«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. հետընթա՞ց, թե՞առաջընթաց»
26.01.2018
12:00
Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես Բանակի օր: Այդ օրվան ընդառաջ 2017 թ. ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության և խախտման դեպքերի վերաբերյալ հունվարի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ բանախոսներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեցին իրենց տեսակետներն առկա խնդիրների վերաբերյալ։ Բանախոսների կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը հայկական բանակում կայուն շարունակական վատ վիճակում է, ինչն ուղեկցվում է Հայաստանում կեղծ հայրենասիրության քարոզչությամբ:

Անդրադառնալով 2017 թվականի ընթացքում զինվորների մահացությունների թվին՝ Արթուր Սաքունցը կարևորեց Զինված ուժերում այդպիսի դեպքերի արդյունավետ քննության խնդիրը․

«Պատժելիության կամ խախտումների համար պատասխանատվության անխուսափելիությունը երաշխիք է, որպեսզի նման գործողությունները այլևս չկրկնվեն»,-ասաց նա՝  հավելով, որ նախնական տվյալներով մահացության դեպքերը 62-ն են, որոնցից մոտ 45-50%-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, իսկ մյուսները տեղի են ունեցել խաղաղ պայմաններում (ներքին կանոնադրական հարաբերություններ, սպանություններ, ինքնասպանություններ, ավտովթարներ):

Ժաննա Ալեքսանյանը, համաձայնելով հնչեցված կարծիքի հետ, կարևորեց բանակում անպատժելիության խնդիրների վերհանումը։ Որպես օրինակ բերեց նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի դեպքը, ով իրեն պատուհանից ցած էր նետել ութօրյա ծառայությունից հետո: Մինչ իշխանամետ մամուլը գրում էր, որ տղան չի ցանկացել ծառայել, ծնողները պնդում էին, որ տղան շատ մեծ ուրախութամբ է գնացել ծառայության և մինչև վերոնշյալ դեպքը շատ լավ վիճակում է եղել:

«Ես չեմ տեսել մի օրինակ, երբ պաշտպանության նախարարությունը հակված է բացահայտելու այդ դեպքերը: Նրանք թերթերին տվել են կեղծ տեղեկություններ և բանակի ներսում պահպանել անպատժելիության մթնոլորտը, ինչը ամենամեծ խնդիրն է բանակում»,- ասաց նա և նշեց ևս մեկ օրինակ,  երբ պայմանագրային զինծառայողը, լրջագույն խնդիրների պատճառով փորձելով ազատվել աշխատանքից, նսեմացումների և բռնությունների էր ենթարկվել:

Արթուր Սաքունցը հավելեց, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ հիմնականում լռում են.

«Վիգեն Սարգսյանը ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբևիցե մեկ բառ անգամ չի խոսել բանակում տիրող իրավիճակի մասին: Հրապարակվում են մահվան դեպքերի, ինքնասպանությունների, սպանությունների տվյալները, բայց թե ինչ է անում բանակի ղեկավարությունը այս ամենը կանխելու, իրավիճակը փոխելու ուղղությամբ, ոչ մի խոսք մինչ օրս չի ասել: Ուստի խնդիրներին իրավական տեսակետից լուծում տալու համար դրանք պետք է բարձրաձայնվեն»:

Նա նաև մտահոգություն հայտնեց զորակոչի ժամանակ բժշկական զննության, ինչպես նաև բժշկական սպասարկման հետ կապված տեխնիկայի որակի վերաբերյալ, ինչն առավել ցայտուն դրսևորվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի շրջանում՝ երևան բերելով խնդիրների մի ամբողջ փունջ:

«Մենք ունենք մի քանի մահացության դեպքեր, երբ ռազմական գործողությունների վայրից վիրավոր զինվորին տեղափոխել են հոսպիտալ, և զինվորը մահացել է բուժօգնության մեքենայի անսարքությունների պատճառով»,- ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանում կեղծ հայրենասիրության քարոզչություն է իրականացվում․

«Պատկերացումը հայրենասիրության մասին բոլորովին այլ է: Կարևորը համազգեստ հագնեն, գնան դիրքեր: Կարևորը հայտարարեն, որ իրենք զինվորի կողքին են, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ զինվորների, որոնք ուշադրության չեն արժանանում»:

Իր խոսքում ԱրթուրՍաքունցը զինվորների ծնողներին հորդորում է զինվորների համար համազգեստ, հիգիենիկ պարագաներ և այլն ուղարկելու փոխարեն պահանջել պաշտպանության նախարարությունից, ինչը մտնում է իրենց պարտականությունների մեջ:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ