Իրավապաշտպանները մեղադրում են ՀՔԾ-ին «անարդար» և «ոչ օբյեկտիվ» քննություն իրականացնելու մեջ
04.05.2015
12:00
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) օբյեկտիվ և արդար քննություն չի իրականացնում այն գործերով, որտեղ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություններով ներգրավված են պաշտոնատար անձիք. վստահեցնում են իրավապաշտպաններն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ անգամ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների և ապօրինի գործողությունների ապացույցների ձեռք բերման դեպքում, քննությունն իրականացվում է անարդյունավետ:

«Օրինակ՝ ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Ցվերյանովին16 գողության համար մեղադրանք  էր առաջադրվել, քանի որ ոստիկանները բռնությունների ու սպառնալիքների ներքո ստիպել էին նրան ցուցմունք տալ: Բայց այսօրվա դատարանը Ցվերյանովին ճանաչել էր անմեղ: Ստացվում է, որ եթե ինքը չի կատարել այդ գողությունները, ապա քրեական գործ պետք է հարուցվեր ոստիկանների գործողությունների մասով, սակայն օբյեկտիվ և բազմակողմանի քննության սկզբունքը չի պահպանվում և քրեական գործ չի հարուցվում ոստիկանության աշխատողների գործողությունների մասով՝ գտնելով, որ չկա հանցակազմ: Սա ընդհանրապես տրամաբանությունից դուրս է»,-ասում է Սաքունցը:

Ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին ևս մի քանի քրեական գործեր ՀՀ քաղաքացիներ Անի Բոշյանի, Ռոբերտ Մուրադյանի, Անդրանիկ Մխիթարյանի և Արմեն Շամիրյանի ներգրավվածությամբ:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը ասում է, որ ՀՔԾ-ն նման գործերը փորձում է միշտ կոծկել, այլ ոչ թե բացահայտել:

«Շամիրյանը իր պատիժը կրում էր Հրազդան քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) և այդ տարիների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել ՔԿՀ-ի աշխատակիցների հետ, որպեսզի իրեն թույլ տային ներմուծել բջջային հեռախոսներ և իրացնել դատապարտյալների շրջանում: Այդ ամենի մեջ ՔԿՀ-ի աշխատակցիներն ունեին իրենց եկամուտը: Նրանք առգրավվում էին այդ հեռախոսները, այնուհետև նորից թույլ տալիս, որ նոր քանակով հեռախոսներ մուտք գործեն ՔԿՀ: Հիմա քրեական գործը իբր քննվում է ՀՔԾ-ում, բայց մենք չենք տեսնում այդ մարմնի ջանասիրությունը»,-ասում է Սաֆարյանը:

Մինչ օրս ոչ ՔԿՀ-ի աշխատակիցներից ոչ միայն մեղադրյալ չի ներգրավվել գործում, այլև չեն կասեցրել նրանց պաշտոնավարումը, նշում է Սաֆարյանը: «Ավելին՝ նրանք շարունակում են իրենց աշխատանքը և փորձում ճնշում գործադրել Շամիրյանի վրա, որ հրաժարվի իր տված ցուցմունքներից»:

Ասուլիսի մասնակից, տուժող Անի Բոշյանը ներկայացնում է իր նկատմամբ ոստիկանական բաժանմունքում կիրառված հոգեբանական ճնշումների և սպառնալիքների մասին:

«Բերման ենթարկելու հիքմերը մինչ օրս պարզ չեն ինձ համար: Բերման ենթարկելուց հետո ինձ ապօրինի պահել են բաժանմունքում տասը ժամ և ենթարկել հոգեբանական ճնշումների ցուցմունքներ կորզելու նպատակով: Ինձ ստիպել են գրել մի ցուցմունք, որը չի համապատասխանում իրականությանը, որի հետևանքով ես հիմա գտնվում եմ մեղադրյալի աթոռին: Ինձ մեղադրում են կիբեռհանցագործության մեջ, սպառնում էին, որ եթե ցուցմունք չգրեմ, կմնամ բաժանմունքում ևս 72 ժամ, այնուհետև կտեղափոխվես կանանց գաղութ:  Ներկայացնում էին կանանց գաղութի դաժան պայմանները, ինչը արդեն լուրջ սպառնալիք էր ինձ համար, ու ես ստիպված գրեցի ցուցմունք»,-ասում է Բոշյանը:

Նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը հավելում է, որ ըստ ՀՔԾ-ի որոշման, Բոշյանի հայտնած տեղեկությունները չեն հաստատվել ոստիկանների կողմից:

«Ժամեր շարունակ գտնվելով ոստիկանական բաժանմուքնում՝ Անի Բոշյանին ենթարկել են անձնական զննության, որի ընթացքում ոստիկանության կին աշխատակիցները պահանջել են նրան մերկանալ ամբողջությամբ և մի քանի անգամ կքանստել: Մինչդեռ  ոստիկանները քննիչին ցուցմունք տալիս ասել են, որ Բոշյանը ինքն է խուզարկության ժամանակ մերկացել: Նման պարագայում ՀՔԾ-ն ուղղակի ձևական առերեսումներ է կազմակերպել, բայց այս մարմինը պետք է հակասությունները ճշտող այլ գործողություններ կատարեր և գործող փաստարկները նայեր»,-հավելում է Սաֆարյանը:

Ասուլիսի մասնակից, փաստաբան Արայիկ Զալյանը ասում է, որ ՀՔԾ-ի դրսևորած վարքագիծը  նմանատիպ գործերով գրեթե նույնն է:

«Հիմնականում բոլոր գործերով արժանահավատ են համարվում ոստիկանության աշխատակիցների տված ցուցմուքնները, և այն զոհերը, որոնք ենթարկվել են վատ վերաբերմունքի, նրանց ցուցմունքներն ու բացատրությունները արժանահավատ չեն համարվում: Մինչդատական վարույթը նույնպես արդյունավետ չէ, մենք ունենում ենք հիմնականում քրեական գործերը կարճելու դեպքեր»,-նշում է Զալյանը:

Սաքունցը ընդգծում է, որ եթե ՀՔԾ-ի մասին օրենքը դիտարկենք, ապա պարզ կերևա, որ ՀՔԾ-ն ամբոջովին ենթարկվում է ՀՀ նախագահին, որովհետև ՀՔԾ-ի պետը և նրա տեղակալները նշանակվում են նախագահի կողմից:

«Տարեկան հաշվետվությունը ՀՔԾ-ն ներկայացնում է նախագահին և վարաչպետին, իսկ Ազգային ժողովը որևիցե վերահսկողությունի ՀՔԾ-ի գործունեության նկատմամբ չունի: ՀՔԾ-ի պետին պետք է հաստատի ԱԺ-ն, սա կենսական անհարաժեշտություն է: Սակայն այսօր ոչ միայն քաղաքական կամքը չկա ՀՔԾ-ի օրենսդրության փոփոխության առումով, այլև քաղաքական ցուցում են տալիս, թե քննությունը ինչպես պետք է կատարվի»,-նշում է Սաքունցը:

Նշենք, որ «Մեդիա կենտրոնը» ասուլիսին հրավիրել էր ներկայացուցիչ նաև Հատուկ քննչական ծառայությունից, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել:

Իրավապաշտպանները պնդում են, որ եթե անգամ հարուցվում են քրեական գործեր, ապա մեղադրանք չի առաջադրվում պաշտոնատար անձանց նկատմամբ:

«Խնդիրը հենց նրանում է, որ քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործերով պատճաշ, օբյեկտիվ ու արդար քննություն չի իրականացվում: Ձևական մոտեցում են ցույց տալիս զուտ քրեական գործ հարուցելու միջոցով, բայց հետո մերժում են: Այստեղ միայն քաղաքական կամքի բացակայությունն է, քանի որ գործող օրենսդրությունը ոչնչով չի խանգարում օբյեկտիվ և անկախ քննություն իրականացնելու համար: Իսկ քաղաքական իշխանությունը ոստիկանությանը դիտարկում է ոչ թե հասարակական կարգը և օրինականությունը պահպանելու միջոց, այլ զուտ իր քաղաքական իշխանությունը պահպանելու և իրացնելու գործիք՝ քաղաքացիներին ճնշելու, բռնության ենթարկելու և հնազանդ պահելու միջոցով»,-հավելեց Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ