Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը և նկարիչ Սամվել Սաղաթելյանը:
Որպես կանոն, գիտության, արվեստի մարդիկ պետության հետ իրենց փոխհարաբերությունը պատկերացնում են նյութական աջակցությամբ: Սակայն պետությունն էլ հակադարձում է, թե ինքն է գիտության, մշակույթի մարդկանցից ակնկալում այնպիսի աշխատանք, որը փող կբերի: Վերջերս էլ վարչապետի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բյուջեից մշակույթին հատկացվող գումարներն այն դեպքում կարելի է արդարացված համարել, եթե այդ արտադրանքից օգտվում է հարկատուն, քաղաքացին:
Մեդիա կենտրոնի հարցին, թե ի՞նչ է առաջարկում պետությունը և ի՞նչ է ակնկալում մշակույթ ստեղծող մարդկանցից, Մշակույթի նախարարն ասաց. «Կարեւոր է մրցակցային եւ թափանցիկ դաշտի ապահովումը…Կարեւոր է ներքեւից վերեւ խնդիրների քննարկման, որոշումների, լուծումների փնտրտուքը… Արվեստագետներից ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում»:
Այն դիտարկմանը, թե պետությունը իր մշակութային քաղաքականությունը կազմելիս հիմնվում է այս տեսակետի վրա՝ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեն զանգվածներին, արվեստը պրոպագանդայի ու դաստիարակչական միջոց է, Վիոլետ Գրիգորյանն ասաց. «Պետությունը պետք է ունենա տեսլական մշակույթի եւ արվեստի զարգացման համար: Մշակույթի նախարարությունը չպետք է փող չտալը ներկայացնի որպես գաղափարախոսություն, քաղաքականությունը պետք է հստակ լինի, իսկ արվեստի մրցակցություն չկա»:
Ճարտարապետ Միսակ Խոստիկյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է բովանդակային խոսակցություն սկսեն փորձագետների, ոլորտի մասնագետների, արվեստագետների հետ. «Մի նրբություն կա` պետք է բուն ստեղծագործական հարցերը չդրվեն կոնտեքստների մեջ, որոնք լայն են ու անորոշ, դրա համար էլ նրբությունները կորում են» :
Նկարիչ Սամվել Սաղաթելյանն էլ ասաց, թե արվեստը մշակույթի ստեղծած կաղապարները կոտրելու միտում ունի. «Մշակույթի նախարարության և արվեստագետների հարաբերվելու միակ ձեւը արվեստի առաջնայնությունն է: Արվեստը առաջնային է, մշակույթը ստեղծվում է դրանից հետո, դրա հիմքի վրա»:
«Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը համոզված է, որ եթե չունենանք մշակութային այնպիսի քաղաքականություն, որը պայմանավորված չլինի այս կամ այն նախարարի անձով, այլ ցույց տա, թե մշակույթի զարգացման ինչ ճանապարհ է տեսնում պետությունը, նոր հնարավոր կլինի խոսել , թե հեղափոխությունը տեղի է ունեցել նաև մշակույթում:
Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: