«Ազատազրկվածների սննդի որակն ու պահման պայմանները քրեակատարողական հիմնարկներում»
14.07.2017
12:00
Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) սննդի տեսակների և չափաբաժնի հետ կապված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 10-ից, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականցնող դիտորների համոզմամբ չի լուծելու սննդի որակի հարցը:

Այս թեմայի շուրջ հուլիսի 14-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում, որի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը ասաց, որ դատապարտյալների մեծ մասը հրաժարվում է բանտերում տրվող սննդից՝ դրա անորակ լինելու պատճառով:

«Ամեն օր թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին դատապարտվածներին նույն ճաշացանկն է առաջարկվում։ Կարող է ամեն օր նախաճաշին կամ ընթրիքին լինի շոգեխաշած թթու: Շատերը ասում են, եթե մի ամիս ուտեն դա, ստամոքսի խոց կառաջանա իրենց մոտ: Բողոքներ շատ կան, որ ստամոքսի այրոցներ են առաջանում այդ սնունդը երկարատև օգտագործելու հետևանքով»,-ասաց Ռևազյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մյուս անդամ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ կան հիմնարկներ, որտեղ սննդի որակը միշտ խնդրահարույց է եղել:

«Հիմնական դժգոհությունն ստացվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, այնուհետև՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից, համեմատաբար ավելի քիչ դժգոհություններ ստացվում են « Արմավիր» ՔԿՀ-ից»,-նշում է Սարգսյանը:

Անդրադառնալով հունիսի 10-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմանը, ըստ որի փոփոխվել են օրական տրվող սննդի չափաբաժիններն ու տեսակները, Ռևազյանը ասաց, թե այդպիսով սննդի որակի հարցը չի կարգավորվի: Եթե առաջ կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Ըստ Կառավարության որոշման՝ մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա տրվելու է ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ՝ օրումեջ:

Ռևազյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչ հիմքով է առաջնորդվել կառավարությունը, որ 150 գրամով կրճատել է օրական տրվող հացի բաժինը: Նրա խոսքով՝ այստեղ պետք էր ոչ թե չափաբաժինները փոխել, այլ պատրաստմանը որակը բարձրացնել։

«Օրինակ, եթե ասում են պետք է օրական տրվի էսքան ձավարեղեն, կարող է ամեն օր տրվեր հաճարի ձավար ու ասել, որ ամեն օր ձավարեղենի պորցիան տալիս ենք: Իհարկե լավ է, որ այսպես ասած ընդլայնվել է բանջարեղենը, բայց փոխարենը շատ բաներ էլ կրճատվել է: Որ ասեմ, թե ինչ-որ հեղափոխական փոփոխություն կլինի, ես չեմ ակնկալում, որ այս որոշմամբ այդ փոփոխությունը պետք է լինի»,-ասաց Ռևազյանը:

Քննարկման մյուս բանախոս, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը հակադարձում է Ռևազյանին և նշում, որ բացի Գորիսի և Արմավիրի քրեակատարողական հիմնարկներից, մյուս բոլոր բանտերում ճաշը պատրաստում են հենց դատապարտյալները։

«Սննդի որակը երաշխավորված է: Որևէ դատապարտված անձ չի կարող անորակ սնունդ պատրաստել ոչ միայն մեր վերահսկողության, այլ հենց իրենց ներքին կարգերի իմաստով: Այսինքն այն, որ ճաշատեսակները բոլորը որակյալ են, դուք ինքներդ էլ կարող եք համոզվել ցանկացած ժամանակ, ցանկացած օր»,-ասաց Հակոբյանը:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանն ասում է, որ ըստ իրենց ուսումնասիրության, բանտում պատրաստվող սննդից հրաժարվում է դատապարտյալների շատ փոքր տոկոսը։ Հաշվարկը կատարվել է ըստ օրական ստացվող 100 հանձնուկի և դատապարտյալների ընդհանուր թվի՝ այն է 3800։

«Այս ուսումնասիրության արդյունքներով, ըստ էության, 9 տոկոսը չի օգտվում քրեակատարողական հիմնարկներում պատրաստված սննդից», - ասաց Սահակյանը:
Ռևազյանը հակադարձում է՝ մատնանշելով ՔԿՀ-ների դիմաց հերթերը. «Եթե դուք տեսնեք այն հոսքը, որ կանգնած է սնունդ հանձնելու կետերում, թե ինչ մեծ պարկերով մարդիկ սնունդ են տանում․․․ Ասենք, ամեն մի հանձնուկ մի հոգու համար, մի ուտելու համար չի․․․ Ամեն օր խցի համար ուտելիքը կարող է մեկի հարազատը բերի»:

Մինչդեռ վարչության աշխատակիցները վստահեցնում են, թե նոր փոփոխությամբ սննդի հետ կապված խնդիրը քրեակատարողական հիմնարկներում կբարելավվի։ Նրանք նշում են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի չափաբաժինը վերանայվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության փորձը ու նորմատիվները:

«Եթե իմ գործընկերները ուսումնասիրել են, կփաստեն, որ ՌԴ–ում դատապարտված ու կալանավորված մարդկանց տարբեր կատեգորիաների համար սահմանված են տարբեր նորմատիվներ։ Աշխատող դատապարտյալների, մեկուսարանում գտնվողների, անչափահասների համար տարբեր են դրանք։ Ամեն մեկի համար մի չափաբաժին է՝ 400–ից մինչեւ 650 գրամ։ Ինչ վերաբերում է հացի չափաբաժնին, հարկ եմ համարում հայտնել, որ այն նվազեցվել է նաեւ հոգեբուժական հիմնարկներում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ սննդի որոշ տեսակների չափաբաժինը ավելացել է, որոշներինը՝ նվազեցվել:

«Օրինակ, սերուցքային կարագը տրամադրվում էր հղի, հիվանդ անչափահաս անձանց, հիմա յուրաքանչյուր օր տրամադրվում է։ Հավի ձուն նախկինում տրամադրվում էր միայն հիվանդ հղի դատապարտյալներին, ներկայումս ամսական յուրաքանչյուրին ամսական 6 հատ քանակությամբ։ Այս խնդիրները դիտվել են կալորիականության արժեքի որոշակի պահպանման արդյունքում։ Այս փոփոխությունները իրականացնելիս՝ հրավիրել են տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ, որ այդ փոփոխությունները կատարվեն այնպես, որ խոհարարները կարողանան այդ անհրաժեշտ կիլոկալորիան ապահովել»,- հավելեց Հակոբյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ