Հայաստանում բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվում են
12.12.2014
12:00
Հայաստանում լրագրողների կամ լրատվամիջոցների նկատմամբ բռնություն և ճնշում գործադրելու դեպքերը չեն դադարում: 2014 թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնության ֆիզիկական կիրառման 7 դեպք, որոնցից ոչ մեկով հանցանք կատարած կողմը չի բացահայտվել և պատժի չի ենթարկվել: Այսպիսի եզրահանգման եկան «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 12-ին կայացած քննարկմանը հրավիրված բանախոսները:

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հայաստանյան մեդիա դաշտի զարգացումներն ու խնդիրները 2014թ-ին» թեմայով քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, իրավաբան Արա Ղազարյանը, «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Քննարկման հիմնական թեմաներից էր լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումները, որին երբեմն, ըստ բանախոսների, մասնակից են դառնում տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում նաև անվտանգության աշխատակիցներ և ոստիկաններ: Որպես օրինակ՝ բանախոսները նշեցին «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի և «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպերը, երբ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ և բռնություն էր գործադրվել: 

Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի քննության իրավական պրակտիկան, ըստ իրավաբան Արա Ղազարյանի, մտահոգիչ է: «Հայաստանում չեմ հիշում դեպք, երբ լրագրողի հանդեպ բռնության դեպքով հարուցված քրեական գործը տարվի մինչև վերջ, և հանցանք կատարած կողմը պատժվի: Սա մտահոգող փաստ է», - նշեց Արա Ղազարյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ վերջին ժամանակներում պաշտոնատար անձանց պահվածը փոխվել է: 

«Պաշտոնատար անձանց պահվածքը փոխվել է: Շատերն ինձ հարցնում են՝ արդյո՞ք մտնելով Մաքսային միություն՝ մենք փոխել ենք մեր քաղաքական կուրսը, և գուցե Եվրադատարան արդեն գոյություն չունի», - մանրամասնեց նա, նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը բռնության դեպքերը դիրտարկում է հիմնականում քրեական հանցանքի, այլ ոչ թե լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման պրիզմայով: «Այս ուղղությամբ իրականցնելով քննությունը՝ ՀՔԾ-ն հանցակազմի բացակայության պատճառով գործերը կարճում է: Նույնը տեղի ունեցավ «Ա1+»-ի լրագրողի գործով, բայց գլխավոր դատախազությունը բեկանեց ՀՔԾ-ի որոշումը և նշանակեց նոր քննություն», - հավելեց իրավաբանը:   

 «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով, բացի բռնության դեպքերից, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումը կատարվում է նաև իրավական ճանապարհով: «Իրավական ճանապարհներով է ճնշում գործադրվում ԶԼՄ-ների վրա: Օրինակ՝ դատական ճանապարհով ստիպում են լրատվամիջոցին բացահայտել իր այս կամ այն նյութի աղբյուրը, ինչն անընդունելի է», - նշեց Օհանյանը:  

Այնուամենայնիվ, լրատվական դաշտում բացակայում է նաև համերաշխության սկզբունքը, նշեց բանախոսը՝ մատնացույց անելով ԶԼՄ-ների սակավությունը քննարկման ժամանակ: «Սա ցուցանիշ է: Բացի այդ լրագրողներից շատերը չեն ցանկանում դատական ճանապարհով պատժել իրենց նկատմամբ բռնություն իրականացնողներին: Խնդիր է նաև այն, որ ոստիկանության աշխատակիցները մեր հարապարակումների տակ սեռական բնույթի հայհոյանքներ են գրառում անում», - տեղեկացրեց նա:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի համար մտահոգիչ է, որ անցնող տարում լրագրողների դեմ ճնշումներին իրավապահ մարմիններն են մասնակից դարձել: «Կա նման միտում, ինչը մտահոգիչ է: Անցած ինը ամիսների ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 7 դեպք: Նույնքան դեպք եղել էր 2013 թվականին, երբ անցկացվեցին երկու ընտրություններ, և մթնոլորտը թեժ էր: Այսինքն՝ բռնությունների քանակը չի պակասել, և սա մտահոգիչ է: Ավելի մտահոգիչ է այն, որ այս գործերը իրավապահ մարմիններում կոծկվում են», - հայտարարեց Մելիքյանը:   

Մեդիա դաշտի իրավական կարգավորման մասին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ դատապարտելով մամուլի նկատամամբ ցանկացած ճնշման դեպք: «Ցանակացած պարագայում, որևէ իրազեկ սուբյեկտի կողմից լրագրողի գործունեությանը խոչընդոտելը, որը քրեորեն պատժելի արարք է, դատապարտելի է և չի բխում ազատ խոսք և ազատ մամուլ ունենալու իրականության կերտման շահերից: Ինչ վերաբերում է դաշտի իրավական կարգավորմանը, ապա ամենավատ երևույթներից մեկը, որ կարող է լինել մեդիա դաշտում, գերկարգավորումն է: «Ֆեյքերի դեմ» անվանում ստացած հայտնի օրինագիծը Ազգային ժողովի օրակարգում չէ հիմա, այն հետաձգված է», - տեղեկացրեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ «Ֆեյքերի դեմ»  նախագիծը դրական միտում էր պարունակում, քանի որ կարգավորվում էր մեկնաբանությունների դաշտը՝ պարտավորեցնելով անձին նախ դիմել լրատվամիջոցին (հրապարակման տակ առկա) մեկնաբանությունը վերացնելու պահանջով, հետո նոր դիմել դատարան:  

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ համացանցային լրատվամիջոցների քանակի ավելացումը, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի տարիների ընթացքում, չի բերել հրապարակումների և լրատվական նյութերի որակի բարձրացմանը: «Քանակը որակ չէ այստեղ: Կայքերի մեծ մասը որպես այդպիսին լրատվամիջոցներ չեն, այլ քարոզչական ռեսուրսներ, որոնք պատկանում են կոնկրետ անձանց», - նշեց նա:

Քննարկման ավարտին Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի փոփոխություն է սպասվում մեդիա դաշտում: «Հայաստանում կստեղծվի լոկալ ինտերնետի կառավարման ֆորում, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, տեխնիկական համայնքի և պետության մասնակցությամբ: Այսինքն լինելու է մի միջավայր, որտեղ հնարավորություն կլինի քննարկել ու լուծել առցանց ոլորտին առնչվող խնդիրները», - հավելեց նա:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ