«Հայաստանը կարձագանքի իր միջազգային պարտավորությունների ստանձմանը մինչև 2015-ի հունիսը»
11.02.2015
12:00
Այս տարի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին ուղղված 179 հանձնարարականներին հայկական կառավարական պատվիրակությունը պետք է արձագանքի մինչև 2015-ի հունիս ամիսը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պարզաբանեցին, որ Հայաստանը Ժնևում անցկացվելիք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին տեղեկություն կտա այդ հանձնարարականները իրագործել պարտավորվելու, կամ դրանք՝ ի գիտություն ընդունելու վերաբերյալ:

«Մարդու իրավունքների կազմակերպությունները անկաշկանդ կերպով կարող են լոբբինգային ազդեցություն գործադրել կառավարության վրա, որպեսզի իրենց կողմից անհրաժեշտ համարվող հանձնարարականները ոչ թե ի գիտություն ընդունվեն, այլ կառավարությունը պարտավորվի դրանք իրագործել»,-Մեդիա կենտրոնի քննարկմանը կարծիք հայտնեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն:

Նշենք, որ Մարդու իրավունքների իրավիճակը 4,5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Այս տարի հունվարի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի  21-րդ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցը: Դրան զուգահեռ Հայաստանի շուրջ 26 ՀԿ-ներ ներկայացրել էին իրենց այլընտրանքային զեկույցները մարդու իրավունքների ոլորտում առկա խախտումների, խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի անդամ երկրները, ուսումնասիրելով Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության զեկույցները, տվել էին իրենց հանձնարարականները մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանը կտրականապես մերժել է միայն Ադրբեջանի ներկայացրած տասը հանձնարարականները:

«Մեդիա կենտրոնի» քննարկմանը ներկա  Հյուման Ռայթս  Հաուս հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին ասաց, որՀայաստանը նախ և առաջ պետք է ապահովի, որ խտրականության հայաստանյան սահմանման մեջ ընդգրկվեն Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով նախատեսված խտրականությնա բոլոր ձևերը՝ ռասսա, մաշկի գույն, կրոն, սեռ, սեռական կողմնորոշում և այլն:

«Բացի այդ Հայաստանը պետք է ընդունի ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրություն: Հայաստանը պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն, hատուկ օրենք ընդունի գենդերային հավասարության մասին,  պետք է զինված ուժերում բացառի արտականոնադրական հարաբերությունները, ճնշումները, ոտնձգությունները, ինչպես նաև ապահովի  զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահվան դեպքերի բողոքների բաց և ազատ քննություն»,-նշեց Ինոչենտին:

Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության առաջնային դերակատարումն էլ պետք է լինի մշտադիտարկումը Հայաստանի կողմից այս պարտավորությունների կատարման ընթացքը:

Քննարկման մասնակից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՄԱԿ-ի ՀՊԴ-ի Հայաստանի ազգային զեկույցի քննարկման ժամանակ մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր կարևոր խնդիրները ներկայացվել են:

«Ցավոք, ՀՀ իշխանությունները բավարար կամք չեն դրսևորում  այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանին ուղղված այս հանձնարարականները պարտավարություն են առաջին հերթին ոչ թե միջազգային կառույցների առջև, այլ  հենց ՀՀ քաղաքացու առջև»,-նշեց Սաքունցը:

Քննարկմանը ներկաՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ընդգծեց, որՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումը Հայաստանի և հայ իրավապաշտպանների համար մարդու իրավունքների ոլորտում հաջողությունների հասնելու հարցում լավ հնարավորություն է:

«Սակայն մտահոգիչ է, որ խաղաղ հավաքների և երթերի անցկացման մասին դրույթը ՀՀ-ի նոր հանձնարարականներում չկան: Դա մտահոգիչ է, քանի որ Հայաստանում, չնայած կա համապատասխան օրենք, բայց խաղաղ հավաքների մասով ոչ թե օրենքն է գործում, այլ քաղաքական կամքը, բացասական իմաստով»,-ասաց Իշխանյանը՝ հավելով, որ խոշտանգումների կանխարգելումն ու անկախ դատական համակարգ ունենալը նույնպես շարունակում եմ մնալ չլուծված խնդիրների ցանկում:

Նշենք, որ Հայաստանը աշխարհի այն 168 պետություններից է, որը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:

2012-ին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերով Հայաստանի համար հաստատվել էր 25 հանձնարարական, որից երեքը համարվել էին առաջնահերթ:

2014-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ  Հայաստանը չի կատարել այդ երեք հանձնառությունները՝  2008- ի մարտի դեպքերին իրավապահ միամինների կողմից չափազանց մեծ ուժի կիրառման պատժելիությունը, խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմի ստեղծումը և դատական համակարգի անկախությունը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը, որ աջակցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պատրաստելու ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ զեկույցը, շարունակում իրականացնել իր մշտադիտարկումը նաև ներկայիս գործընթացների վերաբերյալ:

«Հունվարի 22-ին ՄԱԿ ՀՊԴ-ում Հայաստանի ազգային զեկույցի քննարկման ժամանակ պետությունների կողմից տրված հանձնարարականները համահունչ էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգություններին: Այդ հանձնարարականները ընդունելուց բացի, պետք է լուրջ աշխատանք կատարել դրանց իրականացման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ջատագովը լինի այդ հանձնարականների կատարման: Կան եղանակներ և միջոցներ դրանք կատարելու, և չկա ժամանակ դրանք այլևս չկատարելու: Քաղաքացիական հասարկության հմտությունների և կարողությունների զարգացումն է, որ մեր կազմակեևպությունը փորձում է անել»,-ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նա հավելեց, որ այժմ  անցկացվում է լայնածավալ ուսուցողական ծրագիր ՀԿ-ների  համար, որպեսզի մինչև վերջնաժամկետը ներկայացվի լայնածավալ և ավելի մեծ ներուժով մոնիտորինգ:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված խնդիրները և հասարակության մոտ առաջացած վստահության պակասը, թե պետությունը կիրագործի այս հանձնառությունները, այնքան է խորացել, որ սա, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, կարող է լինել հաջորդ կարևոր մարտահրավերը իշխանության համար, քանի դեռ Հայաստանը կյանքի չկոչի այդ պարտավորությունները:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ