«Ես համաձայն չեմ, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին անդրադառնանք միայն մարտի 1-ին: Այդ օրը անընդհատ մեզ հետ է, եթե այդ օրը չլիներ, մենք հիմա անկասկած ապրելու էինք այլ Հայաստանում», - հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյան՝ հավելելով, որ տարիներ իր վեր հիմնականում խոսվել է մարտի 1-ի իրադարձությունների զոհերի մասին, սակայն պակաս կարեւոր չէ հիշել նաեւ վիրավորված անձան խնդիրների մասին:
«Մեդիա կենտրոնում» մատի 1-ին Վարդան Հարությունյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիտորսյանի եւ իրավաբան Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով վիրավորվածների խնդիրները» թեմայով քննարկում:
Վիրավորվածների մեջ կային բավականին ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձինք, նշում է Հարությունյանը եւ հավելում. «Այդ մարդիկ չստացան համապատասխան իրավական եւ պետական աջակցություն: Ընդհանրապես մարտի 1-ի գործը կարելի է ասել բացահայտված է, փաստահավաք խումը բավականին մեծ աշխատանք կատարեց այդ ուղղությամբ: Մնում է ուղղակի կայացնել դատավճիռը եւ պատասխանատվության կանչել հանցագործությունը կատարած անձանց»:
Իրավաբան Արմեն Խաչատրյանի խոսքով, ըստ պաշտոնական թվերի՝ մարտի 1-ին եղել է 300 վիրավոր, որից 150-ը ճանաչվել է տուժող:
«Այդ օրերին ով ներկայանում էր որպես վիրավոր, նրանց դեմ քրեական գործ էր հարուցվում ոստիկաններին դիմադրելու համար, հետևաբար մեծամասնությունը վախենում էր բարձրաձայնել իր վիրավոր լինելու մասին», - ասաց նա՝ հավելելով, որ մի քանի քաղաքացիներ չընկրկեցին եւ մինչեւ վերջ պայքարեցին իրենց իրավունքների համար:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 1-ի իրադարձություններից տուժածների իրավահաջորդների գործն արդեն ՄԻԵԴ-ում մտել է քննարկման վերջնական փուլ եւ հույս հայտնեց, որ շուտով դատարանը կկայացնի համապատասխան վճիռը:
Քննարկմանը մասնակից Արմեն Մարտիրոսյանի կարծիքով մարտի 1-ի գործի շրջանակը շատ լայն է:
«Այստեղ կա թե քաղաքական գնահատականի խնդիր, թե իրավական գնահատականի խնդրի, թե հոգեբանական, սոցիալական խնդիրներ, որոնցից ոչ մեկը լուծված չէ: Անհրաժեշտ է առաջին հերթին պետական եւ քաղաքական գնահատական, այնուհետեւ գործի իրավական բացահայտում եւ զոհվածներին եւ վիրավորվածներին պետական համապատասխան աջակցության տրամադրում», - ասաց Մարտիտորսյանը:
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: