություններ, որպեսզի համակարգը սկսի աշխատել: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին կրթության ոլորտի պատասխանատուները և փորձագետները:

Վերջերս Ազգային ժողովում բուռն քննարկումներից հետո ընդունվեցին «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունները, որոնք ենթադրում են 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթական համակարգի ներդրում: Համակարգը, ըստ օրենսդրական փոփոխությունների, կսկսի գործել երկու տարուց՝ 2017 թ.-ին:

Ըստ քննարկմանը մասնակից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի՝ գործող 9-ամյա պարտադիր համակարգը բավարար չէ լիարժեք կրթական ցենզ ապահովելու համար, որպեսզի աշակերտները հետագայում կարողանան ստանալ մասնագիտական կրթություն բուհերում:

Պատգամավորի մյուս փաստարկը հօգուտ համակարգի ներդրման այն էր, որ 12-ամյա կրթական գործընթաց կազմակերպելը սահմանադրական պահանջ է: Այնուամենայնիվ, երբ Մուրադյանը հղում կատարեց Սահմանադրությանը, նա գործածեց «կարող է» բառակապակցությունը. «Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր կրթական մակարդակը կարող է բարձրանալ»:

Հատկանշական է, որ Սահմանադության մեջ հատուկ պահանջ բարձրացնելու պարտադիր կրթության շեմը չի նախատեսված: Փաստաթղթի 39-րդ հոդվածում է սևով սպիտակի վրա գրված է բառացիորեն հետևյալը. «Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:  Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ»:

Մուրադյանը համաձայն է, որ գալիք առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ է կրթության համակարգում իրականացնել մի շարք փոփոխություններ՝ վերացնել ծրագրային անհամապատասխանությունները, մշակել նոր ծրագրեր, որպեսզի օրենսդրական փոփոխությունները հնարավոր լինի կյանքի կոչել:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 17-ին կայացավ քննարկում «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյան, ՀՀ Ազգային ժողովի պտգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանը և 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:

Քննարկմանը ներկա ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշեց, որ ողջունում է 12-ամյա կրթության օրենքի ընդունումը, սակայն ունի որոշակի մտահոգություններ: Բանախոսի հիմնական մտահոգությունը վերաբերում է ավագ դպրոցներում կրթական պրոցեսի կազմակերպմանը:

«Այն, որ մինչև 19 տարեկան մեր երիտասարդները լինելու են կրթաության մեջ, դա օգտակար է: Սակայն նաև կարծում եմ, որ 12-ամյա պարտադիր կրթության մասին օրենք ընդունելով՝ իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում: Առաջին և հիմանկան խնդիրը, որ առաջանում է, վերաբերում է ավագ դպրոցներում կրթության պրոցեսի կազմակերպմանը», - հայտարարեց Անահիտ Բախշյանը:

Պարտադիր 12-ամյա կրթությունը չի ընդհատվում, երբ գալիս է դպրոցականների զորակոչման տարիքը: «Այնպես է նախատեսված, որ պարտադիր կրթությունը չընդհատվի: Երեխաները զորակոչվում են բանակ դպրոցն ավարտելուց հետո», - պարզաբանեց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:  

Փորձագետ Սերոբ Խաչատրյանն անընդունելի համարեց 12-ամյա կրթության համակարգում «պարտադիր» բաղադրիչի առկայությունը: «Կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ լինի մոտիվացիա մասնակցելու այդ պորցեսին: Հակառակ դեպքում՝ պարտադիր դարձնելով կրթությունը բոլորի համար և չփոխելով վերջինիս բովանդակաությունը՝ դպրոցները դառնում են աշակերտների ժամանակավոր պահման վայր: Այս պարագայում չի կարելի խոսել կրթության արդյունավետության մասին», - նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 12 տարով կրթության պարտադիր դարձնելը խնդիր է հարուցում հատկապես գյուղական համայնքներում ապրող երեխաների համար:

«Գյուղում ապրող երեխան, տրանսպորտի բացակայության պայմաններում, ինչպե՞ս պետք է մարզկենտրոն գնա՝ ավագ դպրոցում կամ ահրստակցական քոլեջում սովորելու համար», - հարց բարձրացրեց Խաչատրյանը:

Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանը կարևորեց գործող կրթական համակարգի որակի բարելավման հարցը: «Մենք պետք է 12-ամյա կրթությունը ոչ թե պարտադիր դարձնենք, այլ որակյալ», - նշեց Դավթյանը՝ հավելելով, որ 2 տարին բավարար չէ առկա խնդիրները լուծելու համար: «Նախ պետք է հաշվառել դրված նպատակի պահանջարկը հասարակությունում և ըստ այդմ մշակել դրան հասնելու ճանապարհ: Առանց այս ամենի իրականացման հնարավոր չէ սահմանել այն նշաձողը, որին պետք է հասնել», - ասաց փորձագետը:

Քննարկման ավարտին փորձագետ Սերոբ Խաչատրյանը հանդես եկավ երեք առաջարկներով: «12-ամյա պարտադիր կրթության ոլորտում ֆինանսական ներդրում կատարելու փոխարեն, այդ միջոցները կարելի է ուղղել երեք հիմնական նպատակների իրականացման համար: Առաջին, պարտադիր դարձնել նախադպրոցական կրթությունը, որը հանդիսանում է միջնակարգի հիմքը: Մենք ունենք մանկապարտեզներում 30% հաճախելություն:

Երկրորդ, լրացուցիչ միջոցներ հատկացնել դպրոցներին, որպեսզի ուսուցիչներն արտաժամյա աշխատեն այն աշակերտների հետ, որոնք առաջադիմության հարցում հետ են մնում մյուսներից: Երրորդ, աջակցել այն աշակերտներին, որոնք ընդունակ են, ունեն բարձր առաջադիմություն, բայց սոցիալական բարդ պայմաններից դրդված, բուհում սովորելու հնարավորություն չունեն» ,- թվարկեց նա:   

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ