ԵՄ-ՀՀ հարաբերություններից մինչեւ սկանդալային բացահայտումներ և ԵԱՀԿ գրասենյակի փակման խնդիրը. ԵՄ դեսպանի ասուլիսը
08.05.2017
10:30
Նախատեսվում է, որ Հայաստան-Եվրամիություն վերջերս նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին փաստաթուղթը տեխնիկապես պատրաստ կլինի ստորագրվելու այս տարվա նոյեմբերին կայանալիք Արեւլյան գործընկերության գագաթնաժողովին:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Շրջանակային նոր համաձայնագրի նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև սկսեց քննարկվել շուրջ 3 տարի առաջ, այն բանից հետո, երբ Հայաստանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, հրաժարվեց ստորագրել 3,5 տարի բանակցված Ասացիացիայի համաձայնագիրը:

Ամիսներ առաջ Հայաստանը եւ Եվրամիությունը նախաստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունների համար նոր իրավական հիմք է դառնալու: Այն իր մեջ բացի քաղաքական մասից, պարունակում է բավականին ընդգրկուն տնտեսական բաղադրիչ: 

Քաղաքական մասը, ինչպես նշում է դեսպանը, գրեթե ամբողջությամբ վերցված է Ասոցիացիայի պայմանագրից: «2017 թվականի հունվարին, երբ ես այստեղ ասուլիսի էի, նշեցի, որ 2017 թվականը ՀՀ-ԵՄ համագործակցության իրադարձություններով տարի կլինի: Եվ հիմա ուրախ եմ, որ փաստաթուղթը ստորագրվել է: Այս պահին մեր փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերֆիկացման վրա, և հույս ունեմ, որ նոյեմբերին այն պատրաստ կլինի ստորագրման: Այստեղ Հայաստանն անելիք չունի, սա Եվրամիության ներքին ընթացակարգերի հարցն է», - նշեց դեսպանը:

Դեսպանն ընդունեց, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը բավականին ունիկալ իրավիճակում է: «Բավականին սպեցիֆիկ իրավիճակ է, քանի որ նախաստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիր ստորագրվում ԵԱՏՄ անդամ պետության հետ»,- ասաց Սվիտալսկին:  

Նրա խոսքով՝ ամենակարևորը ոչ թե ստորագրումն է, այլ՝ փաստաթղթում եղած դրույթների կյանքի կոչումը: «Բանալին իրագրոծումն է», - ընդգծեց նա՝ հավելելով, որ այս հարցում ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից: «Հայաստանի ցանկության պարագայում անգամ այս փաստաթղթի հիմքի վրա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորանալու լուրջ հիմքեր ունեն», - ասաց դեսպանը:

Խարդախության դեպքը բացահայտել է ԵՄ-ը

Ասուլիսի ընթացքում լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի աղմկահարույց բացահայտմանը:

«Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը  տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:

Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Պատասխանելով սկանդալային բացահայտման վերաբերյալ լրագրողների հարցին՝ ԵՄ դեսպանը նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարեւոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:

Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում»,- ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետեւել OLAF-ի օրինակին եւ նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:

Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:

«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն  ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքների: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին եւս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:

«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլոր եզրակացությունները պետք է թողնել դատարանին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք՝ ինքներս, բաց խոսում ենք եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ»,- պարզաբանեց դեսպանը: 

Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երեւույթը մեզ եւ մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին

Պյոտր Սվիտալսկին նաեւ անդրադարձավ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակմանը՝ ցավ հայտնելով ստեղծված իրավիճակի համար: Միեւնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ ծրագրերը Հայաստանում կշարունակվեն իրագործվել:

Նրա խոսքով, ԵՄ-ի համար ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում չափազանց կարեւոր եւ կենսական գործընկեր է: «Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք, կարծում եմ, շատ օգտակար էին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը մի երկրում, որտեղ դրա կարիքը իսկապես կա»,- ասաց նա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Ադրբեջանի դիրքորոշման պատճառով նախատեսվում է փակել եկող ամիսներին: Բաքուն վետո էր դրել ԵԱՀԿ բյուջեի հաստատման ծրագրի վրա՝ պահանջելով փակել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այն պատճառաբանությամբ, որ իբր թե այն մասնակցում է ԼՂ հակամարտության գորտում ականազերծման գործողություններին, ինչն ըստ կազմակերպության եւ պաշտոնական Երևանի կարծիքի, իրականության հետ ընդհանրապես կապ չունի: 

Միեւնույն ժամանակ դեսպանը հավելեց, որ հայկական կողմը կարող է լինել լավագույն օրինակը, որպես ԵԱՀԿ դեսպանության ընդունող պետություն: «Բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն»,- նշում է նա՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ գրասենյակն իր օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում: 

Նա մի քանի անգամ կրկնեց, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակն իրենց համար շատ նախընտրելի գործընկեր է: «Մենք ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ տեղական տեսանկյունից ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու»,- ասաց նա՝ ցավ հայտնելով այն մարդկանց համար, ովքեր ԵԱՀԿ գրասենյակի փակման դեպքում ստիպված կզրկվեն աշխատանքից, ինչը կլինի շատ մեծ կորուստ:

«Այնուամենայնիվ, հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում, որովհետև Հայաստանը դրա կարիքն ունի: Կարող եմ հաստատ ասել, որ ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, ուստի իմ կարծիքով գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար», - ասաց ԵՄ դեսպանը:

Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ դեսպանության փակման առիթով հայտարարությամբ էին հանդես եկել Եվրամիությունը եւ այդ կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչությունը՝ ըստ էության, հիասթափություն հայտնելով Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ