Սահմանադրական բարեփոխումները կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ
31.03.2015
12:00
Սահմանադրական բարեփոխումները կատարվում են իշխանության վերարտադրության համար, ինչը վտանգավոր երևույթ է: Խորհրդարանական համակարգի պայմաններում, որն առաջարկվում է սահամանադրական բարեփոխումներով, իշխող կուսակցության առաջնորդը կարող է ձգտել «հավերժացնել իր իշխանությունը»: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին ՀՀ նախագահ Սերժ  Սարգասյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց երկրի մայր օրենքի բարեփոխման գործընթացի երկրորդ փուլի սկզիբը: Նա քաղաքական հավանություն տվեց սահամանադրական բարեփոխումների հայեցակարգին, որում առաջարկվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին: Նա հանձնարարեց կոնսուլտացիաներ իրականացնել քաղաքական ուժերի հետ՝ բարեփոխումների վերջնական նախագիծը մշակելու համար:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված քննարկաման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծ մասը դեմ արտահայտվեց «մայր օրենքի» բարեփոխումների իրականացման գաղափարին՝ խորհրդարանական համակարգին անցումը համարելով իշխանության վերարտադրության նոր մեխանիզմ:

Այնուամենայնիվ, կարևորվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը: Նշվեց, որ Սահմանադրությունն ամենակարևոր փաստափուղթն է, և այդ առումով քննարկումներին չմասնակցելը՝ ասելով՝ միևնույն է իշխանությունը վերարտադրվելու է, նշանակում է խոստովանել սեփական անզորության մասին:

«Մեդիա կենտրոնում» կայացած «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկման բանախոսներն էին  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը, Իրավունքի պաշտպան առանց սահմանների ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները վտանգավոր են երկու ասպեկտով: «Փոփոխությունները միտված են գործող իշխանության վերարտադրությանը, ինչը վտանգավոր երևույթ է և կարող է ուժեղացնել ավտորիտարիզմի միտումները Հայաստանի քաղաքական համակարգում: Բացի այդ մտահոգություններ կան այն առումով, որ չեն լուծված անվտանգության խնդիրները, ինչի մասին իր ելույթում նշել էր նաև Սերժ Սարգսյանը», - նշեց Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ «Չեք անցկացնի» նախաձեռնությունն արդեն սկսել է քննարկումներ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերի և հասարակական կառույցների հետ՝ համատեղ պայքարի ֆորմատներ ձևավորելու վերաբերյալ:

Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը ընդհանրապես անտեղին է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե Սահամանադրությունն է, այլ իրական փոփոխությունների գնալու իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: «Չեմ կարծում, որ Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է փոխել Սահմանադրությունը: Սահմանադրությունը չի մեղավոր, որ այսօր Հայաստանում առկա է այս իրավիճակը կրիմինալի, ընտրությունների և քաղաքական համակարգի առումով», - նշեց Հարությունյանը:

Հայաստանում ստեղծված իրավիճակի «մեղավորը», ըստ բանախոսի, ոչ թե սահամանադրությունն է, այլ իշխանական վերնախավի դաստիարակությունն ու աշխարհընկալումը: Ելնելով վերոնշյալից և խոսելով այն իրողության մասին, որ Հայաստանում իշխանությունը ցանկացած պարագայում ի զորու է վերարտադրվել, իրավապաշտպանը գալիս է եզրակացության. «Տվե՛ք Հայաստանի իշխանությանն ամենակատարյալ, լավ Սահմանադրությունը, մենք կունենանք այն երկիրը, որը հիմա ունենք»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը կիսեց այն կարծիքը, որ իշխանությունը կարող է վերարտադրվել, սակայն նրա մոտեցմամբ խոսքը գնում է ոչ թե համակարգի, այլ անձի վերարտադրության մասին: Անցումը խարհրդարանական կառավարման մոդելին լուծելու է այդ խնդիրը, նշում է Դանիելյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը կարող է խույս տալ խորհրդարանական համակարգից:

«Խնդիրը Սերժ Սարգսյանի անձնական վերարտադրության հարցն է: Նա լուրջ խնդրի առաջ է կանգնած ու դեռ չգիտի, թե ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը: Եթե անցում կատարեն խորհրդարանական համակարգին, ապա անձի իշխանությունը խնդիրներ կունենա Հայաստանում: Ուստի նա խույս կտա խորհրդարանական համակարգից և հիբրիդային մի տարբերակ կառաջարկի: Սարգսյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել այս հարցում», - կարծիք հայտնեց Դանիելյանը՝ միևնույն ժամանակ գործարք առաջարկելով նախագահ Սերժ Սարգսյանին:

«Պատրաստ եմ մասնակցել սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, գնալ քվերակության և կողմ արտահայտվել ցանկացած տարբերակի, բայց մեկ պայմանով, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն և ընտրությունների օրը հրապարակվեն ընտրության մասնակիցների ցուցակներ»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը ընդհակառակը պնդում է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, և քննարկումներին քաղաքացիական հասարակության կառույցները պետք է ակտիվ մասնակցեն: «Այս համակարգը, որ գործում է, շատ իմաստներով խոչընդոտում է պետության զարգացմանը, քանի որ նախագահն ունի ազդեցության լծակներ բոլոր օղակների վրա», - նշում է Կիրակոսյանը: Նրա կարծիքով, միայն ակտիվ մասնակցությունից հետո քաղաքացիական հասրակության ներկայացուցիչները պետք է հայտնեն դեմ կամ կողմ կարծիք:

«Անարդյունք են այն քննարկումները, թե բարեփոխումները ուղղված են ռեժիմի վերարտադրությանը: Իշխանությանը հիմա էլ ոչ ինչ չի խանգարում վերարտադրվելու համար: Ուստի պետք է ակտիվ մասնակցել քննարկումներին, հասնել նորմալ փոփոխությունների տարբերակի մշակմանը: Հակառակ պարագայում հրաժարվել գործընթացից՝ ասելով միևնույն է իշխանությունը վերարտադրվելու է, նշանակում է խոստովանել սեփական անզորության մասին», - պարզաբանեց նա:

Սահամանդրական փոփոխությունների հայեցակարգում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող դրական կետեր տեսնում է Իրավունքի պաշտպան առանց սահմանների ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այնուամենայնիվ նրա կարծիքով, փաստաթղթի քաղաքական կողմը ստվերում են դրական փոփոխությունների մասին առաջարկները:

«Այս առումով ակնկալել, որ օրենսդրական փոփոխություների արդյունքում հնարավորություն կընձեռվի քաղաքական այլ կուսակցությունների այնպիսի դրույթներ առաջ քաշել և հավասարակշռել դաշտը, ապա դա միամիտ ակնկալիք է: Մենաշնորհային դիրք ունեցող իշխող կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը սահմանադրական փոփոխություններով», - եզրափակեց Հարությունյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ