Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:

Նման կարծիք հայտնեցին փետրվարի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով քննարկմանը բանախոսները: Նրանք անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ International alert միջազգային կազմակերպության փորձագետների վերջերս հրապարակած զեկույցին:

International alert միջազգային կազմակերպության փորձագետները զեկույց (https://www.international-alert.org/…/envisioning-peace-nag…) են հրապարակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ` որակելով, որ հակամարտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում մնում է առավել վտանգավոր եւ անկանխատեսելի հակամարտություններից մեկը։ Հենց այդ զեկույցի հանրային քննարկումը տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում՝ փետրվարի 6-ին։

Ավելին, երկու կողմից մարդկային մեծ կորուստների պատճառ դարձած 2016 թ-ի ապրիլյան բախումները ի ցույց դրեցին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման կողմերի պատրաստակամությունը։ International alert-ը, ղարաբաղյան հակամարտության խաղարար նախաձեռնություններին տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։

Ուսումնասիրության արդյունքները հաստատում են հակամարտությանը վերաբերող լայն տարածում գտած եւ տարաբնույթ հիպոթեզները։ Միեւնույն ժամանակ, դրանք նաեւ հերքում են Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց եւ արտասահմանյան փորձագետների՝ հակամարտության մասին կարծրատիպային ընկալումները։ Արդյուքները նաեւ ի ցույց են դնում, որ երեք հասարակություններին միավորում են հակամարտության տարբեր ասպեկտներին վերաբերող մի շարք ընդհանրություններ եւ տարբերություններ։

«Հակամարտող հանրություններին պետք է խաղաղության նախապատրաստել:  Ես այսպես եմ հասկանում խաղաղության նախապատրաստելը, եթե չխրախուսել, գոնե չխոչընդոտել մարդկանց միջև եղած կապերին»,- ասաց Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր,  Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, զեկույցի համահեղինակ, քննարկման բանախոս Գեղամ Բաղդասարյանը

Քննարկմանը ներկա մյուս բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինք խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը և զեկույցի համահեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին զեկույցի կարևոր կետերը՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները:

Պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցի լուծումը ձևակերպեց հետևյալ կերպ. «Պետք է փորձել մինիմալի հասցնել կամ վերացնել ատելության խոսքը մեդիայում, կրթական միջավայրերում և ռազմական հռետորաբանությունը նույնպես իջեցնել»: Նա նաև առաջ քաշեց հակամարտության լուծման նոր թեզ, որն իր կարծիքով, գործընթացի ժողովրդավարացումն է: Այն ենթադրում է որոշակի մենաշնորհի կոտրում, թե ով որտեղ և ինչպես կարող է խոսել հակամարտության մասին:

Քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը հնչեցրեց հարց՝ ինչո՞ւ հակամարտությունը չի լուծվում պատերազմով, կամ ինչու չեն խոսում պատերազմի ճանապարհով հակամարտության լուծման մասին: Հարցին ի պատասխան՝ քննարկմանը ներկա  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ պատմության մեջ ցույց տան մի դեպք, երբ պատերազմը հակամարտության հանգուցալուծում է եղել, և հանդիսացել է դեպի խաղաղություն տանող ճանապարհ:

Իսկ լրագրող քննարկմանը Թաթուլ Հակոբյանը, պատասխանելով հարցին, նախ պատմական ակնարկ կատարեց ու խոսեց Հայաստանի առաջին հանրապետության ու Թուրքիայի միջեւ ռազմական բախումների ժամանակ պատերազմական հռետորաբանության գերակայության մասին: Թեպետ այն ժամանակվա մամուլը հեղեված էր պատերազմի մասին հոդվածներով, ասաց նա, սակայն հայկական կողմը պարտություններ էր կրում: Ուստի նա հավելեց, որ մարդիկ, որոնք խաղաղ պայմաններում ասում են, թե Բաքվի կենտրոնում թեյ են խմելու, հետո փախչում են պատերազմական իրավիճակում:

Ըստ Մարկ Գրիգորյանի հակամարտությունը Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հասարակությունների համար դարձել են նաեւ առևտրի առարկա. ինչքանո՞վ կարող ենք վաճառել հակամարտությունը և ի՞նչ կստանանք հակամարտությունից: Նա նաեւ նկատեց, որ հակամարտող հանրույթներում վերջին 25 տարիներին մեծացել է մի սերունդ, որի համար ԼՂ հակամարտությունը “նորմա է, այդպես էլ պետք է լինի”:

Զեկույցի համահեղինակ Գեղամ Բաղդասարյանն էլ իր հերթին հռետորական հարց հնչեցրեց՝ եթե «մի պահ պատկերացնենք, որ չլիներ հակամարտությունը, որքա՞ն կաղքատանար մեր քաղաքականությունը, ինչի՞ մասին պիտի խոսեին քաղաքական գործիչները»:

Միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը ուրախությամբ փաստեց, որ այս զեկույցի համար արված ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ նկատելի դարձան ոչ թե թվեր, տոկոսներ, այլ դեմքեր: Նա ընդգծեց, որ որակական փոփոխություններ ի հայտ եկան, քանի որ ուսումնասիրությունը կատարվել է սահմանամերձ գյուղերում բնակվող մարդկանց շրջանում՝ նրանց իրական կյանքը, խնդիրները ու խաղաղության մասին պատկերացումները կարևորելով:

Ավարտելով քննարկումը բանախոսները նշեցին, որ հույս ունեն, որ տվյալ աշխատանքում տեղ գտած եզրակացություններն ու խորհուրդներն օգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի եւ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված միջնորդների համար: Նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ հակամարտության լուծում տանող ճանապարհը խաղաղությունն է:

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ