Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտները և սահմանափակումները Հայաստանում
17.11.2017
12:00
Հայաստանում դատական նիստերի լուսաբանման ընթացքում խախտվում և սահմանափակվում են լրագրողների իրավունքները

Այս մասին նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը` ներկայացնելով իրենց կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

«Մենք՝ լրագրողներս, միշտ առաջին շարքերում ենք, երբ որևէ մարդու իրավունք է խախտվում, սակայն շատ հաճախ, ցավոք, երբ հերթը հասնում է մեր իրավունքներին, նույնքան ջատագով չենք»,- ասաց Արման Ղարիբյանը:

Հետազոտության նպատակներով ուսումնասիրել են միջազգային օրենսդրական փորձը (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր և այլն) և միջազգային պրակտիկան՝ համադրելով և համեմատելով հայաստանյան օրենսդրության և պրակտիկայի հետ:

«Լրագրողների ներկայությունը միջազգայնորեն ընդունված է՝ թե՛ փատաթղթերով, թե՛ պրակտիկայով: Իհարկե, միջազգային փաստաթղթերը չեն անդրադառնում լրագրողների գործիքակազմի ընտրությանը, սակայն սա իր հերթին նշանակում է, որ լրագրողներն ազատ են իրենց գործիքակազմն ընտրելիս և կարող են աշխատել այնպես, ինչպես բխում է իրենց լրատվամիջոցի շահերից»,-նշեց Արման Ղարիբյանը:

Մեջբերելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի հանձնարարականը, Ղարիբյանը կարևորեց լրագրողների՝ քրեական արդարադատության համակարգի գործունեության լուսաբանման իրավունքը: Մոտեցումը նույնն է նաև վարչական և քաղաքացիական դատավարությունների դեպքերում:

«Որպես միջազգային փորձի վերլուծության արդյունք՝ մենք եկանք այն եզրահանգման, որ աշխարհը հաշվի է նստում մարդկության, տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ և ավելի բաց է դառնում, ուստի Հայաստանը պետք է հետ չմնա այդ զարգացումներից: Որքան հանրային և թափանցիկ լինի դատական նիստը, այնքան ավելի շատ կարելի է ակնկալել, որ ի վերջո կունենանք արդար դատավճիռ, ինչին ձգտում են ժողովրդավարական հասարակությունները»,-ասաց Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի երեք դատավարության օրենսգրքեր՝ քրեական, քաղաքացիական և վարչական, որտեղ դատական նիստի լուսաբանման իրավունքների տարբեր մոտեցումներ են ներկայացված, ինչը, իր կարծիքով, բարելավման կարիք ունի:

Հայաստանում ընդհանուր իրավիճակը գնահատելու նպատակով «Իրավունքի ուժ» ՀԿ-ն խորքային հարցազրույցներ և առցանց հարցումներ է կատարել դատական նիստերը լուսաբանող լրագրողների հետ:

«Խորքային հարցազրույցների ընթացքում լրագրողները երեք հիմնական խնդիր են առաձնացրել. տեսանկարահանման և լուսանկարահանման արգելքները կամ ժամանակային սահմանափակումը, ինչպես նաև տեխնիկական խոչընդոտները: Եղել են անգամ դեպքեր, երբ դատավորը ասել է «սանրվածքս այսօր վատն է, մի նկարահանեք» ու արգելել է, որպեսզի լրագրողները դատական նիստը տեսանկարահանեն»,- նշեց Ղարիբյանը և շեշտեց, որ սա չհիմնավորված ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:

Նա նշում է, որ առցանց հարցումները նույնպես փաստել են, որ այս հարցում օրենսդրական բարեփոխումների կարիք կա:

Ղարիբյանը հանդես եկավ առաջարկություններով, որոնք ուղղված էին Արդարադատության նախարարությանը և դատական համակարգի մարմիններին:

Ասուլիսի վերջում նա հորդորեց դատական նիստերը լուսաբանող լրագրողներին և լրատվամիջոցներին՝ հետևողականորեն լուսաբանել և բարձրացնել առկա խնդիրները:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ