«Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Սյունիքի մարզում»
23.03.2017
12:00
Ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը եւ դաշինքները թե՛ հանրապետական, եւ թե՛ տեղական մակարդակներում իրենց ծրագրային դրույթներում եւ նախընտրական խոստումներում հիմնականում շեշտը դնում են կոռուպցիայի նվազեցման, անվտանգության ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:

Նախընտրական շեշտադրումներում թերեւս առանձնանում է միայն «Կոնգրես-ՀԺԿ» ընդդիմադիր դաշինքը, որը շրջանառության մեջ է դրել «Խաղաղության ծրագիրը»: Այն, ըստ էության, նշանակում է արցախյան հակամարտության շուտափույթ կարգավորում՝ փոխզիջումների հենքի վրա:

Սոցիալ-տնտեսական, անվտանգության խնդրիների լուծման եւ ԼՂ հակամարտության կարգավորման թեմաների շուրջ Գորիսում մարտի 23-ին «Մեդիա կենտրոնը» «Գորիսի մամուլի ակումբի» հետ համատեղ ընտրապայքարին մասնակից ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեց «Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Սյունիքի մարզում» խորագրով քննարկում:

Բանախոսներից «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Հասմիկ Շափաղաթյանը նշեց, որ իրենց քաղաքական միավորը հատուկ ծրագրեր չունի Սյունիքի մարզի խնդրիների կարգավորման համար: «Սյունիքի մարզի խնդիրներն, ըստ էության պետք է դիտարկել, Հայաստանի խնդիրների համատեքստում, որոնց լուծման համար համալիր մոտեցում է անհրաժեշտ: Հենց այդ պատճառով մենք ներկայացել ենք ընտրողին 15 առաջնահերթ ծրագրային քայլերով, որոնք իրագոծելու պարագայում սոցիալ-տնտեսական եւ անվտանգույթան հետ կապված շատ հարցեր կլուծվեն», - ասաց Շափաղաթյանը:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մատվեյ Ղազարյանը հիշեցրեց, որ ՕՐՕ դաշինքն առաջարկում է ընտրողներին «365 օր», և «ամեն օր սպասել փոփոխությունների»: «Ես հավատում են «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներին, որովհետև ճանաչում եմ նրանց, նրանց մեջ ազնվություն եմ տեսնում, և այն ճանապարհը, որ ընտրել են, մարդկանց երազած ճանապարհն է լինելու», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց դաշինքի ծրագրում առկա առանձին դրույթներից Սյունիքի մարզին ավելի շատ վերաբերում է հանքարդյունաբերության վերաբերյալ մոտեցումները: «Մենք նախ խոստանում ենք վերադարձնել ժողովրդին իր իսկ հարստությունը, որն այսօր հիմնականում օլիգարխների ձեռքին է: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այսօր Հայաստանում գործում է 470 հանք, որոնք մասնավոր սեփականություն են համարվում, իսկ չնչին տոկոսներ գնում են պետբյուջե: Մեր խնդիրն է նախ հանել ստվերից այդ բիզնեսը եւ սահմանել պետական մասնաբաժին հանքարդյուանբերության ոլորտում: Հանքերը մեր հարստությունն է եւ պատկանում է ժողովրդին», - ասաց նա:

Քաղաքական ուժերի ծրագրերում մարզերին վերաբերող հատուկ դյութներ գերթե չկան: Հայ հեղափոխական դաշնակցությունն այս առումով բացառություն չէ: Կուսակցությունն ինչպես նշեց ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը Սյունիքի մարզին վերաբերող կոնկրետ կետեր չի առաջարկում: «Մենք ծրագրում չորս թիրախային կետեր ենք առանձնացրել. առաջին` պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կանոնակարգում, երկրորդ՝ պետություն-բիզնես փոխհարաբերություններ, երրորդ՝ հանրային կառավարում, չորրորդ՝ ազգային խնդիրներ՝ Արցախի խնդիր, Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններ», - ասաց նա:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու Արշակ Մուսախանյանը նշեց, որ իրենք դասակարգել են Հայաստանի խնդիրները հետեւյալ կերպ՝ ներքին եւ արտաքին: Ներքին խնդիրներից, որ պետք է լուծվի առաջիկայում, նա նշեց կոռուպցիայի մակարդակի նվազեցումը, տնտեսության զարգացումը, մենաշնորհների վերացումը եւ այլն: Միեւնույն ժամանակ նա վստահ է, որ Հայաստանը զարգացման հեռանկար չի կարող ունենալ, եթե չի լուծված արտաքին հիմնական գերխնդիրը՝ ԼՂ հակամարտությունը: «Այս հարցի կարգավորման պարագայում Հայաստանն ամբողջովին իր կերպարը կփոխի», - ասաց նա:

Քննարկման մյուս մասնակիցները չհամաձայնեցին Մուսախանյանի՝ «Հայաստանը զարգացման հեռանկար չունի առանց ԼՂ խնդրի կարգավորման» թեզի հետ: Նրանք նշում էին, որ նախ խնդրի չկարգավորված լինելը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի անզիջում դիրքորոշման հետեւանք է: «Իսկ Հայաստանն առանց ԼՂ հակամարտության կարգավորման էլ կարող է զարգանալ: Մենք նախ պետք է հզորանանք ու ուժեղի դիրքերից խոսենք բանակցություններում»,- ասաց Շափաղաթյանը: Նրան հակադարձեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ արդեն 18 տարի է ինչ Հայաստանում գերիշխում է այդ թեզը, սակայն երկրում իրական տնտեսական զարգացում տեղի չի ունենում:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ