ՀՀ տնտեսվարողներն աշխատում են ստվերում, քանի որ այդպես շահեկան է. փորձագետներ
18.05.2017
12:00
Հայաստանի 2017 թ-ի առաջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ հարկերի վճարման աճ գոյություն ունի, որ, ըստ նույն, ցուցանիշների, հիմնականում պայմանավորված է խոշոր տնտեսվարողների մոտ «ստվերի» կրճատմամբ:

Ըստ ՊԵԿ հաշվետվությունների՝ խոշոր հարկատուների մոտ ստվերը կազմում է 33,2 տոկոս, իսկ համաձայն փորձագիտական տվյալների, ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը:

«Հարկերի աճը պայմանավորված է խոշոր հարկատուների ստվերի կրճատմամբ:

Հարկայինը բարձր նշաձող է սահմանել: Այս տարվա կանխատեսումներով՝ այնպես է ստացվել, որ հարկայինը, մուտքերը գերակատարելով, շեմը բարձրացրել է, և կառավարությունն այս տարվա համար 50 միլիարդ դրամ ավելի գումար է պահանջելու հավաքել», - «Մեդիա կենտրոնում» մայիսի 18-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, b4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ հարկերի հավաքման անշեղ աճը կարող է նաեւ տնտեսական ակտիվության վրա ազդի: «Եթե գումար է հանվում թեկուզ ստվերային տնտեսությունից, իսկ մյուս կողմից նոր ներդրումներ չեն կատարվում Հայաստանում, ապա դա կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա»,- ասաց նա:

Վերջերս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ներկայացնելով ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման յոթ ամիսների աշխատանքը, հայտարարեց, որ յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է ֆիքսվել: «Վերջին 7 ամիսների ընթացքում, այն է՝ 2016թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ.-ի ապրիլը Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն այսպիսով աճել են 46.1 միլիարդ դրամով կամ 7.6 տոկոսով», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարությունյանը:

Նա տվյալներ ներկայացրեց ՀՀ տնտեսության «ակուլաների» շրջանում ստվերի մասին՝ տոկոսներով: «2016թ.-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Հիմա ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս», - ասաց նա՝ հավելելով, որ ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով:

Ըստ Թունյանի, պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն, հիմնականում տնտեսվարողներն աշխատում են ստվերում, քանի որ այդպես ավելի շաեհկան է: «Ուստի կարևոր է այն, որպեսզի հարկային բեռն այնքան բարձր չլինի, որ ձեռնտու լինի աշխատել ստվերի դաշտում: Գործարարը կամ քաղաքացին մնում է ստվերում, եթե ստվերի ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում աշխատելու ծախսերը: Եթե մարդ գտնում է, որ հարկային տեսուչին կաշառք տալն ավելի թեթև է, քան հարկային բեռը, միշտ կմնա ստվերում: Հարկային վճարներն այնքան պիտի լինեն, որ դրանք բեռ չդառնան գործարարի վրա: Կարևոր են նաև հավասար մրցակցային պայմանները», - ասաց տնտեսագետը:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի հեղինակ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց իր նկատառումները Հայաստանում ստվերային տնտեսության ծավալների եւ այն հարկելու հետ կապված խնդիրներին: «Ստվերը» ՀՀ տնտեսությունում, նրա խոսքով, ըստ մարտի վերջի տվյալների՝ կազմում է 29.7 տոկոս: «Ըստ իմ հաշվարկի` ստվերային տնտեսությունը կրճատվեց 7 ոչ թե 14 տոկոսով, իսկ այդ 10.5 տոկոսի, որով հարկերն ավելի շատ հավաքվեցին, մոտ 7 տոկոսը վերաբերում է տնտեսական աճին, 1 տոկոսը գնաճին և մնացածն է միայն վերաբերվում հենց ստվերային տնտեսության հետ աշխատելուն ու դա հարկելու արդյունքներին», - ասաց բանախոսը:  

Բանախոսները կարեւորեցին համակարգային մոտեցումը, այն է՝ ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը զուգահեռ, անհրաժեշտ է բարելավել հավասար մրցակցային պայմանները և ներգրավել ներդրումներ: Հակառակ պարագայում, սա տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություններից խուսափել դժվար կլինի: Համենայն դեպս այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, իսկ կառավարությունն այս տարի նախատեսում է ներգրավել շուրջ 800 մլն դոլարի ներդրումներ:

Այս նպատակի իրագործման համար ստեղծվել է սփյուռքահայ խոշոր գործարարներից կազմված «Հայաստանի ներդրողների ակումբը», իսկ Ռուսաստանի Դաշնության հետ ստեղծվել է «Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ»:  

Միեւնույն ժամանակ Հրանտ Միքայելյանը համոզված չէ, որ ներդրումներն աճել են այնքան, որքան նշում է կառավարությունը: Նրա խոսքով, կարևոր է, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: «Բացի այդ արտաքին համատեքստն է կարևոր: Եթե ՌԴ-ն, որը եղել է բավականին խոշոր ներդրող ՀՀ տնտեսության մեջ, այսօրվա դրությամբ ոչ մի ներդրում չի կատարում, այստեղ կառավարության վարած քաղաքականությունը կապ չունի: Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա Վրաստանն արդեն ասոցացման պայմանագիր է ստորագրել, տրանսպորտային առումով ավելի մոտ է Եվրոպային և մեկ ֆուռայի տեղափոխման լոգիստիկ ծախսերը 10 տոկոսով էժան է Վրաստան տանել, քան Հայաստան: Պարզ է, որ բիզնեսի համար ավելի ձեռնտու է Վրաստանում աշխատելը»:

Հայաստանի տնտեսության համար, ըստ Բաբկեն Թունյանի, մտահոգիչ խնդիր է մնում, դոլարայնացվածության բարձր մակարդակը: Հենց սա է նաեւ պատճառը, որ պետք չէ մեծ հույսեր կապել Կենտրոնական բանկի կողմից սահմանվող  վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: «Դրա համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ մեծ հույսեր կապել ու նշել, որ դրա արդյունքում տնտեսությունը կզարգանա, սխալ է: Բանկային վարկով բիզնես անելը, ներդրում անելն այսօր մեզանում տանում է դեպի կործանման, քանի որ մեզ մոտ վարկերի տոկոսները բարձր են: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, որն այնժմ կազմում է 6 տոկոս, չի կարող ազդել դոլարային վարկերի վրա, որոնց ծավալը բավականին մեծ է», - ասաց նա:  

Այժմ, ըստ բանախոսների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճին հիմնականում նպաստում են երկու հանգամանք: Առաջին՝ արտահանման ծավալների աճը, որն առաջին եռամսյակում կազմել է 16,5 տոկոս: Երկրորդ՝ վերջին երկու տարվա անընդմեջ անկումից հետո 2017 թ-ի առաջին եռամսյակում Հայաստան հոսող մասնավոր տրանսֆերտների 14 տոկոսով աճը, որը կազմել է 312.9 միլիոն դոլար: Միայն Ռուսաստանից, որը ՀՀ-ը հիմնական տրանսֆետային «դոնորն» է, մասնավոր դրամական փոխանցումների աճը 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն՝ միանգամից կրկնապատկվել է:

Մասնագետները հույս ունեն, որ եթե այս պահի դրությամբ ՀՀ-ում 6.6 տնտեսական աճ կա, ուստի եթե խոստացված ներդրումային ծրագրերի մեծ մասը իրողություն դառնա, ապա հնարավոր է կլինի 3.2 տոկոս նախանշված տնտեսական աճից բարձր ցուցանիշ ապահովել տարեվերջին:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ