«Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում»
25.12.2017
12:00
Զորակոչիկների ամենաառաջնային հարցը զորակոչերի ընթացքում առնչվում է հիմնականում առողջական խնդիրներին և բժշկական եզրակացությանը: 2016-207 թթ. զորակոչերի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների 59 դիմումներից 50-ը վերաբերել են հենց զորակոչիկների առողջական խնդիրներին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասում է, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի իրենց դիմողների մեծ մասը հենց այդ խնդրով են եղել, երբ քաղաքացիները համաձայն չեն եղել իրենց առողջության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի տված եզրակացություներին:

«Օրենքով տրված է համալիր բուժզննություն, բայց դա չի իրականացվում բոլոր զորակոչիկների դեպքում, բժշկական եզրակացությունները տարբեր բժշկական հաստատությունների կողմից լինում են հակասական: Իսկ կենտրոնական բժշկական հաստատությունը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս` զորակոչիկի են: Փոխարենը ուղարկեն 3-րդ բուժհաստատություն ժխտելու կամ հաստատելու եզրակացությունը, միանգամից պիտանելիության մասին որոշում են կայացնում»,-ասաց Արմինե Սադիկյանը դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013–ից ի վեր իրականցնում է ամենամյա հետազոտություն զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցը հիմնվում է կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:

«2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում մեր աջակցության արդյունքում 7 հոգու տրամադրվել է  պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում: Նրանցից 3-ը ճանաչվել են  ժամանակավորապես ոչ պիտանի, 3-ը մինչև մեկ տարի տարկետում են ստացել և 1 հոգու տրվել է  մեկ տարով ժամանակավոր տարկտում»,-ասում է Սադիկյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասնեյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ առաջին կարևոր խնդիրը, որ մնում է օրակարգում, մի քանի հիվանդությունների համակցությամբ պիտանելիության որոշման հարցն է:

«Հիմա, եթե անձը ունի 5  հիվանդություն, ճանաչվում է սահմանափակումով պիտանի և մեկ տարով տրվում է տարկետում: Մենք հարց ենք բարձրացնում, իսկ ինչու ՞ հինգ, ինչու ՞ ոչ երկու, որովհետև նույն անձի մոտ են այդ հիվանդությունները հայտնաբերվում: Մենք գտնում ենք, որ մեկ հիվանդությունից ավելի ունենալու դեպքում, անձի պիտանելիության հարցը այդ մակարդակում պետք է դիտվի ու անհապաղ տարկետում տրվի»,-ասում է Սաքունցը:

Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ եթե  տրվում է տարկտում, ապա այն տրվում է առողջական խնդիրը լուծելու համար:

«Բայց մենք գիտենք, որ այդ բժշկական ծառայությոնը չի տրամադրվում տարկետման ընթացքում, այդ տարկտումը ձևական բնույթ է կրում ու հետո հաջորդ զորակոչին այս նույն անձին ճանաչում են պիտանի, երբ նրա առողջական վիճակի մեջ որևէ  դրական միտում կամ աճ չի գրանցվել: Մենք նույնիսկ զորակոչվածներ ենք ունել, որոնք կարճ ժամանակ անց տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Այն մտահոգությունը, որ կար զորակոչից առաջ ուշադրություն չեն դարձնում և անձը զորակոչվելուց հետո հայտնվել է  զինվորական հոսպիտալում»,-ասում է Սաքունցը:

Արմինե Սադիկյանը օրինակ է բերում նման 3 դեպք.

«Նրանցից երկուսը շարային ծառայության համար պիտանի էին ճանաչվել, մյուսը` սահմանափակումով: Նրանցից մեկը զորակոչվելուց  ընդամենը 2 օր անց հայտնվել էր հոսպիտալում, իսկ 2-ը` ընդամենը 2 շաբաթ անց: Սա խոսում է այն մասին, որ զորակոչիկները ունեցել են լուրջ առողջական խնդիրներ, իսկ բժշկական հանձնաժողովները լուրջ ուշադրություն չեն դարձնում զորակոչիկների գանգատներին»:

Արթուր Սաքունցը էլ հավելում է, որ անձի բժշկական զննության իրավունքը պետք է գաղտնիության պայմաններում ապահովվի, ոչ թե մի քանի անձի հետ:

«Թե ՛ զորակոչային հանձնաժողովը, թե ՛ բժշկական հանձանժողովը զորակոչի ժամանակ ոչ միայն իրենց լիազորությունները պետք է կատարեն օրենքով սահմանված կարգով, այլև պետք է զորակոչիկին իրազեկեն իրենց իրավունքների մասին, թե ինչ իրավուքն ունի զորակոչիկը: Սա չի արվում»,-շեշտում է Սաքունցը:

Ասուլիսի ընթացքում նա ներկայացրեց նաև ուշագրավ վիճակագրություն 1998 թ.-ից մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած և ազատված քաղաքացիների վերաբերյալ:

«1998-ից մինչ 2017 թ. հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած 1282 քաղաքացուց 717 կրթություն ստանալու հարցերով է եղել, իսկ երկրորդ տեղում Հայ առաքելական  եկեղեցու սպասավորներն են` 351 անձ: Այսինքն տարկետումների տրամադրման երկրորդ տեղը Հայ առաքելական եկեղեցու սպասվորներինն է: Իսկ նույն ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատված  202 անձանից 186-ը եղել են հոգևորականներ ու ոչ մեկը չի եղել կրթության կամ մշակութային հարցերով»,-հավելում է Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.amէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ