«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը չի հերքում, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում Հայաստանը կամ որեւէ այլ երկիր կարող է հայտնվել նոր սահմանված պատժամիջոցների թիրախում:

Նման ռիսկեր տեսնում են նաեւ Հայաստանի կառավարությունում, քանի որ Ռուսաստանը հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարն է:

Փորձագետները, սակայն այլ կարծիքի են: Հայաստանի պարագայում այդ պատժամիջոցների կիրառման վտանգը մեծ չէ, նշում են նրանք «Մեդիա կենտրոնում» փետրվարի 14-ին հրավիրած «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով քննարկման ժամանակ:

Մամուլից հայտնի դարձավ, ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Տեղի է ունեցել միայն ծանուցում, բայց ոչ քննարկում: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԱՄՆ նախագահին ընձեռել է Կոնգրեսը CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, որը ստորագրել է Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսի 2-ին։ Ինչպես հայտնում է РБК-ն, ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել ռուսական զենքի արտահանումները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։

Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։

Հատկանշական է, որ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։

Բացի այդ, համաձայն 2010 թ-ի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին պայմանագրին կից կնքած հատուկ արձանագրության, որով բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թ.-ը, Մոսկվան ոչ միայն իր վրա է վերցնում ՀՀ ողջ տարածքի անվտանգության ապահովման խնդիրը, այլեւ պարտավորվում է հայկական բանակն ապահովել ժամանակակից սպառազինությամբ:

Բացի այդ Հայաստանն ու ՌԴ-ն տարիներ առաջ ստորագրել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանագիր, համաձայն որի Հայաստանն իրավունք է ստացել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից ուղիղ գնումներ կատարել՝ շրջանցելով պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ի բյուրոկրատտիան:

Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ այդ սանկցիաներն այս դեպքում ուղղված էին Ռուսաստանի Դաշնության դեմ, նկատի ունենալով, որ այնտեղ Հայաստանն է, ես չեմ տեսնում նույնիսկ կապ Հայաստանի հետ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրած քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Նրա խոսքով, Հայաստանը, իհարկե, պետք է մտածի՝ ինչպես կարող են դրանք անդրադառնալ իր և Ռուսաստանի համագործակցության վրա, բայց, մյուս կողմից՝ «մենք Ռուսաստանի հետ հավաքական անվտանգության պայմանագիր ունենք, դա ինչ-որ անլեգալ համագործակցություն չէ, և չեմ կարծում, թե այդ մասին չգիտի ԱՄՆ-ը»: «Իհարկե, գիտի: Այսինքն՝ դա բաց համագործակցություն է, պաշտոնական համագործակցություն, մենք համագործակցում ենք նաև ՆԱՏՕ-ի հետ, այստեղ ճիշտ կլինի ասել՝ փորձում ենք այդ քաղաքականությունը լրացնել, այդ իսկ պատճառով, ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ այդ սանկցիաների հարցը  գերակտուալ խնդիր է»,- կարծում է Ստեփան Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ դրանք կիրառվելու են այս կամ այն աստիճանով, մի մասը կարող է ընդհանրապես չկիրառվել:  Ըստ  քաղաքագետի՝ պետք չէ այդ սանկցիաները Հայաստանի հետ կապել և կարևոր հարց համարել:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր հերթին նշեց, որ հաշվի առնելով ԱՄՆ և ՌԴ լարված հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից, Հայաստանը ԱՄՆ-ի կողմից որոշ սանկցիաների պետք է սպասել ամեն պահի: «Սակայն այժմ այս սցենարն այդքան էլ հավանական չէ», - ասաց փորագետը: Նրա խոսքով՝ մյուս կողմից ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին նույնը չի կարելի ասել. «Իհարկե որոշակի լարվածություն կա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, հատկապես, մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցում, բայց բիզնես մակարդակում նրանց հարաբերությունները լավ են. դժվար թե ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Ալիևի ռեժիմի դեմ»:

Նման սցենարը քիչ հավանական է համարում նաեւ ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, որը քննարկմանը միացել էր Մոսկվայից տեսազանգի միջոցով: «Հավանական չեմ համարում, որ ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքներ» կնքելու պատճառով», - ասաց նա ու հավելեց, որ Հայաստանի կառավարությանը տրված ծանուցումը նման հավանականության մասին քաղաքական ճնշում է պաշտոնական Երևանի վրա:

«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում անգամ, թե ինչու է ԱՄՆ-ն քաղաքական ճնշում գործադրում Հայաստանի վրա, այն դեպքում, երբ անկասկած, ԱՄՆ-ն ուզում է վերահսկողություն ունենալ այս տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Բայց եթե նրանք պատժամիջոցներ սահմանեն Հայաստանի նկատմամբ, այդպիսով Հայաստանը կհեռանա նրանցից, ոչ թե կմոտենա, իսկ Միացյալ Նահանգները չեն ուզի, որ Հայաստանը հեռանա իրենից»,- շեշտեց Վլադիմիր Եվսեևը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ