«Իրանը նախագահական ընտրություններից հետո. ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների և տարածաշրջանի վրա»
22.05.2017
12:00
Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրանը նախագահական ընտրություններից հետո. ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների և տարածաշրջանի վրա» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին իրանագետներ Արտյոմ Տոնոյանն ու Ահարոն Վարդանյանը:

Մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Հասան Ռոհանին, ով ստացել է 58,6% քվե: Ռոհանիի գլխավոր մրցակից նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին ստացել է ընտրությանը մասնակցած իրանցիների 39,8%-ի վստահությունը: 

Քննարկման սկզբում բանախոսները հարկ համարեցին նշել, որ Իրանի նախագահ վերընտրված Հասան Ռոհանին բարեփոխիչ թեևի ներկայացուցիչ էր, ով պաշտպանում է միջազգային հանրության հետ երկխոսությունը, գնում է դեպի ազատականացում:

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում  ամբողջ շեշտը դրել էր այն բանի վրա, որ Ռոհանին պատրաստվում է շարունակել այն քաղաքական կուրսը, որը որդեգրել էր 2013 թ.-ից և իրականացնում էր իր նախագահության ընթացքում: Մասնավորապես, ներքին քաղաքականության ոլորտում խոսքը վերաբերում է երկրի տնտեսական իրավիճակի կայունացմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ ասպարեզում շարունակելու է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ մասնավորապես եվրոպական երկրների ու, ինչո՞ւ ոչ, Միացյալ Նահանգների հետ»,- նկատեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: 

Նա ընդգծեց նաև, որ շատ բան փոխվել է միջազգային քաղաքական իրավիճակում:

«Ռոհանին եթե չորս տարի առաջ գործ ուներ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ապա այսօր գործ ունի Թրամփի հետ, որը ամենևին էլ բարեհաճ տրամադրված չէ Իրանի հանդեպ և, դատելով իր հայտարարություններից, չի պատրաստվում շարունակել այն քաղաքական կուրսը, որը որդեգրել էր Օբաման»,-ասաց Տոնոյանը:

Իր հերթին Ահարոն Վարդանյանն անդրադարձավ այն հարցին, թե ըստ էության ինչ է նշանակում իրանական հասկացողությամբ բարեփոխիչ եզրույթը և որքանով է այն Իրանում ընկալվում այնպես, ինչպես դա ընկալվում է, օրինակ, Արևմուտքում:

«Պետք է նշել, որ Իրանում «բարեփոխիչ» կամ «լիբերալ» այլ կերպ է ընկալվում և տարբերվում է դասական ընկալումներից: Մինչ «բարեփոխիչ» լինելը տվյալ քաղաքական գործիչը նախևառաջ համարվում է երկրի այն ընդունված կարգի կրողը, որն ընդունել է Իրանը 1979 թ. հեղափոխության արդյունքում: Եթե որևէ գործիչ չի համապատասխանում ընդունված արժեքներին, նա որպես քաղաքական գործիչ ուղղակի չի կարող գոյատևել: Այս առումով Իրանում «բարեփոխիչ» եզրույթին վերապահումներով պետք է վերաբերվենք: Ռոհանին, հանդիսանալով «բարեփոխիչների» ներկայացուցիչ, ցանկանում է մի փոքր ավել ազատ վերաբերվել երիտասարդների խնդիրներին, աշխարհի հետ գնալ երկխոսության ճանապարհով և այլն»,- նշեց  Վարդանյանը:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և այս ուղղությամբ հնարավոր զարգացումներին՝ բանախոսները նշեցին, որ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվեր Իրանի նախագահ, հայ-իրանական հարաբերություններում հազիվ թե էական փոփոխություններ տեղի ունենան:

«Կոսմետիկ փոփոխություններ կլինեն` արտաքին քաղաքականության հետ կապված, բայց նախագահների դեպքում որևէ բան չէր փոխվի, որովհետև երկրի սկզբունքային հարցերը որոշվում են երկրի հոգևոր առաջնորդի՝ Այաթոլլա Ալի Համենեի մոտ, իսկ Համենեն չի փոխվում, նա իր տեղում է»,- նկատեց Վարդանյանը: 

Իսկ Տոնոյանը հայ-իրանական հարաբերությունները դիտարկեց Արցախյան հակամարտության համատեքստում՝ նշելով, որ չնայած պաշտոնական Թեհրանի զգուշավոր հայտարարություններին հակամարտության հետ կապված, իրականում Իրանը շատ կոնկրետ շահագրգռվածություն ունի առ այն, որ Արցախում գործող ստատուս քվոն պահպանվի:

«Իրանն ուզում է ինչքան հնարավոր է կարճ սահմանագիծ ունենալ Ադրբեջանի հետ, հարց է առաջանում՝ արդյո՞ք անկախ Արցախի Հանրապետությունը չի կրճատում այս սահմանագիծը. միանշանակ կրճատում է, իսկ եթե Արցախի Հանրապետությունը լինի Ադրբեջանի կազմում, ապա Իրանը ստիպված կլինի ավելի երկար սահմանագիծ ունենալ Ադրբեջանի հետ, ինչն Իրանին պետք չէ»,- նշեց Տոնոյանը:

Վերջինս Իրանի այդ դիրքորոշումը պայմանավորեց Հյուսիսային Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների խնդրով:  «Ադրբեջանը չի խորշում Իրանի տարածքի այդ մասն անվանել «Հարավային Ադրբեջան», ինչը Իրանը չի կարող չնկատել ու չարձագանքել»,- հավելեց իրանագետը:

Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին՝ Տոնոյանը հարցադրում արեց, թե ի՞նչ է Հայաստանն առաջարկում Իրանին, որը չի ընդունվում:

«Ըստ էության այն պոտենցիալը, որ մենք ունենք և կարողանում ենք առաջարկել Իրանին, ապա գրեթե բոլոր հարցերում պաշտոնական Թեհրանն ընդառաջում է: Օրինակ, այս պահին մենք առաջարկում ենք զբոսաշրջության ոլորտ, և Իրանը օգտվում է մեր առաջարկությունից: Իրանը նույն հայ-իրանական երկաթուղու առումով այն պետություններից մեկն է, որն առաջ է քաշում ու պաշտպանում է այս նախագիծը: Նույնիսկ այն պարագայում, որ չէին մերժում Ադրբեջանին երկու երկրները իրար կապող երկաթուղու կառուցման հարցում, սրան զուգահեռ հայտարարում էին, որ Իրանը պետք է ունենա երկու տարբերակ: Եթե ադրբեջանական ուղղությունը ծառայելու է դեպի Ռուսաստան Իրանը դուրս բերելու համար, ապա մյուս կողմից Հայաստանի վրա պետք է ունենան երկաթուղի, որը Իրանին պետք է դուրս բերի Եվրոպա: Ընդ որում ավելի հակվածություն կար հայկական տարբերակին»,-ընդգծեց Տոնոյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ