« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:

Հունիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հանդիպմանը Հրաչյա Հակոբյանը անդրադարձավ թավշյա հեղափոխությանը, և հետհեղափոխական շրջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

«Միգուցե դեռ կան մարդիկ, որ ամբողջապես չեն գիտակցել, որ իրենք են տերը այս երկրի, բայց նրանք շատ փոքրաթիվ են:  Միգուցե լինեն ընտրակաշառքի բաժանման դեպքեր, բայց մարդկանց մեծ մասն այլևս չի գնա դրան, չի վերցնի»,-ասում է Հակոբյանը:

Նա ասում է, որ թավշյա հեղափոխությունը բաց ձեռքերի պայքար էր.  «Մենք ոստիկանի հետ կռիվ չունեինք: Ամբողջ պրոցեսի ընթացքում ես ոստիկաններին նույն մեսիջն էի ուղարկում. տղերք դուք իմ ընկերն եք, իմ բարեկամն եք, իմ թաղի տեղերքն եք»:

Այսօր նա առաջնահերթ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն է տեսնում արդարադատության ոլորտում:

«Հանրության մեջ վստահության պակաս կա այդ համակարգի նկատմամբ, պետք է վերականգնել վստահությունը այդ մարմնի նկատմամբ, և մենք պետք է ունենք ազատ արդարադատության համակարգ»:

Հրաչյա Հակոբյանը 2003-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում: 2017թ. խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 3 ընտրատարածքում:

«Հիշում եմ , որ առաջին անգամ դուրս եկա փողոցային պայքարի 2003 թ. կեղծված ընտրությունների համար էր՝ Ստեփան Դեմիրճյանի համար: Այսինքն էլի կեղծված ընտրությունների դեմ էի դուրս եկել, իմ  ձայնի իրավունքի պահպանման համար: Դա եղել է առաջին պայքարը, որին ես մասնակցել եմ ու գիտակցել, թե ինչի համար եմ պայքարում»,-ասում է Հակոբյանը:

ԱԺ պատգամավորը խոսոտվանում է, որ իր համար շրջադարձային փուլ է  եղել 2008-ի մարտի 1-ի դեպքերը:

«Դա շատ խորը հետք թողեց ինձ վրա: Եթե դրանից առաջ ես պարզապես ակտիվ քաղաքացի էի, ապա դրանից հետո որոշեցի, որ պետք է մտնեմ քաղաքականություն»,-ասում է Հակոբյանը:

Նա 2001-2005 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Մասնագիտությամբ դերասան է և նախկինում նկարահանվել է մի շարգ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ հեռուստանախագծերում:

Անդրադառնալով արվեստի ոլորտի խնդիրներին ասում է, որ .«Արվեստի ոլորտում բազմաթիվ են խնդիրները, սկսած հեռուստատեսությունից մինչև թատրոններ, կրթության ցենզը իջեցված է մինիմալի: Եթե հեռուստաընկերությունները չեն կրթում, գոնե պետք է չդեգրադացնեն»:

Զրույցի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ