«Նախընտրական խոստումներ և քայլեր. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության երկամսյա գործունեությունը»
22.08.2017
12:00
Երևանի նորընտիր ավագանին շուրջ երկու ամիս է, ինչ ստանձնել է իր լիազորությունները։

Ավագանու «Ելք» խմբակցությունն այս ընթացքում աչքի է ընկել մի քանի աղմկոտ նախաձեռնություններով, որոնք հանրության կողմից հատկապես սոցցանցերում ընդունվել են ոչ միանշանակ։ Ընդդիմադիր խմբակցության երկամսյա գործունեությունը (Երևանի մի քանի փողոցների անվանափոխությունը, Վերնիսաժի տարածքում «ռաբիս» երաժշտության, հասարակական տրանսպորտում այլ պետությունների դրոշների տեղադրման արգելումը) հանրային բանավեճերի առիթ է հանդիսացել։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մինչ այժմ ամենից շատ աչքի ընկնող ձեռքբերումը ընդունված է համարել վճարովի ավտոկայանատեղիների համար բջջային հեռախոսով վճարումների թանկացման կասեցումը։

«Մեդիա կենտրոնում» օգոստոսի 22-ին հրավիրված քննարկման ընթացքում, որը կրում էր «Նախընտրակա խոստումներ և քայլեր. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության երկամսյա գործունեությունը» խորագիրը, «Ելք» խմբակցության անդամներ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը և Սերգեյ Ղարհամանյանը ներկայացրեցին ու վերլուծեցին իրենց կարճատև գործունեության արդյունքները, խոսեցին առկա խնդիրների և հնարավոր լուծումների մասին։

Խոսելով այն մասին, թե որքանով է խմբակցությունը հետևում դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներին, ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար «Ելք» դաշինքը պետք է իշխանություն ունենար։

«Ես ուզում եմ շեշտել, որ շատ հաճախ քաղաքական ուժերը երբ հանդես են գալիս ծրագրային դրույթներով, այդ ծրագրերը ամբողջությամբ իրականություն են դառնում, եթե տվյալ ուժը իշխանության է գալիս։ Իշխանության չգալու դեպքում, իհարկե, իր գործունեության ընթացքում հավատարիմ է մնում այն ծրագրային դրույթներին, որոնք առաջ է քաշել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինս, անդրադառնալով իրենց հասցեին հնչեցվող այն քննադատություններին, որ «Ելք»-ը էական խնդիրների վրա չի կենտրոնանում, նշեց, որ լուրջ ու համակարգային խնդերը չի կարող երկու ամսում լուծում ստանալ և պետք է հաշվի առնել, որ իրենց խմբակցությունը սահմանափակ հնարավորություններ ունի։

Միաժամանակ բանախոսը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ «Ելք» խմբակցության անդամների ակտիվ գործունեության արդյունքում Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղիների համար բջջային հեռախոսով վճարումների թանկացման կասեցման վրա քչերը ուշադրություն դարձրեցին։

Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ շատերն էին ցանկանում, որ այդ թանկացումը չլինի, սակայն չէին ցանկանում, որ այդ արդյունքը գրանցվի «Ելք» խմաբակցության անդամների ջանքերի շնորհիվ. «Եվ չէին ուզում թանկանա, սակայն չէին ուզում, որ այդ հարցը «Ելք»-ի սատարումով լուծվի։ Ուզում էին երևի, որ չեզոք ուժ գա, չեղարկի թանկացումը, ես սրա մեջ նաև նախանձի տարրեր եմ տեսնում»։

Անդրադառնալով վերջին շրջանում ամենաքննարկվող՝ Երևանի մի քանի փողոցների անվանակոչմանը, «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ նշեց, որ անսպասելի նախաձեռնություն չէր, քանի որ իրենց նախընտրական ծրագրում փողոցների անվանափոխման խնդիրը եղել է։

«Մենք ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են այնպիսի մարդկանց անունով, որոնց գործունեությունը եղել է` ի վնաս հայ ժողովրդի, ի վնաս հայոց պետականության, և մենք ունենք բազմաթիվ հայ մեծեր, որոնց անունով դեռևս փողոցներ անվանակոչված չեն»,-նշեց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այս պահին քննարկումների փուլում են Լենինգրադյան, Կասյան և Միկոյան փողոցների անվանափոխման խնդիրը։

Վերջինս հարկ համարեց հիշեցնել, որ «Ելք» խմբակցությունը, բացի վերոհիշյալ նախաձեռնություններից, ակտիվորեն մասնակցում է նաև համակարգային խնդիրների լուծման աշխատանքային քննարկումներին, ինչպիսին է, օրինակ, հասարակական տրանսպորտի նոր ցանցի մշակումը։

Արայիկ Հարությունյանը հարկ համարեց նշել, որ «Ելք» խմբակցությունը վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ավելի քան 120 հարցում, դիմում, բողոք, միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետին:

«Եթե վիճակագրությունը նայեք, նախկին խմբակցություններն ամբողջ իրենց աշխատանքի ընթացքում նման գործունեություն չեն ծավալել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:  

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագրի/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքderenikmalkhasian@gmail.comմեյլին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ