Հանքարդյունաբերության հաշվետու ու թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները
28.03.2017
13:00
Մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանքարդյունաբերության հաշվետու ու թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը, «Էկո իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Միաժամանակ ոլորտի կարգավորման և թափանցիկության հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: 2017 թ. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց ու հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որի առկայությունը Հայաստանում, ըստ բանախոսների, նշանակալի կերպով կօգնի հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այն հարցին, թե ի՞նչ է տալու Հայաստանի հնարավոր անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, պատասխանեց. «Պետությունն ամենաբարձր մակարդակով հաստատում է, որ ինքը պատրաստակամ է գնալ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության՝ հանրության, քաղհասարակության հետ, որպեսզի բոլոր ֆինանսական հաշվետվությունները լինեն հնարավորինս թափանցիկ, հասանելի հանրության համար: Սրանով մենք պայմանավորվում ենք, որպեսզի միջազգային լավագույն փորձը կարողանանք տեղայնացնել տեխնոլոգիաների առումով»:

Վերջինս նաև հավելեց, որ միջազգային նման ստանդարտների ներդրումն օտարերկրյա ընկերությունների համար Հայաստանում գրավիչ դրական ֆոն կարող է ստեղծել:

«Էկո իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանըդրական գանահատեց հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանը միտված սույն ձևաչափի ներդրումը՝ նշելով. «Այս նախաձեռնության հիմնական արժեքը ոչ միայն ոլորտի թափանցիկության բարձրացումն է, այլ այն, որ  ի թիվս մյուսների  քաղհասարակությունն իրավունք է ձեռք բերում մասնակցելու ոլորտի կառավարմանը: Բազմաշահառու խմբում, որտեղ ընդգրկված են նաև քաղհասարակության ներկայացուցիչները, այնտեղ որոշումները կայացնում են կոնսենսուսով, և այդ որոշումները վերաբերում են ոլորտի կառավարմանը՝ սկսած իրավական դաշտից մինչև ինստիտուցիոնալ խնդիրներ»:

Նա նաև հավելեց, որ այդ ձևաչափում քաղհասարակության դերը լինելու է բալանսավորող:

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է շահագրգռել հանքարդյունաբերող ընկերություններին միանալու այս նախաձեռնությանը, պատասխանեց. «Նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են ոլորտի  թափանցիկությունը, այլ նաև բոլորի համար սահմանում են խաղի հավասար կանոններ: Ավելի թափանցիկ ու հավասար խաղի կանոնների դեպքում շահում է հենց բիզնեսը»:

Հայաստանում հանքերը շատ են՝ հանքարդյունաբերության ծավալը փոքր.

Ի՞նչ է հուշում  հանքարդյունաբերության շվեդական փորձը:

Հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալով՝ Արթուր Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում ոլորտի այնպիսի իրավական ու ինստիտուցիոնալ կանոնակարգում է անհրաժեշտ, որի արդյունքում ապագայում հնարավորություն չի տա հանրային շահերին հակասող ու վնասող հանքերի շահագործումը:

«Մանր ու միջին հանքերը հանրային շահի տեսակետից չունեն օգտակարության այն մակարդակը, որ իրավունք տրվի դրանք շահագործելու:Կարծես թե կա ընդհանուր մոտեցում, որ փոքր ու միջին հանքերը ավելի շատ առաջացնում են սոցիալական բողոք, ավելի շատ վնաս, էկոլոգիական խնդիրներ, քան կոնկրետ տնտեսական օգուտներ»:

Խաչիկ Հակոբյանը հավաստիացրեց, որ խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է և աշխատանքներ են տարվում:

«Հանքարդյունաբերության հայեցակարգին զուգահեռ ընթանում է բնական ռեսուրսների հայեցակարգի մշակումը, որը հնարավորություն է տալու, որ զուգահեռ հանքարդյունաբերական գրավչություն ներկայացնող բնական ռեսուրսներից չտարանջատել անտառն ու առհասարակ էկոհամակարգերը, կենսաբազմազանությունը: Պետք է կարողանանք հստակ հասկացնել ու ապացուցել, որ եթե այստեղ ունենք բնական գրավչություն, որը էկոհամակարգի տեսքով է, ապա այստեղ հանքը չեն կարող ունենալ, նույն եկամուտը կարող ենք գեներացնել»,- նշեց Խաչիկ Հակոբյանը:

Ստեփանյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը տարածված այն կարծիքը, որ հանքարդյունաբերության ոլորտում հարկային բեռը թեթև է, ինչի արդյունքում արդյունահանողները գերշահույթ են ստանում, իսկ պետությունը՝ գրոշներ:

«Եթե նայենք զարգացած հանքարդյունաբերական երկրներին և համեմատենք Հայաստանը նրանց հետ, ապա Հայաստանում  հարկումը միջին ու միջինից բարձր է դասվում: Այդ մասին են վկայում նաև միջազգային տարբեր հետազոտություններ, մասնավորապես PWC ընկերության կողմից արված հետազոտությունները»,- ասաց Արմեն Ստեփանյանը:

Արթուր Գրիգորյանը զուգահեռներ անցկացրեց հանքարդյունաբերության շվեդական օրինակի հետ՝ նշելով, որ հենց այդ մոդելը պետք է Հայաստանի համար օրինակելի լինի:

«Նախ և առաջ պետք է ամբողջությամբ պարզել, թե ընդերքի օգտագործումը Հայաստանին ի՞նչ է տալու: Մշակել լիարժեք քաղաքականություն, թե ինչպես պետք է իրականացվի ընդերքի օգտագործումը, որպեսզի բացի հարկերից նաև բերի ընդհանուր տնտեսության զարգացման: Շվեդիան իր արդյունահանած ընդերքը գրեթե ամբողջությամբ օգտագործում է վերջնական արտադրանք տալու համար, իսկ մենք վաճառում ենք խտանյութ: Մենք չունենք մալուխների արտադրություն, ինչո՞ւ չունենք, ինչո՞ւ վերջնական արտադրություն չի կազմակերպվում: Սա ինստիտուցիոնալ խնդիր է»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Շվեդիայի հանքարդյունաբերությունն օրինակելի մոդել գնահատեց նաև Արմեն Ստեփանյանը. «Շվեդիայի գրեթե ամբողջ տնտեսությունը հիմնված է հենց հանքարդյունաբերության վրա՝ հանքարդյունաբերության արտադրանքն այնուհետև օգտագործվում է երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Հայաստանում բարենպաստ միջավայր է պետք ստեղծել, որ մարդիկ շահագրգռված լինեն մալուխ արտադրելու, կամ այլ արտադրանքներ, որոնք կապ ունեն հանքարդյունաբերության արտադրանքի հետ»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ