«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։

Որոշ առումներով համաձայնագրի տեքստի հրապարակումն անակնկալ էր։ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն վերջնականապես ստորագրված չէ:

Համաձայնագրի բովանդակության, տեքստի հրապարակման ժամանակի ընտրության և փաստաթղթի վերջնական ստորագրման հնարավոր խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու մեկնաբանություններ են հնչել հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում հրավիրված «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերությանհամաձայնագիր հեռանկարներ ու հնարավորություններ» քննարկման ժամանակ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ համաձայնագիրը կարող էր հրապարակվել միայն երկու կողմերի՝ ԵՄ և Հայաստան, փոխադարձ համաձայնության դեպքում, ինչը նշանակում է, որ կողմերը վճռական են մոտակա ժամանակահատվածում այն ստորագրելու ․

«Սա նաև նշանակում է, որ դրսից ակնհայտ միջամտություն, ինչպես տեղի ունեցավ 2013թ․, չի ակնկալվում և դրա հիմնական պատճառն այն է, որ, ըստ երևույթին, համաձայնեցված է Ռուսաստանի հետ»։ Վերջինս նաև Եվրասիական Միությունից համաձայնագրի հետ կապված բացասական արձագանք չի սպասում, քանի որ այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի նկատմամբ, առաջնային են մնում և չեն հակասում ԵՄ-Հայաստան համաձայնագրով ստանձնվող պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ բանախոսը չի բացառում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի ոչ թե Հայաստանի կողմից, այլ հենց Եվրոպական Միության, քանի որ ԵՄ կուլիսներում մտահոգություններ կան, թե ինչպես է լուծվելու իշխանության պատկանելիության հարցը 2018 թ․ ապրիլից հետո․

 «Հայաստանում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, և շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո։ Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչև ապրիլ-մայիս»։

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ համաձայնագիրը հրապարակվել է ոչ թե հանրության պահանջով ու հանրային քննարկումների համար, այլ Ռուսաստանից հնչող մտավախությունները փարատելու համար։

Անդրադառնալով համաձայնագրի նշանակությանը՝ փորձագետը ԵՄ-Հայաստան հարաբերությունները համեմատեց մեծ փազլի հետ, որտեղ համաձայնագիրը հիմնական մասն է զբաղեցնում և դրա հրապարակումով արդեն կարող են տեսնել, թե այդ փազլն ինչ տեսք է ունենալու։

Անդրադառնալով համաձայնագրի ամենաշահարկվող կետին՝ Մեծամորի ատոմակայանի փակմանը, Իգիթյանը նշեց, որ դրանք պարզապես անհիմն շահարկումներ են, քանի որ այդ հարցը միշտ եղել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում․

«1988թ. երկրաշարժից հետո այն փակվել է ոչ նրա համար, որ քաղաքական ճնշում է եղել, այլ նույնիսկ այն ժամանակ ԽՍՀՄ համապատասխան մարմինները չէին կարող երաշխավորել, որ այն կաշխատի։ Բոլոր դեպքերում պետք է հասկանանք, որ ատոմակայանն ունի աշխատելու ժամկետ։ Եվ այդ հարցի պատասխանը, թե՝ հետո ի՞նչ, մեր իշխանությունները մինչև հիմա չեն տվել։ Գոնե մեր գործընկերն ասում է, որ, եթե գա մի օր, որ դա պետք է փակվի, իրենք պատրաստ են գումար տրամադրել այն սառեցնելու համար։ Երկրորդ՝ եթե Հայաստանը ցանկանա ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխանող ատոմակայան ունենալ, ապա այդ բոլոր հնարավորությունները կան»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը համաձայնագիրը հնարավորություն է համարում Հայաստանի համար, որից օգտվելը բխում է Հայաստանի ժողովրդի շահերից։ Վերջինս նշում է, որ համաձայնագրով բարեփոխումներ են նախատեսվում հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝  կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատության համակարգի փոփոխություն, մարդու իրավունքների զարգացում, մշակույթ, կրթություն, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ։

«Հստակ գրված է. պետք է պաշտպանվի փոքր ու միջին բիզնեսի իրավունքը: Այդ կետերը հստակ ու նպատակաուղղված են: Օրինակ` տուրիզմի մասին. բավականին մանրամասն նշված է ծառայությունների մասին` փոստային, էլեկտրոնային, տրանսպորտային: Այսինքն` կոնկրետ մարդկանց կյանքի հետ կապված կետեր են: Գրված են նաև սկզբունքները, թե ինչպես պետք է աշխատեն այս կետերը: Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մի քանի խոսքով գրվում է նաև` ինչպես»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։

Փորձագետը շատ կարևոր է համարում ԵՄ-ի հետ վիզաների պրազեցման խնդիրը ու մարդկային մոբիլության խթանումը Հայաստանի ու ԵՄ երկրների միջև․

«Շատ կարևոր է, որ վիզաների ազատականացումը ներառված է համաձայնագրի մեջ, նախկինում այդ գործընթացը զուգահեռ էր գնում։ Կարևոր է նաև, որ մեզ համար բացեցին հնարավորություն երկրորդ փուլի՝ վիզաների երկխոսության անցնելու համար։ Եվ սա պահանջում է լուրջ բարեփոխումներ՝ ֆինանսական, արդարադատության համակարգերում, նաև կոռուպցիայի դեմ պայքարում և այլն»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքderenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ