Ինչպե՞ս վերջ դնել կրթության ոլորտի քաղաքականացվածությանը. բանավեճ
12.05.2017
11:00
Կրթության ոլորտում եթե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից իշխող Հանրապետական կուսակցությունը կարեւորում է դպրոցների եւ մանկապարտեզների վիճակի բարեւլավմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը, ապա «ԵԼՔ» դաշինքն, առաջին հերթին, շեշտում է մայրաքաղաքի հանրակրթական եւ նախակրթական հաստատությունների քաղաքականացվածությանը վերջ դնելու հանգամանքը:

«Եթե «ԵԼՔ» դաշինքի թեկնածուն դառնա քաղաքապետ, առնվազն Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը չպետք է լինի կուսակցական: Բացի այդ ստեղծվելու է հատուկ հանձնաժողով ընտրությունների ժամանակ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների՝ աշխատանքային ժամերին ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին ուսումնասիրելու համար»,- հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների՝ անցած ԱԺ ընտրություններին իշխող ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու մասին տեղեկությունները հաստատվեցին «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի աղմկահարույց բացահայտումների արդյունքում: Այդ տեղեկությունները հաստատել էին հենց տնօրենները, որոնց խոսքերը ձայնագրվել էին: Իշխող կուսակցությունը դատապարտեց այդ քայլը, իսկ դատարանը չընդունեց այդ փաստերը որպես հավաստի ապացույցներ:

Հենց այս տրամաբանության մեջ Անահիտ Բախշյանին հակադարձեց ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը: «Չհոգնեցիք, նույն հարցի մասին խոսելուց եւ նույն թեման ամեն անգամ բարձրաձայնելուց», - հարց հնչեցրեց նա եւ հավելեց. «Իմ պատասխանը նույնն է: Այդ ձայնագրություններում ոչ մի հանցագործության տարր չկա»:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 11-ին «Հանրակրթության ոլորտի խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. Երևանի ավագանու ընտրություններ 2017» թեմայով բանավիճեցին Անահիտ Բախշյանը եւ Արմինե Հովհաննիսյանը:

Միեւնույն ժամանակ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե արդեն երկու տարի է՝ ուզում է ըստ մանկապարտեզների՝ հերթագրված երեխաների ցանկը վերցնել, սակայն մերժում է ստանում: «Ես գրել եմ ըստ մանկապարտեզների՝ ինձ տվել են ըստ վարչական շրջանների: Կան դեպքեր, երբ երեխան պետք է մանկապարտեզ հաճախեր, բայց դեռ հերթում է», - ասաց նա՝ հավելելով, որ թեպետ այժմ ներդրվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգ, սակայն այդ համակարգը ծնողներին հասանելի չէ: «Մարդիկ չեն կարող տեսնել, թե իրենց երեխայի հերթը, երբ կհասնի, եւ տեղեկանալ այլ մանրամասների», - ասաց նա:  

Մանկապարտեզների խնդրի մասին խոսելիս բանախոսը ցավով հիշեցրեց, որ փակվել է «Սեբաստիա» մանկապարտեզը, այն օտարվել է Ալեքսանյան ընտանիքին: Մինչ այդ քննարկմանը մասնակից ՀՀԿ թեկնածուն նշում էր, որ իրենց իշխանության օրոք մանկապարտեզ կամ դպրոց չի օտարվել, սակայն նա ընդունեց, որ մանկապարտեզ հաճախելու հարցում հերթեր են գոյանում:

Բախշյանը նաեւ ընդգծեց, որ այսօր մանկապարտեզների խմբերում մեկ դայակի հաշվով երեխաների թիվը շատ բարձր է, ինչն անընդունելի է: «Խմբեր կան, որտեղ 40-42 երեխա են երեք տարեկան: Մեկ դաստիարակ, մեկ դայակ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ: Եվ այդ մարդկանցից ո՞նց պահանջես այդ երեխաների դաստիարակություն, խնամք: Այդ հարցը բազմիցս քննարկվել է, բայց լուծում չկա, քանի որ տեղը քիչ է», - ասաց նա:

Արմինե Հովհաննիսյանն անդրադարձավ այն հարցին, որ Երևանում այլևս գոյություն չունեն չջեռուցված դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզներ. «Մասնակի կամ հիմնանորոգվել են շուրջ 140 մանկապարտեզներ», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ը հենց այս ծրագրերն է շարունակելու վստահության քվե ստանալու պարագայում:

Քննարկման ժամանակ բանախոսները նաեւ բարձրացրեցին մանկապարտեզների դայակների եւ դպրոցների ուսուցիչների ցածր աշխատավարձների խնդիրը: «Դպրոցներում ուսուցիչները վարձատրվում են աշակերտների քանակով եւ դասաժամերով: Այժմ այնպիսի մի իրավիճակ է, որ դպրոցներում ուսուցիչների զբաղվածությունը նվազ է եւ աշխատավարձն էլ է քիչ: Եթե կրճատումներ արվեն, ապա դա մեծ սոցիալական լարվածություն կառաջացնի: Ուղղակի պետք է կրթույանը շատ ֆինանս հատկացնել եւ նորմալ վարձատրել ուսուցիչներին», - ասաց Բախշյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ