Իրան-«վեցնյակ» համաձայնություն. նոր հնարավորություններ Հայաստանի համար
11.04.2015
12:00
Վերջերս կայացած Իրան-«վեցնյակ» համաձայնության շրջանակում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Թեհրանի մեկուսացման ավարտը նշանակում է Իրանի տնտեսության ակտիվացում, ինչի արդյունքում կարող են կյանքի կոչվել հայ-իրանական մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի, նավթամուղի կամ երկաթուղու կառուցումը: Այս մասին ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Իրան-«վեցնյակ» համաձայնություն. նոր հնարավորություններ և հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը հայտարարեցին փորձագետները:

Ապրիլի 2-ին Լոզանում տևական բանակցությունների արդյունքում «վեցնյակը» և Իրանը հասան փոխզիջման Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Արդյունքում Թեհրանը համաձայնել է կրճատել իր միջուկային հզորությունները, հրաժարվել միջուկային զենք ունենալու հեռանկարից, իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պարտավորվել են փուլ առ փուլ հանել Իրանի նկատամբ կիրառված պատժամիջոցները: Վերջնական համաձայնագիրը կողմերը պայմանավորվել են կնքել այս տարվա ամռանը: Մասնագետների կարծիքով Իրանի ապամեկուսացումը կարող է լրջորեն փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանն, ըստ մասնագետների, կփորձի վերականգնել իր կորցրած քաղաքական և տնտեսական դիրքերը տարածաշրջանում, սակայն արդյունքները տեսանելի կդառնան ոչ միանգամից:

«Իրանի ապամեկուսացումը դրական ազդեցություն կունենա հատկապես Հայաստանի տնտեսության վրա, սակայն պետք է հասկանալ, որ դրական փոփոխություններն իրենց զգալ կտան ոչ միանգամից: Պատժամիջոցների վերացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ», - հայտարարեց քննարկման մասնակից ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյան: Վերջնական համաձայնությունն, ըստ բանախոսի, այնուհանդերձ կկայանա: Երկու կողմերն էլ, նրա խոսքով, շահագրգիռ են համաձայնության գալու, քանի որ ԱՄՆ-ի և Եվրամիության շահերը համընկում են Իրանի տարած տարածաշրջանային քաղաքականության հետ:

Պատժամիջոցների չեղարկման դրական տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար կլինի զգալի: «Կակտիվանա առևտուրը (այն 2014 թ-ի տվյալներով կրճատվել է մոտ 60 տոկոսով – խմբ.), իսկ մի շարք երկկողմ տնտեսական ծրագրեր, օրինակ՝ Իրան-Հայաստան եկաթութու, նավթամուղի և Մեղրիի ՀԵԿ-ի շինարարությունը, կարող են վերակենդանացվել: Բացի այդ Հայաստանը Իրանի տարածքով ելք կունենա դեպի Պարսից ծոցի իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ», - նշեց իրանագետը՝ հավելելով, որ ելքը դեպի իրանական նավահանգիստ էական նշանակություն կունենա Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի համար:

Այժմ Հայաստանը փաստացիորեն կտրված է  իրանական նավահանգստից, քանի որ պատժամիջոցների պատճառով խոշոր առևտրային ընկերությունների նավերը չեն մոտենում Բանդար Աբբաս նավահանգիստ: Արդյունքում Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը իրականացվում է Վրաստանի Փոթիի և Բաթումիի նավահանգիտսներով:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները պետք է հանվեն փաթեթային եղանակով՝ միանգամից: «Սա ավելի արդյունավետ է, քանի որ մենք չգիտենք, թե ընթացս ինչ քաղաքական զարգացումներ տեղի կունենան: Այն է՝ եթե ԱՄՆ-ն կարող է միանձնյա որոշում կայացնել և վերացնել պատժամիջոցները, ապա ոչ մեկ երախիք չունի, որ այդպես կվարվի Եվրամիությունը: Եվրամիության մի երկիր, ասենք՝ Լյուքսեմբուրգը, կարող է վետո դնել և գործընթացը կանգնի», - ասաց բանախոսը:

Այս համատեքստում նա հիշեց և արդարացի համարեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հայտարարությունը առ այն, որ Թեհրանը կստորագրի «վեցնյակի» հետ համաձայնեցրած պայմանագիրը, եթե մինչև այդ չեղարկված լինեն բոլոր պատժամիջոցները: Ամեն դեպքում, ըստ նրա, հավանականությունը շատ մեծ է, որ Իրան-«վեցնյակ» պայմանագիրը կյանքի կոչվի: Խոչընդոտներ կարող են Իսրայելի կողմից  կամ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո վարչակազմերի հնարավոր փոփոխություններով պայմանավորված, սակայն, Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, այնուամենայնիվ աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ այդ պայմանագիրը կյանքի կկոչվի: 

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը, սակայն, վերապահումով մոտեցավ Ստեփան Գրիգորյանի պատժամիջոցների միանվագ չեղարկման մասին պնդմանը, հիշեցնելով, որ ի սկզբանե պայմանավորվածությունը եղել է փուլային տարբերակի շուրջ: «Ըստ պայամանավորվածության Իրանը պետք է նվազեցնի ուրանի հարստացումը, որպեսզի փուլ առ փուլ հանվեն պատժամիջոցները», - նշեց բանախոսը՝ պարզաբանելով, որ Իրանի նկատմամբ կիրառված են երկու տեսակի պատժամիջոցներ: Առաջինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կիրառած պատժամիջոցներն են, երկրորդը՝ ԱՄՆ-ի «հորդորով կամ պահանջով» Եվրամիության կողմից հաստատած պատժամիջոցների փաթեթն է:    

Նրա կարծիքով Ռոուհանիի հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրանական կողմը հռետորաբանություն է գործածում, որ պատժամիջոցները միանվագ հանվեն: «Այդ մասին հայտարարություն է արել ոչ միայն Իրանի նախագահը, այլև հոգևոր առաջնորդը», - հիշեցրեց նա՝ հավելելով, որ Թեհրանի հռետորաբանությունը կարող է կապված լինել նաև տարածաշրջանային զարգացումների հետ: «Օրինակ՝ Եմենի խնդիրը, որտեղ շիաների (ում աջակցում է Իրանը- խմբ.) նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարվում: Հնարավոր է Թեհրանի հռետորաբանությունը այստեղ սակարկության համար է բանեցվում», - կարծիք հայտնեց փորձագետը:

Անդրադառնալով Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններին՝ Գոհար Իսկանդարյանը խոսեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին: Առաջին ծրագիրը, որ համատեղ կարող է իրականացվել՝ Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունն է: Իրան-Հայաստան երկաթագծի կառուցման հեռանկարը փորձագետը համարում է մշուշոտ, քանի որ այն պահանջում է ահռելի միջոցների ներդրում կասկածելի տնտեսական նպատակահարմարության պայմաններում: «Ամեն դեպքում Հայաստանը շահած դուրս կգա Իրանի ապամեկուսացումից», - համոզմունք հայտնեց փորձագետը:

Այնուամենայնիվ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կարող է մարտահրավեր լինել Հայաստանի համար: Հայ-իրանական հարաբերությունները պատջամիջոցներով մեկուսացված և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ փափագող Իրանի պարագայում մի նշանակություն ունեն, իսկ շրջափակումից դուրս գտնվող և նավթի համաշխարհային շուկա վերադարձած Իրանի պարագայում՝ մեկ այլ: «Շրջափակումից դուրս եկած Իրանն ինչ-որ առումով երկրորդական դերակատարություն կարող է հատկացնել Հայաստանի հետ ունեցած հարաբերությոններին, քանի որ օրինակ Հայաստանի հետ երկաթուղի ունենալու ծրագրերը Իրանի համար կարևոր էր ինչ-որ առումով մեկուսացումը հաղթահարելու համար», - պարզաբանեց Վարդան Ոսկանյանը:

Ամփոփելով քննարկումը՝ փորձագետները բարձր գնահատեցին Իրան-«վեցնյակ» համաձայնությանը կյանքի կոչման հավանականությունը փոխզիջման տարբերակով: «Իրանցիների համար ազգային արժանապատվության հարց է միջուկային ծրագիր ունեցող երկիր մնալու հարցը: Նրանք կպահեն այդ ստատուսը՝ հավանաբար կոմպենսացնելով միջուկային հզորությունների կրճատումը՝ տարածաշրջանում լրացուցիչ ազդեցություն ձեռք բերելով», - եզրափակեց Ոսկանյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ