« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքի 2-րդ հարկի դահլիճում (հասցե՝ Երևան, Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը:

Մրցույթին ներկայացվել է շուրջ 100-ից ավելի  հայտ:

Մասնագիտական ժյուրին դեկտեմբերի 3-ին դիտարկել է ներկայացված լրագրողական աշխատանքները և որոշում կայացրել մրցույթի հաղթող նյութերի վերաբերյալ:

Մրցույթի անվանակարգերը 7-ն էին՝  

  1. Լավագույն հետաքննական նյութ
  2. Լավագույն մարդկային պատմություն
  3. Լավագույն հեռուստահաղորդում
  4. Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  5. Լավագույն մուլտիմեդիա նյութ
  6. Լավագույն ֆոտոպատմություն
  7. Լավագույն գրաֆիկական պատմություն

Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։

Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության կողմից՝ «Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու իրավունք» թեմայով օրինակելի լրագրողական աշխատանքի համար։ Մրցանակը ներկայացվում է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Նախատեսվում են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի համաֆինանսավորմամբ մեկնարկած «Հանրային հայացք՝ փակ աշխարհին.մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:

Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես կգան Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, «Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը(ենթակա է հաստատման), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենայալի տնօրեն Արթուր Սաքունցը:

Միջոցառմանը առանձին ելույթներ կունենան լրագրող Մհեր Արշակյանը, կրթության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը, ով տարիներ շարունակ լուսաբանել է քրեակատարողական հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները։ Ելույթների միջոցով բանախոսները կներկայացնեն իրենց անձնական փորձառությունը և վերլուծությունները փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին:

Միջոցառման ընթացքում  նախատեսված թեմատիկ քննարկումներին մասնակցելու են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, հասարակական կազմակերպություններից, գործընկեր հաստատություններից։

Մրցանակաբաշխությունը բաց է հանրության և լուսաբանման համար։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] էլ. հասցեով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ