«Սփյուռքի հայտնի հայերը կոչ են անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին»
31.03.2017
15:00
Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար արտերկրից Հայաստան են ժամանել Սփյուռքի հայտնի հայերը՝ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը:

Նրանց համատեղ ասուլիսը տեղի ունեցավ մարտի 31-ին Մեդիա կենտրոնում:

Արսինե Խանջյանն ասաց, որ իրենք բոլորով մասնակցել են «Քաղաքացի դիտորդի» անցկացրած դասընթացներին, որը իրենց կօգնի արագ կողնորոշվել և արձագանքել ապրիլի 2-ի ընտրությունների օրը ընտրախախտումներ հայտնաբերելիս:

«Ժամանակն է ընտրություններին նոր մոտեցում ցուցաբերել։ Մենք «շրջիկ» դիտորդներ ենք լինելու: Մտնելու ենք մարզերում տարբեր ընտրատեղամասեր և դիտարկենք ընտրությունների ընթացքը»,- ասաց Արսինե Խանջյանը:

Ատոմ Էգոյանն ասաց, որ շատ է սիրում Հայաստանը և հայ ժողովրդին: Նա իր հերթին կոչ արեց հայ ժողովրդին ապրիլի 2-ին մասնկացել ընտրություններին:

«Տեր կանգնեք ձեր ձայնին։Եթե կիրակի դուք չմասնակցեք ընտրություններին, ինքներդ ձեզ կվնասեք», -ասաց  Էգոյանը և նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել կոնկրետ առաքելությամբ` պահպանել ընտրողների ձայները:

Սերժ Թանկյանն ասաց, որ դիտորդի կարգավիճակում ընտրություններին մասնակցելու նպատակը անարդարությունն ու անտարբերությունն արմատախիլ անելն է:

«Դիտորդական առաքելությունը սփյուռքահայության մասնակցության փոքր մասնաբաժինը կլինի Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց Թանկյանը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է՝ որպես դիտորդ Հայաստանում ներկա գտնվելը:

Նա կարեւորեց նաեւ սփյուռքի հայտնիների՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո հիմնադրած «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունը, որի անդամ է ինքը: 

Նա նշեց, որ  «Սասնա ծռերի» դեպքից հետո իրենք վախեցած են, թե ինչ կարող է լինել Հայաստանում․ «Անարդարության ու հուսահատության տարիներից հետո մենք վախեցած էինք և մենք ուզում ենք մասնակցել՝ թեկուզ փոքր չափով կերտելու Հայաստանում արդարություն»:

«Քաղաքական կյանքի հանդեպ ՀՀ քաղաքացիների անտարբերությանը վերջ տալ է պետք:  Մեզ համար ամենակարևորը հայ ժողովրդի կամքն է և փափագները այս ընտրությունների ընթացքում: Մեր գործի ամենակարևորը մոնիթորինգը չէ, մենք արտիստ ենք, և մեր գործը ձեզ ներշնչելն է, որ գնաք և քվեարկեք: Խարդախություններ կան․ ամեն երկրում կոռուպցիա կա, բայց դա չպետք է խոչընդոտ լինի ձեր քվեարկության համար: 2.5 միլիոն ժողովուրդ իրավունք ունեն իրենց ձայնը ներկայացնելու և այդ ձայնին կռնակ կանգնելու»,- ասաց Թանկյանը:

«Արդարություն Հայաստանին» նախաձեռնության կոչով շուրջ 300 սփյուռքահայ դիտորդներ եկել են Հայաստան և վերահսկելու են գալիք ընտրությունները:

Էրիկ Նազարյանը խոսեց նախաձեռնության ստեղծման շարժառիթի մասին. «Պատճառը, թե ինչու մենք ստեղծեցինք «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունն այն է, որ չափից դուրս շատ մարդիկ Հայաստանը լքում են»:

«Շատ հեշտ է մենք տաք տեղից նստած խոսանք, ասենք՝ էստեղ մնացեք, պայքարեք: Բայց մենք ոչ մի բան չանենք, ոչ մի դեր չկատարենք: Մենք այդ պատճառով ենք ներկա ձեզ հետ այստեղ, որ կարողանանք հույսով մի հատ նոր էջ թերթենք», - հավելեց Նազարյանը:

Նա նշում է, որ  Հայաստանում ապատիա կա, և դա դրդել է նրան ինչ-որ քայլ անելու:

«Ընտրությունը ցավոտ թեմա է` քո իրավունքը չպետք է ծախես, իսկ քվեն քո իրավունքն է: Հաճախ ասում են` Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին, բայց դա ճիշտ չէ. չեմ ուզում ինձ այստեղ միայն տուրիստ զգալ: Ի դեպ, Այվազովսկին Արարատը չէր տեսել, երբ նկարեց այն»,- հավելեց Նազարյանը:

Էրիկ Նազարյանը հորդորեց քաղաքացիներին, որ ընտրություններին պետք է անպայման մասնակցել. «Եթե մենք չքվեարկենք, մեր փոխարեն կքվեարկեն»: 

Ատոմ Էգոյանն էլ կարծիք հայտնեց, թե ընտրությունները «հավանաբար կեղծվելու են»:

«Մենք արդեն տեսել ենք ընտրակեղծարարության փաստեր և կարող եմ հստակ ասել, որ մենք այստեղ չենք կիրակի օրվա քվեները պահելու համար, մենք այստեղ ենք ապագայի համար: Մենք չպետք է բռնապետության և հատկապես ինքնաբռնապետության ու հուսահատության զոհը դառնանք»,-ընդգծեց Էգոյանը:

Նրանք կոչ արեցին քաղաքացիներին՝ անպայման գնալ քվեարկելու, եթե անգամ որևէ ուժ վստահություն չի ներշնչում:

«Եթե ձեր ձայնը իմաստ չունենար, կաշառքը տեղ չէր ունենա: Եթե կաշառքն այսօր տեղ ունի, նշանակում է, որ ձայները իմաստ ունեն»,- ընդգծեց Արսինե Խանջյանը:

Մամլո ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ