«Օրը ցերեկով կրակում էին գյուղացիների վրա, դա անթույլատրելի է»,-ասում է բանախոսը՝ հավելելով. «Փանիկ գյուղի բնակչությունը պետք է տուժող ճանաչվի, և իրենք էլ պատրաստ են հանդես գալ բնակչության շահերի պաշտպանությամբ»: Իրավապաշտպանը նշում է, որ 102-րդ ռազմաբազայի ու ռուսական սահմանապահ զորքերի՝ Հայաստանում տեղակայման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, անհրաժեշտ համարեց վերանայել այդ զորքերի տեղակայման պայմանագրերն ու խնդիրների լուծումն ուշադրության կենտրոնում պահել։ Առաջնային խնդիրներից մեկն էլ, ըստ իրավապաշտպանի, ՀՀ պետբյուջեից ռուսական բազայի և սահմանապահ զորքերի կենսագործունեության համար հատկացվող միջոցների նկատմամբ աուդիտ անցկացնելն է:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը ևս անհրաժեշտություն է համարում պայմանագրերի վերանայումն ու հստակեցումը։ Վերջինիս կարծիքով՝ Փանիկում տեղի ունեցածը հանցագործություն է․
«Բնական է, որ եթե օրենքի տառով նայենք, պիտի ռուսական կողմից մի քանի հոգի դատվեն, բայց իրականությունը մենք հասկանում ենք, որ դատվող այնտեղ չի լինի: Բայց ռուսական կողմը պետք է փոխի բազայի ղեկավարությանը: Եկեք պատկերացնենք մի բան, որ հայկական որևէ ստորաբաժանում մտներ Փանիկում, կրակեին: Անպայման կդատեինք: Հիմա ինչի՞ ենք մենք արտոնյալ վիճակ տալիս ռուսական ստորաբաժանմանը: Նա ավելի արտոնյալ չէ հաստատ»։
Անդրադառնալով ռուսական կողմի այն արդարացումներին, որ ոչ թե կրակոցներ են եղել, այլ կրակոցների իմիտացիա, բանախոսը նշեց․
«Հիշենք, որ մենք նախադեպ ունենք: Կրակոցի իմիտացիայի համար ՀՀ քաղաքացի Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Այսինքն օրենք կա, դու չես կարող անգամ իմիտացիա անել ու կրակել: Այն դեպքում, երբ Հայկ Կյուրեղյանի ձեռքին ռազմական զենք չէր, այլ օդամղիչ ատրճանակ: Դրա համար 9 տարվա դատապարտվեց, 4 տարի նստեց, իսկ այստեղ մի ամբողջ ստորաբաժանում է եղել: Սա հանցագործություն է, մի ամբողջ ստորաբաժանում ոտնահարել է պետության իրավունքները»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով հնչեցված գնահատականների հետ, չբացառեց, որ կատարվածը սադրանք է ընդդեմ գործող իշխանությունների, որի հիմնական նպատակն է վատթարացնելով հայ-ռուսական հարաբերությունները՝ ուշադրությունը շեղել կոռուպցիայի դեմ պայքարից ու արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու գործընթացից։
«Մի վարկած կա, որը ես համարում եմ շատ հավանական. պատկերացրեք, որ նախկին իշխանությունները փայլուն հարաբերությունների մեջ են բազայի ղեկավարության հետ և սադրանքը կազմակերպել են: Ինչո՞ւ: Նոր իշխանություն է, շատերը երիտասարդ են, տաքարյուն, հեսա կսկսեն կոշտ խոսել Ռուսաստանի նկատմամբ, կոշտ ձևակերպումներ անել: Սարքած գործ, որ մեր ուշադրությունը շեղենք: Սա մի տարբերակ է, որը չենք կարող բացառել»,- նշում է քաղաքագետը:
Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեքderenikmalkhasian@gmail.comէլ․փոստին: