«Զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը հերքող դեպքերը զրկում են զինծառայողներին օգտվել զեղջերից. իրավական գնահատական»
03.03.2017
13:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը հերքող դեպքերը զրկում են զինծառայողներին օգտվել զեղջերից. իրավական գնահատական» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂ-ում ծառայություն իրականացրած Արեգ Ջանոյանը, Ջանիկ Սիմոնյանը, հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանը և Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը:

Ջաբրայիլի զորամասում ծառայած նախկին զինծառայող Արեգ Ջանոյանը պատմեց, որ իրենք ապրիլի 2-ին բարձրացել են մարտական դիրքեր և ապրիլյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ մնացել են դիրքերում՝ կրակոցների տակ, սակայն նրա զինգրքույկում որևէ գրառում չկա, որ նա մասնակցել է մարտական գործողություններին: 

«Ես մեղավո՞ր եմ, որ կենդանի եմ մնացել: Եթե ես զոհվեի, դուք տանելու էիք, մի մեդալ տայիք ծնողներիս ու ասեիք, որ ես ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ եմ չէ՞ զոհվել, բա հիմա որ կենդանի եմ մնացել այդ նույն գործողությունների ժամանակ, ինչո՞ւ է իմ մասնակցությունը հերքվում»,-դիմելով ՊՆ ներկայացուցչին՝ հարց ուղղեց նախկին զինծառայողը: 

Նրա խոսքերով՝ Ջաբրայիլի զորամասում 6 դիրք կա, որտեղ իրենց ընկերները զոհվել են, և այդ վաշտից 50 տոկոսի զինգրքույկներում գրել են՝ պատերազմի մասնակից, իսկ մնացածին, ովքեր կողքի դիրքերն են պաշտպանել, չի գրվել:

«Մեր զորամասից գրվել է ընդամենը մի վաշտի անձնակազմի և մեկ հրետանային մարտկոցի զինվորների զինգրքույկներում, որ մասնակցել են մարտական գործողություններին: Մյուս կողմից՝ Ղարաբաղի զորամասերի զինվորների գրքույկներում չեն գրել՝ պատերազմի մասնակից, բայց, օրինակ, Հայաստանից օգնության եկածների զինգրքույկներում, որոնք առաջնագիծ չեն հասել,  ռազմական գործողությունների մեջ չեն եղել, գրվել է որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին»,-իր դժգոհությունը ներկայացրեց Արեգ Ջանոյանը:

Արեգը այս խնդրով երկու անգամ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն ու մերժում ստացել. «Ասել են, որ ես ընդամենը մարտական հերթապահության եմ մասնակել»:

Նախկին զինվոր Ջանիկ Սիմոնյանը հենց Հադրութի դիրքերում է եղել ապրիլի 1-ի և 2-ի գիշերը:

«Այդ գիշեր մենք հեռախոսագիր ենք ստացել, որ ժամը 4-ին հակառակորդի կողմից բացահայտ հարձակում է լինելու: Դա նշանակում է՝ պատերազմ է լինելու, դուրս եկանք, մտանք խրամատները ու մինչև հուլիսի 25-ը ես էնտեղ եմ մնացել: Դիրքերից իջել եմ, 3 օր հետո զորացրվել եմ, բայց իմ գրքույկում նույնպես որևէ նշում չկա, որ մասնակցել եմ մարտական գործողություններին»,-ասաց Ջանիկը:

Նա պատմեց, որ 2-3 անգամ հարցում է արել ՊՆ-ին, որտեղից պատասխանել են, որ ինքն ընդամենը մասնակցել է մարտական հերթապահության. «Այն դեպքում, երբ ապրիլի 2-ի գիշերն էլ ականանետով կրակել ենք մոտ 10 սնարյադ»: 

ԼՂՀ Թալիշի դիրքերում ծառայած նախկին ժամկետային զինծառայող, միակողմանի ծնողազուրկ Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը պատմեց, որ եղբոր զինգրքույկում ջնջումը վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ իրենք տևական ժամանակ ՊՆ-ի թեժ գիծ դիմելուց հետո,  դիմել են մամուլին: Կարինեի խոսքով՝ մինչ այդ իրենք շուրջ մեկ ամիս պատասխան չեն ստացել պաշտպանության նախարարությունից եղբոր զինգրքույկում կատարված ջնջումի առթիվ: 

«Կոնկրետ ապրիլի 1–ին եղբայրս բարձրացած է եղել Թալիշի մարտական դիրքեր, գիշերը պատերազմական գործողությունները սկսվել են: Որպես գնդացրորդ ծառայել է Թալիշի առաջին գծում, այն դեպքում, երբ միակողմանի ծնողազուրկ է: Գրքույկում նախ նշված է, որ ինքը մասնակցել է ապրիլյան մարտերին, գնդացրորդի պաշտոնում, սակայն հետո ջնջվել է այդ մասը, այն դեպքում, երբ մարտերի ժամանակ եղբայրս վիրավորվել է, բեկորներ կան գլխի մեջ` ճակատային հատվածում: Բացի դա, Թալիշի մարտական հենակետերից մեկը հետ վերցնելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է իրեն: Ծառայության ամսիներին զինգրքույկի մեջ գրված է եղել, որ մասնակցել է մարտերին: Չի պատկերացրել, որ վերջին օրը կարող են փոխել գրառումը»,– պատմեց զինվորի քույրը: 

Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանի խոսքերով՝ զինծառայողների զինգրքույկներում ջնջումների առթիվ ՊՆ-ի թեժ գծով 165 հարցում է ստացվել, որոնք ուսումնասիրելուց հետո ընդամենը 10-ն են վերականգնվել: Ընդհանուր առմամբ՝ ըստ ՊՆ ներկայացուցչի՝ խոսքը վերաբերում է մոտ 300 դեպքի:

«Հասկանալի է բողոքի ալիքը և ընդունելի, եղել են թերացումներ որոշ անձանց կողմից, սակայն դեպքեր էլ կան, որ մարդիկ եղել են բուժկետում, հոսպիտալում, բայց ուզում են գրանցվել որպես մարտական գործողությունների մասնակից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ յուրաքանչյուր զորամաս ունի գործողությունների պլան և ըստ այդմ է որոշվում՝ զինվորների որ մասն է մասնակցել կոնկրետ մարտերի, որոնք՝ ոչ:

«Միգուցե մարդիկ են եղել, որ իրենց թվացել է, որ ներգրավված են մարտերին, բայց իրենք ներգրավված չեն եղել, դա դեռ այն չէ, ինչի մասին խոսում են»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ պետք է համակարգային լուծման գնան:

Հարցին, թե ՊՆ որևէ պաշոնյան է պատասխան տվե՞լ է  զինգրքույկներում արված ջնջումների համար, ՊՆ ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել:

«Որևէ մեկը պատասխան տվել է, թե ոչ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ, չի բացառվում, որ կան, բայց կոնկրետ դեպքեր չգիտեմ»,-ասաց Ավետիսյանը 

ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ Ապրիլյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցությունը բացի բուհական զեղջից, այլ արտոնություն չի նախատեսում:

Իրավապաշտան Արթուր Սաքունցը կարծում է, որ պետությունը չի կատարել իր պարտավորությունը զինվորների նկատմամբ:

«Պետությունը պարտավոր է քաղաքականություն մշակել՝ սոցիալական, կրթական, հոգեբանական: Ընդ որում՝ դա պետք է արվեր 1994-ից հետո, երբ մենք անընդհատ գտնվել ենք պատերազմական իրավիճակում: Իսկ մեր մոտ տարվել է քաղաքականություն, որ չի կարելի քննադատել բանակին, գեներալներին, դա հակաազգային է: Տեսանք՝ ովքեր էին հակազգային գործունեություն իրականացնում և վարչապետն էլ բացահայտեց վառելիքի պատմությունը»,-ասաց իրավապաշտպանը: 

Սաքունցի առաջարկով՝ բոլոր զինվորներին պետք է տրվի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, քանի որ նրանք ծառայել են պատերազմական իրավիճակում: 

«Բոլորին պետք է տրվի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը, քանի որ խոսքը պատերազմական իրավիճակի և գործողությունների մասին է»,-ասաց Սաքունցը: 

Հասարակական գործիչ Դավթի Մաթևոսյանն էլ հավելեց, որ մենք ունենք օրենսդրական հսկայական մի բաց, և որպես պատերազմական իրավիճակում գտնվող երկիր համակարգված օրենսդրական դաշտի բացակայության խնդիր:

«Զինվորին պետք է ցույց տրվի, որ քո թիկունքում մենք կանգնած ենք: Եթե Աստված չանի սպանվես, պետությունը քո մեջքին է: Ազգ-բանակ հայեցակարգը մոտավորապես այն է, ինչ մենք ենք ասում: Պետք է արագ լուծում տալ բոլոր նախադեպերին և օրենսդրական լուծումներով առաջ գնալ: Օրվա մարտահրավերները էս երկրի համար չափազանց մեծ վտանգ են ներկայացնում»,-նշեց Մաթևոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ