«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է առաջին հերթին նվիրի իր գործունեությունը բանակին, առողջական խնդիրներով առաջացած դեպքերին, բռնության դեպքերին և փոխի այդ իրավիճակը: Ինչքան կարող են զինվորները սպանվել և ինքնասպանվել, դժվար չէ այս  հարցերի կարգավորումը, պետությունը պետք է կամք դրսևորի, ինչը մենք չենք տեսնում»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը Մեդիա կենտրոնի քննարկմանը:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ամեն տարի գրանցվել խաղաղ պայմաններում մահվան դեպքեր, ինչպես նաև հրամանատարական կազմի կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, հոգեբանական, ֆիզիկական բռնության, նրանց նկատմամբ անմարդկային կամ դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքեր: Ըստ պաշտոնական վիճակագրության` մահվան դեպքերի պատճառների մեջ ամեն տարի գրանցվում են ինքնասպանության կամ ինքնասպանության դրդման դեպքեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2018 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին հրապարակված տեղեկանքում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական դատախազության 2018թ. տվյալների համաձայն՝  բանակում մահացության 63 դեպքերից  38-ը կապված են զինվորական ծառայության հետ, իսկ 25-ը՝ ոչ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 50 զինծառայողի  մահացության դեպքից 37-ն են կապված  զինվորական ծառայության հետ, 13-ը՝ ոչ:

2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերը 7-ն են, իսկ ոչ մարտականը՝ 56-ը: Ոչ մարտական մահացությունների թվում մեծ թիվ են կազմում ավտովաթարի հետեւանքով մահացությունները /17/, առողջական խնդիրներով պայմանավորված մահացությունները /13/ եւ ինքնասպանություններ որակված դեպքերը /11/: 

Ըստ վիճակագրական տվյալների` 2017 թ-ի համեմատ 2018 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը նվազել են մոտ երեք անգամ (16-ով), 1-ով աճել է ինքնասպանություն որակված դեպքերի թիվը, ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը եւ ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվը։

Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ 2019 թ-ին բանակում արդեն գրանցվել է 11 մահվան դեպք:  

«Հեղափոխությունից հետո բանակի հանդեպ բացարձակ անտարբերություն է:  Նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել: Սպայական կազմը դուրս է վերահսկողությունից և պատասխանատվությունից: Առողջական խնդիրները ՊՆ-ի կողմից պատշաճորեն չեն վերահսկվում, զինվորները չեն ստանում պատշաճ բուժում, որ վերականգնեն կորցրած առողջությունը: Երբ զինվորի առողջական խնդրի մասին հարց է առաջանում, ՊՆ-ն դա դիտարկում է որպես սիմուլյանտություն: Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանատվությունից, իսկ քննչական մարմինների անտարբեր և դանդաղկոտ վերաբերմունք են ցուցաբերում: Քննությունների անցկացման առումով բռնի մթնոլորտ և անպատժելիություն կա»,-ասում է Ալեքսանյանը:

Արա Ղարագյոզյանն էլ ասում է, որ  ԵԽ որոշումները մնում են թղթի վրա, ոչ քննչական կոմիտեն, ոչ դատախազությունը չեն գործածում դրանք:

«Թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում բանակում անպատժելիությունը վերացնելու ուղղությամբ: Ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերում, շարունակում են ծառայել բանակում և շփվել մյուս զինվորների հետ: Քանի դեռ անպատժելիություն է տիրում, խոշտանգում կիրառողը, կյանքից զրկողը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, այս իրավիճակը կշարունակվի»,-ասաց Ղարագյոզյանը:

Ռազմիկ Մարիկյանն էլ շեշտում է, որ պետությունը պետք է կյանքի իրավունքի ապահովման ուղղությամբ հստակ և տեսանելի քայլեր անի:

«Հասարակությանը սեղմ ժամկետներում պետք է վստահելի աղբյուրներից տեղեկատվություն տրամադրվի, որպեսզի չստուգված այլ աղբյուրներից ինֆորմացիա չհասնի»:

Նա նշեց նաև միջազգային չափանիշները, որոնք պետք է պահպանվեն նման գործերը քննելիս. անկախ մարմինների կողմից գործերի քննություն, պետության կողմից ապացույցներ հավաքելու պատշաճ ընթացակարգ, անհապաղ և ողջամիտ ժամկետներում գործերի քննություն և մանրակրկիտ քննության իրականացում:

Քննարկման վերջում բանախոսները ուղղեցին իրենց առաջարկները պատկան կառույցներին իրավիճակը զինված ուժերում բարեփոխելու ուղղությամբ. անպատժելիության վերացում, հաշվետվողականություն և թափանցիկություն, զինված ուժերում կարգապահության ուժեղացում, կարգապահական կանոնագրքի փոփոխություն, անհատական հոգեբանական աշխատանքներ զինծառայողների հետ, աղջամիտ ժամկետներում գործերի քննություն և հանրության իրազեկում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Աուտիզմ ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում. ներառականության խնդիրները»
02.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Ապրիլի 2, Երևան: Աուտիզմի համաշխարհային օրվա կապակցությամբ ոլորտի մասնագետները, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները Մեդիա կենտրոնում քննարկեցին աուտիզմ ունեցող երեխաների կրթության և ներառականության հետ կապված խնդիրները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ