«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որտեղ բանակցությունների արդյունքների մասին մասնավորապես ասված էր.

«Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում»։

Ալիևի հետ բանակցությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսելով բանակցությունների մասին, մասնավորապես ասել էր․

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա՛ Աստված, որ միշտ այդպես կարծի»:

Ժնևյան բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես էր եկել նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ որպես բանակցությունների արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման նշվում էր սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հանգամանքը։

«Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը»,- մասնավորապես ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ Ալիև-Սարգսյան» խորագրով քննարկման ընթացքում «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանը նախ նշեց, որ ոչ ոք, բացի երկու երկրների նախագահներից, տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են քննարկվել բանակցությունների ընթացքում, սակայն կարծում է, որ սահմանային անվտանգության թեմային անդրադարձ եղել է․

«Ալիևը, բնականաբար, ուզում էր այլ ուղղությամբ տեղափոխել բանակցությունները։ Անշուշտ, տևական ժամանակ է՝ ամբողջ կռիվը գնում է նրա շուրջ, որ ինչ-որ ձևով փոխվի ստատուս քվոն։ Ադրբեջանին դա է ձեռք տալիս, Հայաստանին առայժմ դա ձեռք չի տալիս։ Ալիևը դեմ է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որովհետև եթե նորմալ մոնիտորինգային գործընթաց սկսվի, ապա ըստ Ադրբեջանի՝ ստատուս քվոն շարունակվելու է պահպանվել ի օգուտ Հայաստանի։ Նրանց տեսակետը հետևյալն է՝ արագ լուծում տանք,ք կամ մենք չենք համաձայնի որևէ մոնիտորինգի, որևէ ստատուս քվոյի պահպանման»։

Քննարկման բանախոսներից արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ հանդիպման փաստն ինքնին դրական է, քանի որ բանակցությունների, հանդիպումների առկայությունը շատ ավելի լավ է, քան դրանց բացակայությունը։ Անդրադառնալով բանակցությունների ընթացքին ու բովանդակությանը՝ Նավասարդյանն Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների, համարեց դիվանագիտական բլեֆ։

«Նա շատ լավ գիտի, որ  առանց նախապայմանի  և առանց պայմանի բանակցություն չի լինում:  Եթե այդ մասին նույնիսկ  չի հայտարարվում, բա էլ ինչ է՝ նստում են  այնտեղ, սուրճ են խմո՞ւմ: Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, կոնֆլիկտային իրադրություն, կոշտ մոտեցում»,- «Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»  թեմայով քննարկմանն ասաց Արման Նավասարդյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ստատուս քվոյի փոփոխության հեռանկարին, համոզմունք հայտնեց, որ 2016թ․ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ստատուս քվոյի փոփոխության վրա հիմնված որևէ գործընթաց փակուղուց ու նոր պատերազմից բացի որևէ այլ տեղ տանել չի կարող։ Վերջինս կարծում է, որ այդ հանգամանքը շատ լավ գիտակցում են միջնորդ երկրները և այդ առումով պատրանքներ չունեն․

«Այդ պատճառով ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, ընդհակառակը ներկայումս կա ստատուս քվոն պահելուն նոր որոշակի քաղաքական ֆորմատի կամ բանաձևի ձևավորման խնդիր, որի միջոցով հնարավոր կլինի պահել կայունությունը»։

Բանախոսը նաև նշեց, որ վերջին ամիսներին սահմանին իրավիճակը որոշ առումներով կայուն է, քանի որ հայկական կողմը էապես ավելացրել է այդ կայունությունը ռազմատեխնիկական միջոցով ապահովելու իր հնարավորությունները։

The Armenian Interest-ում փորձագետ Վան Հարությունյանը գտնում է, որ, չնայած հանդիպումից հետո տիրող համընդհանուր պոզիտիվ արձագանքներին, սահմանին տիրող լռությունը ժամանակավոր է․

«Ինչպես գիտեք,  2018թ․ Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, Հայաստանում ևս տեղի են ունենալու ներքաղաքական լուրջ գործընթացներ, նույն Ռուսաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, և այս լռությունը անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրների լիդերները իրենց ուշադրությունը կենտրոնացնեն ներքաղաքական խնդիրների վրա։ Այս փուլում որևէ մեկը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ»։

Արցախից տեսազանգով քննարկմանը միացած քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, գնահատելով ժնևյան հանդիպման արդյունքները, նշեց, որ այն հայկական կողմի հերթական պարտությունն է․

«Ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները պարտադրել էին մեխանիզմների իրականացում, որը թույլ կտար մեղմացնել ու վերահսկել էսկալացիան հակամարտության գոտում։ Հայկական կողմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանը չհամաձայնի իրականացնել իր վրա ստանձնած պարտավորությունները, որևէ բովանդակային բանակցություն տեղի չի ունենալու։ Սակայն բանակցություններ տեղի ունեցան և դրանց արդյունքում ընդունվեց մի հայտարարություն, որի մեջ որևէ խոսք չկա ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:
«ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում»
26.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊՀ-ում
23.04.2019
14:30
Ապրիլի 23-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
«Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ»
23.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
23.04.2019
10:30
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ