«Իմ պայքարն էր` կրթություն ստանալը և ապացուցելը, որ ես էլ հավասար մրցակցության մեջ պետք է լինեմ». Արևիկ Մելքոնյան` շահերի պաշտպան:
25.12.2018
15:26

Երկրորդ դասարանում դասընկերներս ինձ հրեցին…Հիշում եմ` սայլակից ցած ընկա ու դեմքիս պատռվածք ստացա, ամբողջովին արյունահոսում էր: Մինչև հիմա սպին մնացել է դնչիս:

Ինձ բրդեցին, որ էլ դասի չգնամ: Ես փոքրուց հաշմանդամություն ունեի: Իրենց համար դասարանը իդեալական էր, իսկ ես դասարանի միակ թերությունը:

Հասարակական կարծրատիպերի և խտրականության դեմ պայքարը ինքստինքյան սկսվել է դպրոցական տարիքից:

Ես ծնվել ու մեծացել եմ Գառնիում: Հենաշարժողական խնդիր ձեռք եմ բերել մեկ տարեկանում (բարձրությունից ընկելու հետևանքով ողնաշարի կոտրվածք) և մինչ օրս տեղաշարժվում եմ սայլակով:

Ծնողներիս համար ավելի հեշտ կլիներ, եթե ես տնային ուսուցում ստանայի, թե՛ ինձ սթրեսներից զերծ կպահեին, թե՛ իրենք շատ ժամանակ չէին տրամադրի ինձ դպրոց ուղեկցելուն: Բայց ես փոքրուց դեմ էի դրան, տանը փակված լինելը ինձ համար չէր:   

Հենց առաջին դասարանից հաճախել եմ դպրոց, թեև հավասար պայմաններով չէի կարող  սովորել ընկերներիս հետ: Դպրոցում չկային հարմարություններ, անգամ տարբեր հարկերում դասարանից դասարան տեղափոխվելը խնդիր էր, ստիպված մի դասասենյակում էինք դաս անում:  Դպրոցում սանհանգույցների հարմարության ու թեքահարթակների առկայության մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող: Ամեն օր դպրոց մտնելիս  քույրիկներս կամ բարձր դասարանի տղաներն էին օգնում, սայլակը բարձրացնելով անցկացնում:

Դասընկերներս և ուսուցիչներս մշտապես իմնկատմամբդրսևորել են խտրական վերաբերմունք:

«Երբ դասընկերներս որոշում էին դասից փախչել, ես չէի կարողանում մասնակցել ու դրանով  ընկերներիս բացասական վերաբերմունքին էի արժանանում, ոնց որ միակ խանգարողը լինեի իրենց ակտիվ դպրոցական կյանքի: Ուսուցիչները չէին կանչում գրատախտակի մոտ դասը պատասխանելու, թողնում էին իմ նստած տեղից պատասխանեմ, խղճում էին ինձ,  մինչդեռ ես սայլակով կարող էի տեղաշարժվել դասարանում: Քննություններին ինձ կարող էին չհարցնել, այլ ուղղակի նշանակել` մտածելով ավելի լավ է  ինձ նեղություն չտան կամ էլ իրենք իրենց: Մյուսների հետ հավասար պայմաններով ինձ չէին դիտարկում:

Միևնույն է, ես միշտ պայքարում էի իմ սովորելու համար, ուշադրություն չէի դարձնում այդ խոչընդոտներին և խտրական վերաբերմունքին:

Ինձ համար կարևոր էր երևալը: Ես դպրոցական տարիքից էլ հասկանում էի, որ եթե ես տանը փակվեմ ու չերևամ, իմ մասին ոչ մեկ չի իմանա և չեն սովորի իմ ներկայությանը, իսկ մինչև 10-րդ դասարան իրենք արդեն սովորել էին, որ ես իրենց հետ պետք է լինեմ:

Նույն դժվարություններն ու վերաբերմունքը առկա էր նաև համալսարանում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ ես ավարտել եմ`որպես ինֆորմացիայի պաշտպանության մասնագետ:

Համալսարանում նույնպես թեքահարթակներ չկային, վերելակը ամեն հարկ չէր բարձրանում, ուսանողական ընկերներս էին ինձ օգնում, սայլակը բարձրացնելով տեղափոխում: Բայց կային առարկներ, որոնց ընդհանրապես չէի կարողանում մասնակցել` վերելակի և այլ հարմարությունների բացակայության պատճառով:

Դասի գնալիս նաև տրանսպորտի խնդիր կար, ոչ մի հարմարեցված փոխադրամիջոց չկար: Տաքսիները շատ դժվարությամբ էին համաձայնվում սայլակ տեղափոխել, կամ բեռնախցիկն էր փոքր, չէր տեղավորվում, կամ ասում էին մեքենայի ներսը կաղտոտվի, կվնասվի:Ստիպված ավելի մեծ մեքենա էի պատվիրում ու ավելի թանկ վճարում ամեն օր դասի գնալու համար:

Բայց միևնույն է, իմ հիմնական պայքարն էր` կրթություն ստանալը և դասախոսներին հասկացնելը, որ ես էլ կարող եմ քննություն տալ, ես էլ պետք է հավասար մրցակցության մեջ լինեմ:

Ավարտելուց հետո սկսեցի աշխատել «Հույսի կամուրջ» ՀԿ-ում: Արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, որտեղ ես սովորեցի մարդու իրավունքներին վերաբերող ամեն ինչ: Եթե առաջ չգիտակցելով և իմ իրավունքները չիմանալով էի պայքարում, որ կրթություն ստանամ ու  խտրական վերաբերմունքի չարժանանամ, ապա հիմա գիտակցված պայքար է:

Ես էությամբ ակտիվ մարդ եմ ևմասնակցություն եմ ունեցել երկրում տեղի ունեցած տարբերքաղաքացիական շարժումներում` պայքարելով միշտ անարդարությունների դեմ:

2016թ.-ին «Սասնա ծռերի» զինված հարձակումից և Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո, փողոցում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանները ուսս կոտրեցին: Անրակի փակ կոտրվածք էի ստացել, բայց դա էլ անցավ, հաղթահարեցի:

Ես բոլորի հետ հավասար պայքարել եմ: Նույնիսկ թավշյա հեղափոխության օրերին ընկերներիս հետ հավասար փողոց էի փակում, բայց այդ պայքարների ժամանակ ամենածիծաղալին այն էր, որ ինձ բերման չէին կարողանում ենթարկել, քանի որ ոստիկանները չունեին սայլակին հարմարեցված որևէ մեքենա:

Հիմա որ հետ եմ նայում անցյալիս, մտածում եմ` ինքս ինձ հետ ներդաշնակ չլինելն էր, որ ինձ դրդում էր առաջ: Նախկինում ես խնդիր ունեի ապացուցելու մարդկանց,  որ ես լիարժեք մարդ եմ, կարող եմ ամեն ինչ անել, հետո հասկացա, որ ես ինքս ինձ էի ապացուցում, ոչ թե մարդկանց:

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ