Հարցազրույց-ասուլիս Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ
05.09.2017
11:00
2017թ. սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Սպասվող ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, քանի որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հարցազրույց-ասուլիսի ընթացքում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձավ պալատի և իր գործունեությանն առնչվող մի շարք հարցերի, արձագանքեց իր ընդդիմախոսների կողմից հնչող կոշտ քննադատություններին։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ որևէ փաստաբան չի հավակնում պալատի նախագահի պաշտոնին, բանախոսն այդ հանգամանքը բացատրեց պոտենցիալ մրցակիցների անվստահությամբ:

«Փաստաբանների պալատում ժողովրդավարություն է եւ 10 տարվա փորձ ունեցող փաստաբանները կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել: Իմ ընդդիմախոսները վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց քվեն նրանց կտա, երեւի դրա համար էլ չեն առաջադրվել: Ես մեծամտությամբ չեմ տառապում, բայց կարծում եմ, որ իմ ընդդիմադիրները ծայրահեղ վիրավորանքներ են հասցնում, երբ նշում են, որ իրենք որակյալ փոքրամասնություն են, կամ Փաստաբանների պալատը ճնշումներ է գործադրում եւ այլն: Լավ կլիներ, որ միասնական թեկնածուով հանդես գային եւ, ըստ իրենց ասածի, «փրկեին Փաստաբանների պալատը ինձնից»,-ասաց Զոհրաբյանը։

Մյուս կողմից պալատի նախագահը նշում է, որ չնայած ընտրությունների ոչ մրցակցային լինելուն, այնպես չէ, որ իր հաղթանակը կանխորոշված է, քանի որ հնարավոր է՝ փաստաբանների մեծամասնությունն ընտրություններին չգնա, կամ էլ գնալու դեպքում «դեմ» քվեարկի իրեն։

Չնայած որ միակ թեկնածուն է, Արա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ քարոզարշավին մասնակցում է այն տրամաբանությամբ, որ մրցակիցներ ունի ու ներկայացրեց վերջին տարիներին իր կատարած աշխատանքները, որոնց թվում մատնանշեց.

«Ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, ներդրվել է մարզային համակարգողի ինստիտուտը, ստեղծվել է Փաստաբանների երիտասարդական խորհուրդ, որի գործառույթը երիտասարդ փաստաբաններին պալատին ինտեգրելն է, ստեղծվել է արագ արձագանքման խորհուրդ և այլն»:

Վերջինս հերքեց նաև ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսները ոչ արդյունավետ կառավարելու, ուռճացված հաստիքացուցակ պահելու առումով հնչեցվող մեղադրանքները՝ նշելով, որ բավական է նայել Փաստաբաների պալատի հաստիքացուցակն, ըստ տարիների, և պարզ կլինի, որ աշխատակազմի ավելացում տեղի չի ունեցել։

Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության խնդիրներին անդրադառնալով՝ Արա Զոհրաբյանը նշեց, որ չի հաջողվել կրճատել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, սակայն հետևողական քայլեր կատարվում են այդ ուղղությամբ:

«Մեր  լոբբինգի արդյունքում հանրային պաշտպանի 5 հաստիք ավելացվեց, դրան գումարած ստեղծեցինք անվճար իրավաբանական օգնության համակարգեր, մասնավորապես ամեն հինգշաբթի բոլոր քաղաքացիներին Փաստաբանների պալատում անվճար իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում, որ նաև մարզերում են իրականացնում»,-նշեց բանախոսը՝ հավելով, որ ծանրաբեռնվածությունը սակայն շարունակում է մնալ հիմնական խնդիրը։

Նա ընդգծում է, որ յուրաքանչյուր տարի ավելանում են գործերը՝ քրեական, քաղաքացիական, հանցավորության աճ է տեղի ունենում։

«Երկրորդ պատճառը հանրային պաշտպանի տրամադրվող ծառայությունների որակի աճն էր, որը կրկին բերեց գործերի ավելացման։ Երրորդ պատճառն օրենսդրական է, քանի որ շատ դեպքերում նույնիսկ վճարունակ քաղաքացիների համար օրենքի պարտադրանքով է հանրային պաշտպան նշանակվում»,-հավելեց Զոհրաբյանը։

 Անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների խուզարկությանը վերաբերող թեմային՝ Արա Զոհրաբյանը նշեց. «Դա խուզարկություն չէ, զննություն է, այլ բան է, որ զննության գործընթացի հետ կապված խնդիրներ եմ տեսնում: Եթե փաստաբանները գտնում են՝ խուզարկություն է, առնվազն իրավապահներին պետք է հաղորդում ներկայացվեր… Եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց, և դա նրանք օգտագործեն: Ես չեմ ասում կանցկացնեն փաստաբանները, բայց կարող է լինել մեկը, որ նման բան անի»: 

Հարցազրույց-ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ