«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրաքվեին մասնակից 1 միլիոն 300 հազար քաղաքացիներից ավելի քան 825 հազարն «Այո» էր ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ «Ոչ»՝ ավելի քան 421 հազար քաղաքացի։
Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պնդում էին, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում Հայաստանում կլուծվեն պետական կառավարման, քաղաքական ու դատաաիրավական ոլորտներին առնչվող արմատական խնդիրներ։
Հանրաքվեից 2 տարի անց՝ դեկտեմբերի 6-ին «2015 թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում հանրաքվեի նախընտրական շրջանում սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հնչեցրած բոլոր մտահոգություններն իրականություն են դարձել և հանրաքվեից հետո Հայաստանում այլևս քաղաքական պայքար չկա։
«Հայաստանում քաղաքական փոփոխությունների հիմնական ասպարեզը եղել են նախագահական ընտրությունները, որևէ այլ ընտրության ժամանակ հանրությունը այդ չափով մոբիլիզացիա չի ապահովել։ Շատ լավ հասկանալով դա՝ բերեցին սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ, որով ընդհանրապես վերացվեցին նախագահական ընտրությունները»,-ասում է Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով․«Նոր Սահմանադրությամբ քաղաքական կամ ընտրական ճանապարհով փոփոխության հնարավորությունը Հայաստանում վերացավ։ Պատահական չէ, որ 2015թ․ դեկտեմբերի 6-ից հետո մենք տեսնում ենք առնվազն երեք խումբ, որոնք փորձել են զինված ճանապարհով իշխանափոխության հասնել»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատականով՝ 2015 թ․ դեկտեմբերի 6-ից հետո դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չի եղել ու չի էլ սպասվում և տեղի են ունենալու զուտ անվանական ու թվաքանակային աննշան փոփոխություններ։
«Հայաստանում չի կարող լինել անկախ դատական համակարգ։ Ո՛չ մենք ենք այդ պետությունը, ո՛չ էլ այդ հասարակությունն ունենք։ Մենք պատրաստ չենք անկախ դատական համակարգի։ Ոչ ոք մեր հանրության մեջ պատրաստ չէ պատժի անխուսափելիությանը, երբ դու չես կարող փող տալ դատավորին և ազատվել պատժից, սա մեր ժողովուրդը չի ընդունում»։
Իրավաբանը կարծիք է հայտնում, որ այս փուլում կարող ենք ունենալ ամենաշատը ինքնուրույն դատավորներ, անհատներ, որոնք այժմ էլ կան ու որոշակի մթնոլորտ են փոխել, միաժամանակ նշում է 2 քայլ, որոնք կարող են առողջացնել դատական համակարգը․
«Դրական նշանակություն կունենար երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, մասնագիտացված դատարանների ստեղծումը»։
Գնահատելով ներկայիս Սահմանադրությունը՝ վերջինս այն համարում է «դասական սովետական սահմանադրություն»․
«Այդ Սահմանադրության մեջ իշխանության իրական կենտրոնը և ձևական կենտրոնը կարող են լինել տարբեր տեղերում։ Անձը, որը տիրապետում է այս երկրի իրական լծակներին, նա կարող է պաշտոն չունենալ։ Եթե այս երկրում ինչ-որ մեկը վերահսկում է ֆինանսներն ու ուժայիններին, նա վերահսկում է ամեն ինչ»։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, հղում անելով վիճակագրությանը, նշում է, որ աշխարհում ավտորիտար, բռնապետական ռեժիմներ հանդիպում են ավելի շատ նախագահական ու կիսանախագահական կառավարման համակարգերի դեպքում, և հակառակը՝ ժողովրդավարական ռեժիմներն ավելի շատ են խորհրդարանական կառավարման դեպքերում․
«Բայց սա չի նշանակում, որ եթե ուզում ես ժողովրդավարություն կառուցես, ուրեմն պետք է անպայման ընտրես խորհրդարանական կառավարումը։ Եվ ընդհանրապես կառավարման համակարգերը՝ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական, դրանք ժողովրդավարական ռեժիմի բնորոշ համակարգեր են։ Բոլոր համակարգերն էլ կարելի է կիրարկել էֆեկտիվորեն, եթե կարողանանք ունենալ դե ֆակտո ժողովրդավարական ռեժիմ»։
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանում ներդրված կառավարման մոդելի, ավելի կոնկրետ կայուն մեծամասնության գործոնի ներդրման համար օրինակ ծառայել է Սան-Մարինոն․
«Սան-Մարինոյում քաղաքական ուժերը բազմազան ու շատ հավասարազոր կուսակցություններ կան։ Անընդհատ կոալիցիոն կառավարություններ է ձևավորվում ու բավարար էր, որ մի հոգի փոխեր դիրքորոշումը, ամբողջ կոալիցիան փլուզվում էր ու նոր ընտրություններ։ Հայաստանը նման խնդիր չունի, և ներկայիս համակարգը չի եկել հայաստանյան խնդրից։ Նրանք, ովքեր ներդրել են կայուն մեծամասնության համակարգը, առաջնորդվել են բոլորվին այլ ու անհայտ մոտիվացիաներով»։
Միաժամանակ փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մինչ սահմանադրական փոփոխությունների խնդիրն օրակարգում հայտնվելը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Հայաստանի պարագայում լավագույն տարբերակը կիսանախագահական կառավարումն է։ Սակայն ամիսներ անց բոլորովին հակառակն էին փորձում ապացուցել։
«Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը սկզբից հանդես էր գալիս խորհրդարանական կառավարմանը դեմ դիրքերից, հետո, երբ քարոզարշավը սկսվեց, ինքը բերում էր հիմնավորումներ, թե ինչքան ճիշտ է խորհրդարանական կառավարման համակարգը», - ասաց քաղաքագետն ու հավելեց․ «Այս ամենն այնքան արհեստական է ու բացարձակ կապ չունի հայաստանյան խնդիրների հետ, հիմնավորված չէ որևէ կերպով, և մարդիկ զուտ կոնյուկտորային ու նեղ քաղաքական խնդիրներ լուծելու մոտիվացիայով են առաջնորդվել»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ․ փոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ