«Արտաքին քաղաքական գերակայությունները Թավշյա հեղափոխությունից հետո»
11.06.2018
13:00
Հունիսի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Զ․Մնացականյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել էր․ «Մենք չենք ասում, որ ամեն ինչում համաձայն ենք միմյանց հետ, սակայն ի վիճակի ենք պայմանավորվել ու առաջ գնալ»։

Հայկական փորձագիտական շրջանակներում վաղուց խոսվում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն ու բովանդակությունն անհրաժեշտ է բարելավել, ու այդ հարաբերությունները համապատասխանեցնել ռազմավարական դաշնակցության տրամաբանությանը։

Հունիսի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Արտաքին քաղաքական գերակայությունները Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ բանախոսներ ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը համակարծիք էին, որ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում՝ հատկապես ռուսական ուղղությամբ անհրաժեշտ են մի շարք ճշգրտումներ  ու օրակարգային խնդիրների վերանայումներ։

Արա Պապյանն ասում է, որ արտաքին քաղաքական հարաբերություններում փոփոխություններն արագ չեն լինում,  այդ թվում՝ նաև ռուսական ուղղությամբ։ Բանախոսի կարծիքով առայժմ խոսքային մակարդակով շեշտադրումների փոփոխություն է տեղի ունեցել և ակնկալվում է, որ նույնը տեղի կունենա գործնական առումով։

«Կարևոր շեշտադրում էր այն, որ նշվեց, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան ինքնիշխանության ու իրավահավասարության հիման վրա, սա շատ կարևոր շեշտադրում է, որովհետև նախկինում ասվում էր փոխադարձ շահերի հիման վրա»,- ասում է Ա․Պապյանը՝ հավելով․«Մեր խնդիրը Ռուսաստանի եղել է այն, որ մենք դադարել էինք շատերի կողմից ընկալվել Ռուսաստանի հետ իրավահավասար երկիր»։

Բանախոսը Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցի դրական արդյունք է համարում նաև այն, որ ՌԴ ԱԳ նախարար Ս․Լավրովը Ղարաբաղյան հակամարտության առումով նշել է Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, որտեղ կարևորը վերադարձ բառի օգտագործումն է, որով ընդունվում է, որ այդպիսի ձևաչափ եղել է։

Հովհաննես Իգիթյանի կարծիքով հայ-ռուսական հարաբերություններում պետք է վերանայել ռազմական բաղադրիչի մասը և հատկապես ուշադրություն դարձնել ռազմական բազայի խնդրին։

«Բազայի հետ կապված որոշ պայմաններ պետք է վերանայել։ Ինչի՞ համար է ռուսական բազան այստեղ գտնվում, ի՞նչ խնդիր է լուծում։ Հասկանում ենք, որ միշտ ռազմական բազան սպասարկում է ուղարկող երկրի շահերը՝ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական և այլն։ Իսկ հիմա Հայաստանի համար ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ կարող ենք մենք խնդրել կամ պահանջել»,- հարցադրում է անում բանախոսը։ Վերջինս նաև անհրաժեշտ է համարում ռուս սահմանապահների դերի ճշգրտումը Հայաստանում․ «Եթե մենք համատեղ ռուսների հետ լուծում ենք սահմանների անվտանգության հարցը, ապա ի՞նչ գործ ունի Զվարթնոց օդանավակայանում ու ի՞նչ խնդիր է լուծում այնտեղ»։

Արա Պապյանն իր հերթին նշում է, որ ռազմաբազայի ներկայությանը դեմ չէ, սակայն պետք է փոխել  բազայի՝ Հայաստանում գտնվելու պայմանները․

«Պետք է փոխվեն ֆինանսատնտեսական պայմանները, այլ նաև պետք է վերանայվեն խնդիրները»։

Բանախոսները համակարծիք են, որ Հայաստանը պետք է սկսի արտաքին քաղաքականության ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերել, «մեծ մտածել» և ըստ այդմ նոր իրավիճակում պետք է բարելավվի արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի որակը։

Արա Պապյանը նշում է, որ վերջին տասը տարվա դեսպանների նշանակումների մեծ մասը քաղաքական նշանակումներ են և այդ պրակտիկան պետք է վերանայել․

«Բացի այդ պետք է ինչ-որ ձևով վերանայել դեսպանատների թվական կազմը, ֆինանսական ապահովումը։ Դեսպանատներին նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների կեսն է տրվում կամ 30 տոկոսը, ու դեսպանին ասում են՝ մնացածը ոնց ուզում ես՝ գնա ճարի, ապա դեսպանը իր ամբողջ ժամանակը կորցնում է, թե ինչպես համայնքի հետ հարաբերություններ զարգացնի, ումից ինչքան փող բերի, որ կարողանա կոմունալ ծախսերը վճարել»,- ասում է Արա Պապյանը՝ հավելելով, որ եթե նպատակ է դրվում, ապա այդ նպատակին համապատասխան միջոցներ պետք է դրվեն ու արդյունք պահանջեն։

Հովհաննես Իգիթյանը նույնպես համաձայն է, որ չպետք է որպես կուսացական պարգևատրում այս կամ այն մարդուն դեսպան նշանակեն։ Բանախոսն այդ ցանկին ավելացնում է նաև կուսակցական հրահանգներ ուղարկելու արատավոր պրակտիկայի վերացման անհրաժեշտությունը։

«Կուսակցական ինստրուկցիաները չպետք է ուղարկվեն դեսպանություններ։ Այդ պրակտիկան սկսեց աշխատել Էդուարդ Նալբանդյանի օրոք։ 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո Երևանից բոլոր դեսպաններին մի գիրք (ուղեցույց՝ խմբ․) էին ուղարկել, որտեղ նշված էր, թե ինչպես պետք է արդարացնեն, բացատրեն կամ քողարկեն դեսպանների նստավայր երկրի իշխանություններից իրական իրավիճակը։ Այսինքն՝ որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, մարդու իրավունքների խախտումներ չկան, դրանք զուտ խուժանական դրսևորումներ են, որոնք դուք էլ ունեք, մենք էլ ունենք։ Այդպիսի ուղեցույց վերջերս էլ է եղել»,- ասում է Իգիթյանը՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին պարզաբանում պահանջել ՀՀ արտգործնախարարությունից․

«Ես լրագրողներին խորհուրդ եմ տալիս տեղեկատվություն ուզել (ՀՀ ԱԳՆ-ից՝ խմբ․)։ Դա գիրք չէ, մի երկու էջի վրա գրված ուղեցույց, որը ապրիլի 23-ին ուղարկվել է արտերկրում գտնվող բոլոր դեսպաններին, որտեղ հստակ նշված է, թե ինչպես պետք է ներկայացնել այս հեղափոխությունը որպես բախում և ինչպես համոզել, որ ենթադրված ուժային մեթոդների օգտագործումն այլ երկրներում ու միջազգային կազմակերպություններում»,- նշում է Իգիթյանը՝ հավելելով․ «Ենթադրում եմ, որ ներկայիս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ստացել է այդ ուղեցույցը, որովհետև ինքն էլ է դեսպան եղել։ Դա պետք է բացենք»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ