«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։

Զեկույցում մեջբերված վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեցտարի աճում է այն անձանց թիվը, ովքեր գիտակցելով բժշկի օգնությանը դիմելու անհրաժեշտությունը, չեն դիմել համապատասխան մասնագետի։

Ըստ զեկույցի տվյալների` բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության գիտակցման դեպքում բժշկի չդիմած անձանց քանակը վերջին 7 տարում աճել է գրեթե երկու անգամ. եթե 2009թ. չդիմելիության ցուցանիշը կազմել է 19.2%, ապա 2012թ.՝ 35.2%, իսկ 2016թ.՝ 36.8%:

Սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, խնդրին անդրադառնալով, նշեց, որ գիտակցելով խնդրի կարևորությունը և առողջ քաղաքացիներ ունենալու անհրաժեշտությունը՝ մշակվել է ռազմավարություն, որի համաձայն Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվելու է աստիճանաբար առաջիկա 5 տարիների ընթացքում: 

«Հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը կգործի 100 հազար պետական ծառայողի համար, իսկ եկող տարվանից՝ 612 հազար սոցիալապես անապահով մարդկանց համար։ Երկու դեպքում էլ ապահովագրության գումարները վճարելու է պետությունը»,-ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նա կարծիք է հայտնում նաև, որ բժշկական պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը դրականորեն կազդի մատուցվող բուժօգնության որակի վրա։

Աշոտ Խուրշուդյանը, անհրաժեշտ ու արդիական համարելով բժշկական պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը, միաժամանակ նշեց, որ այս պահին դեռևս պատրաստ չենք միանգամից այդ համակարգի ներդրմանը և դրա համար նախապատրաստական ժամանակ է հարկավոր:

«Պետք է թվերով, հաշվարկներով տեսնենք, թե դա ինչ է նշանակում բուժհաստատությունների, գործատուների, աշխատողների, պետության, բժիշկների համար։ Ամբողջ ազգը ներգրավվելու է այս պրոցեսում»,-ընդգծեց Խուրշուդյանը։

Փորձագետի կարծիքով մեծ նշանակություն ունի հասարակության վարքագծի փոփոխությունը, քանի որ հենց հասարակությունը պետք է պատրաստ լինի այլ իրականության մեջ ապրելու համար, նաև պետք է մեծանա վստահությունը բժիշկների ու բուժհաստատությունների հանդեպ:

«Մարդիկ պետք է փոխեն իրենց վարքագիծը, և բժշկական ապահովագրությունը հենց դա էլ ենթադրում է, որովհետև, երբ այն ներդրվում է, այլ խողովակները փակվում են կամ թանկանում։ Եթե դու ես ընտրություն կատարում, թե որ բժշկի մոտ գնաս, ապա, խնդրեմ, վճարիր քո գրպանից։ Այսինքն՝ համակարգի հանդեպ պետք է վստահություն լինի»,-ասաց Խուրշուդյանը։

Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ այս պահին բժշկական ապահովագրություն ունի ՀՀ քաղաքացիների մեկ տոկոսը՝ հիմնականում այնպիսի ընկերությունների աշխատակիցներ, ովքեր ուշադրություն են դարձնում առողջապահական խնդիրներին։

Բանախոսը նաև հավաստիացնում է, որ պարտադիր ապահովագրությունը շատ ծանր ֆինանսական բեռ չի լինելու, ավելին` ժամանակի ընթացքում քաղաքացիները տեսնելու են համակարգի արդյունավետությունը:

«Երբ ամբողջությամբ համակարգը գործի, պետպատվերն իր ակտուալությունը կկորցնի: Այդ դեպքում անձը պետք է ընտրի վեց ապահովագրական ընկերություններից մեկի հարմար ապահովագրական փաթեթը և ապահովագրվի: Հավատացեք` միջին աշխատավարձ ստացող քաղաքացու համար դա տարեկան կտրվածքով ընդունելի գումար է»,-ասաց Մելիք-Նուբարյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: