Թեժ բանավեճ. սահմանադրական փոփոխություններով ոչինչ չի փոխվի
27.03.2015
17:00
Հայաստանը կարիք ունի խորը սահմանադրական փոփոխությունների, սակայն այն պետք է իրականացվի լայն հասարակա-քաղաքական կոսոլիդացիայի պայմաններում և չկրի իմիտացիոն բնույթ՝ միտված գործող իշխանության վերարտադրությանը: Հակառակ պարագայում սահմանադրական փոփոխություններով ոչինչ չի փոխվի: Այս մասին մարտի 27-ին «Ա1+»-ի հեռուստատաղավարում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Վերջին զարգացումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ» թեմայով բանավեճի ժամանակ հայտարարեցին հասարակական և քաղաքական գործիչները:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին ՀՀ նախագահ Սերժ  Սարգասյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց երկրի մայր օրենքի բարեփոխման գործընթացի երկրորդ փուլի սկզիբը: Նա քաղաքական հավանություն տվեց սահամանադրական բարեփոխումների հայեցակարգին, որում առաջարկվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին: Նա հանձնարարեց կոնսուլտացիաներ իրականացնել քաղաքական ուժերի հետ՝ բարեփոխումների վերջնական նախագիծը մշակելու համար:

Միևնույն ժամանակ նախագահը, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, հայտարարեց, որ դեռ ունի մտահոգություններ կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ: «Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչի՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում», - նշեց Սարգսյանը՝ չբացառելով նաև քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում գործող կիսանախագահական համակարգի բերափոխված տարբերակի վերաբերյալ նախագծի մշակումը: 

Հատկանշական է, որ հրապարակայնորեն սահամանադրական փոփոխությունների գործընթացին դեմ արտահայտվեցին ընդդիմադիր քաղաքական ուժերից «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը» և «Բարգավաճ Հայաստանը»: Նրանք պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները կրում են իմիտացիոն բնույթ, քանի որ այն հանրային պահանջի արդյունք չէ, իսկ երկրի առջև ծառացած տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրները հնարավոր է լուծել նաև գործող Սահմանադրության պարագայում:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այդ մոտեցման հետ համամիտ չէ: Նրա կարծիքով սահամանադրական բարեփոխումների իրականացման որոշումը քաղաքական իշխանությունը կայացրել է երկար կոնսուլտացիաներից հետո: Անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ըստ Սահակյանի, պայմանավորված է ոչ թէ իշխանության վերարտադրության, այլ քաղաքական և կուսակցական համակարգի ամրապնդման դրդապատճառներով:

«Նպատակահարմար է անցնել խորհրդարանական կառավարման ձևին, որպեսզի քաղաքական կուսակցությունների կայացման համար ստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, և նրանք կախված չլինեն առանձին անհատներից», - նշեց բանավեճի մասնակից պատգամավորը՝ պարզաբանելով, որ այժմ խոսքը գնում է հավանության արժանացած հայացակարգի հիման վրա սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման մասին: «Պետք չէ այլ ենթատեքստեր փնտրել», - հավելեց բանախոսը:     

Հեռուստատաղավարում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած բանավեճին մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը և APR Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, նշում է Արծվիկ Մինասյանը, դեմ է կառավարման նախագահական և կիսանախագահական մոդելներին: «Կյանքը ցույց է տվել, որ այդ համակարգերը չեն ապահովում կայուն զարգացում և ժողովրդավարական աժքերների պաշտպանություն: Ունենք միջազգային փորձի միայն երկու հաջողված նախագահական և կիսանախագահական մոդելի տարբերակ՝ ԱՄՆ և Ֆրանսիա: Սակայն երկու մոդելն էլ համատեղելի չեն Հայաստանի իրականության հետ», - նշում է պատգամավորը: Դաշնակցությունը, բանախոսի պնդմամբ, դեմ կլինի ցանկացած սահմանադրական փոփոխությունների այլ տարբերակի, եթե չընտրվի կառավարման խորհդարանական համակարգը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով անկախացումից ի վեր սահմանադրական փոփոխությունները Հայաստանում իրակականցվել են ոչ թե հանրային պահանջի բավարարման, այլ իշխանության քաղաքական ծրագրերի իրականացման համար: «Հիմա էլ կատարվում է նույն բանը: Սերժ Սարգսյանը ցանկանում է այդ փոփոխությունների միջոցով հաջորդ իշխանությունը իր համար անվտանգ դաձնել կամ շարունակել իշխել արդեն խորհրդարանի ղեկավարի կարգավիճակում», - նշում է Մարտիրոսյանը:

Նրա պնդմամբ, Հայատանում ոչ թէ իմիտացիոն գործընթացների, այլ խորը սահամանադրական փոփոխությունների իրականացման կարիք է զգացվում: Մարտիրոսյանի խոսքերով «Ժառանգությունը» պատրաստ կլինի բովանդակային քննարկման սահամանդրական բարեփոխումների շուրջ, եթե ընդունվեն կուսակցության երեք առաջարկները (չի նշում առաջարկների բովանդակության մասին), որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ գործող Սահամանադրությունը փակուղի տանող փաստաթուղթ է, քանի որ բոլոր լծակները կենտրոնացված են նախագահի ձեռքում: «Այս պայմաններում խոսել իրավական պետության, դատական համակարգի և տեղական ինքնակառավարման անխախության մասին անիմաստ է: Ընդհանրապես սահմանդրական փոփոխությունների պահանջը պետք է գա հասարակությունից, հանրային ինստիտուտներից, ինչպես տեղի է ունեցել Եվրոպայում: Դրա համար էլ այնտեղ հիմնականում անցում է կատարվել խորհրդարանական կառավարման մոդելին», - նշում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ Հայաստանում այդ պահանջ հանրային շերտերի մոտ բացակայում է, քանի որ գերիշխում է «հպատակի մտածելակերպը»:

Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում Ավետիք Իշխանյանը կասկածներ ունի իշխանության ձեռնարկած սահամանդրական փոփոխությունների նպատակների վերաբերյալ: «Ես այդպիսի դեպք չգիտեմ, որ իշխանությունը հոժարակամ գնացել է սեփական լիազորությունների սահմանափակման ճանապարով: Հնարավոր է՝ խնդիրն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը չի ուզում դառնալ երիտասարդ թոշակառու և ձգտում է պահել իշխանությունը: Դրա համար մինչև փոփոխությունների նախագիծը չտեսնեմ, չեմ կարող վերջնական կարծիք հայտնել», - եզրափակեց նա:

Քաղաքագետ Հովհաննես Գալստյանի կարծիքով լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների իրականացման համար հատկապես նախագահական համակարգերում անհրաժեշտ է լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա: «Եթե հասարակական-քաղաքական պահաջ չկա, ապա այդ փոփոխությունների հեռանկարը ուղղակի հավասարվում է զրոյի: Հայաստանի դեպքում խորհդարանական մոդելի անցման համար բացակայում է քաղաքացիական ռեսրուս և սոցիալական կապիտալ», - նշեց փորձագետը:

Նրա կարծիքով քաղաքացիական ռեսուրսի, ժողովրդավարական ներգրավվող ինստիտուտների, ամուր կուսակցությունների բացակայության պայմաններում  խորհդարանական կառավարման մոդելին անցումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: «Արդյունքում մենք կունենանք այնպիսի երկիր, ինչպիսին են Ֆիլիպինները կամ Մալազիան: Այն է՝ կձևավորվի ավտորիտար համակարգ, երբ մի կուսակցությունը վերցնում է իշխանությունը և անընդատ ընտրական մանիպուլյացինաերի միջոցով պահում այն», - ամփոփեց Գալստյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ