«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Ազատազրկվածների պահման պայմանները և խնդիրները ՔԿՀ-ներում մնացել են անփոփոխ՝ նախորդ տարիների համեմատ. այս մասին հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

«Մասնավորապես` շատ լուրջ է Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը: 8 հոգու համար սահմանված խցերում ապրում է 15 մարդ, իսկ հիմնարկի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ:  Խոնավ, կիսանկուղային հարկաբաժին է, ցուրտ, բորբոսնած պատերով, ուր ինչ միջատ ասես՝ կարող է լինել։ ՔԿՀ-ում կան խցեր, որոնք շատ անմխիթար են, կան նաեւ շատ լավ վերանորոգված խցեր, որոնք արվում են հենց կալանավորների միջոցներով»,-ասում է Ռևազյանը:

Ըստ բանախոսի՝ պետությունը պետք է պարտավորվի բոլոր խցերը բերել միանման, բարեկարգ տեսքի:

«Քրեակատարողական հիմնակներում թիվ մեկ խնդիր են նաև հիերարխիկ հարաբերությունները, որոնց դեմ, սակայն, պայքար չի տարվում։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է այդ հարաբերությունները վերացնելու ուղղությամբ հայեցակարգ մշակել»,- ասաց նա։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը եւս չհերքեց ՔԿՀ-ի գերբնակեցման եւ ոչ բարվոք պայմանների հարցը:

«2009-ին որոշում է կայացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացվելու, սակայն մեր ֆինանսական վիճակը թույլ չի տալիս դա իրականացնել 1 կամ 2 տարվա ընթացքում: Խնդրի լուծման նպատակով վեջին տարիներին կառուցվեց «Արմավիր» ՔԿՀ-ն, ինչը թեթևացրեց գերբեռնվածությունը։ Բարեփոխումների ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում հետագայում մենք ունենալու ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան այլ ՔԿՀ-ներ ևս։ Առաջիկայում նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել Գորիսում»,-ասաց Սահակյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը անդրադարձավ ՔԿՀ-ներում բուժսպասարկման խնդիրներին և նշեց, որ առողջական խնդիրների չլուծված լինելը հանգեցնում է մահվան դեպքերի, հիշեցնելով  մասնավորապես «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքը:

«Տարվա վերջին մենք այցելեցինք նաև Աբովյանում գտնվող կանանց ՔԿՀ։ Այնտեղ երկու լուրջ դեպքի հանդիպեցինք։  Հիվանդ դատապարտյալ կանայք, առհասարակ, խնամողներ չունեն, նրանց խնամքը ստանձնում էին առողջ դատապարտյալները, մինչդեռ ՔԿՀ-ները պետք է կարողանան պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել դատապարտյալներին: Այս մասին ահազանգել ենք Արդարադատության նախարարություն եւ ստացել մերժողական պատասխան: Արդյունքում՝ կանանցից մեկը մահացավ, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս դեպքերը ՔԿՀ-ի եւ ԱՆ-ն ուսերին է»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ  եթե պետությունը չի կարող բուժել ծանր հիվանդությամբ դատապարտյալի, պետք է նրան ազատ արձակի բուժում ստանալու համար, այլ ոչ թե սպասի նրա վախճանին:

Փոխգնդապետ Տիգրան Սահակյանը հակադարձեց` նշելով, որ 2017 թվականին 1740 կալանավորներ և դատապարտյալներ տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր:

Սահակյանը չհամաձայնեց նաև այն տեսակետի հետ, որ ազատազրկվածների հիվանդությունները շատ հաճախ կապվում են պահման պայմանների կամ բուժաննակազմի անհետևողականության հետ։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում սննդի որակին, ապա Ռոբերտ  Ռևազյանի խոսքով, այստեղ ևս հեղափոխական տարբերություն, լավացում առկա չէ։

«Եթե մեկ-երկու շաբաթ ՔԿՀ-ներ հանձնունք մտցնելն արգելվի, բունտ կբարձրանա։ Նման բան հնարավոր կլինի միայն որակյալ բանտային սննդի ապահովման դեպքում»,- ասաց նա։

Փոխգնդապետ Տիգրան Սահակյանն իր հերթին նկատեց, որ գոնե մեկ տարի պետք է անցնի՝ հասկանալու խնդրի դրական միտումներն ու բացերը։

«Սննդի որակի հետ կապված որևէ բողոք, սակայն չի ստացվել։ ՔԿՀ-ներ հանձնունքներ տանելը կապված են մեր ազգային մենթալիտետի հետ։ Միգուցե օրենքով արգելելը բերի ավելի վատ հետևանքների։ Ամեն դեպքում հանձնունքներ բերելը չեմ ուզում կապել սննդի վատ որակի հետ»,- ամփոփեց Սահակյանը։

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ