«Ադրբեջանը կարող է ռազմական բախումների գնալ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո»
28.02.2017
11:00
Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում կմնա լարված եւ այն մերթընդմերթ կարող է վերաճել լոկալ բախումների, ինչը հղի է իր մաշտաբներով «ապրիլյան պատերազմը» գերազանցող նոր ռազմական առճակատման վտանգով:

Ռազմաճակատում անցյալ տարվա ապրիլյան բախումներից հետո, այժմ օրակարագային հարց է ոչ թե այն կլինի պատերազմ, թե ոչ, այ այն, թե երբ կլինի պատերազմ: Այս կարծիքին են ԼՂ հակամարտության կարգավորմանը գործընթացն ուսումնասիրող մասնագետները:

«Ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին հերթական հարձակումը նախաձեռնելիս: Ցավոք, հարցը ոչ թե այն է, թե կլինի՞ ռազմական սրացում, այլ թե այն ե՞րբ կլինի: Արևմտյան կողմը քիչ լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա: Այս անգործությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունն ավելի է սաստկացնում նրա գործողությունները: Տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունի Մոսկվան, ում ԱՄՆ նոր վարչակազմը կարծես հանձնում է հետխորհրդային տարածաշրջանը: Ուստի պաշտոնական Մոսկվայից պետք է ավելի միակողմանի ջանքեր ակնկալել: Հերթական ռազմական սրացումը շահեկան չէ Մոսկվայի համար, բայց, ցավոք, Ռուսաստանն է, որ ստիմուլացնում է Բաքվին», - ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ փետրվարի 25-ին ադրբեջանական զինված ուժերի անհաջող հարձակումները թեստ էին՝ նոր հարձակմանը նախապատրաստվելու համար:

Փետրվարի 28-ին «Մեդիա կենտրոնում» Ռիչարդ Կիրակոսյանի, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի  (տեսազանգի միջոցով) մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման ներծին եւ արտածին գործոնները» թեմայով:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի պարբերական հարձակումները ցույց են տալիս, որ Բաքուն ցանկանում է խախտել ստատուս քվոն, վերջնագրեր է ներկայացնում: «Այն չի ցանկանում բանակցությունների գնալ: Բանակցային գործընթացում առաջացել է վակուում, որը նա լցնում է ռազմական գործողություններով», - ասաց նա՝ առաջ քաշելով «ի՞նչ պետք է անել այս իրավիճակում» հարցադրումը: Այնուհետեւ ինքն էլ պատասխանեց այդ հարցին. «Շատ բան կարելի է անել, այդ թվում՝ նաև բանակցություններում: Բայց նախ և առաջ պետք է ուժեղացնել բանակը: Օրինակ՝ փետրվարի 25-ի հարձակմանը մեր զինված ուժերը ժամանակին արձագանքել են, քանի որ պատրաստված են եղել»:

Քաղաքագետն այս իրավիճակում ամեն ահ սպասում է  ռազմական գործողությունների վերսկսման: «Ադրբեջանը պատերազմում է բոլոր ուղղություններով՝ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելը շատ լուրջ խնդիրներ են: Սա իզոլյացիա է ԼՂ նկատմամբ, շանտաժ այն մարդկանց նկատմամբ, որոնք կայցելեն Արցախ», - ասաց նա՝ հավելելով, որ

Ադրբեջանին իրականում չի հուզում իր կողմից ունեցած մարդկային կորուստները. «Ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է պարզել, թե որքանով է լավ զինված հայկական կողմը»:

Ալեքսանդր Սկակովի խոսքով, ռազմական բախում արցախյան հակամարտության գոտում կարելի է սպասել միշտ, քանի որ կողմերն ունեն իրարամերժ պահանջներ եւ չեն գալիս համաձայնության: «Արցախյան խնդրի լուծման բանալիները գտնվում են և Մոսկվայում, և Բրյուսելում, և Վաշինգտոնում, և Ստեփանակերտում, ինչպես նաև Երևանում, պարզապես կողմերը համաձայնության չեն կարողանում գալ», - ասաց նա՝ հավելելով, որ այժմ Վաշինգտոնը և Բրյուսելը այդքան մեծ հետաքրքրություն չունեն Ղարաբաղի հարցում: «Մոսկվան այլ վիճակում է, քանի որ ավելի մոտ է կոնֆլիկտին եւ իր կենսական շահերի գոտում է այն: Ուստի Մոսկվան չի ցանկանում հակամարտության վերսկսում կամ լայնամաշտաբ ռազմական բախումներ, քանի որ Կրեմլը ստիպված պետք է լինի այնպիսի որոշում կայացնի, որը չի ցանկանում: Մոսկվան ունի առանձնահատուկ հարաբերություններ թե Երևանի, թե Բաքվի հետ»,-ասաց քաղաքագետը:

Սկակովի վերջին դիտարկմանը հակադարձեց Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանին և Ադրբեջանին պետք չէ դնել նույն հարթության վրա: «Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ է, բայց Ադրբեջանը չի անդամակցում այդ կառույցներին: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ադրբեջանը՝ ոչ», - նկատեց նա: Այս դիտարկումից հետո ռուսաստանցի քաղաքագետը հստակեցրեց իր խոսքը՝ ընդգծելով, որ «առանձնահատուկ» տերմինը դեռ չի նշանակում հավասարության նշան դնել հարաբերություններում: «Հայաստանը մեր դաշնակիցն է, ում պարտավոր ենք պաշտպանել, ինչը Ռուսաստանը պարտադիր չէ գործընկերների պարագայում», - ասաց նա՝ հավելելով, որ ռազմաճակատում առաջիկայում մեծ բախումներ չի ակնկալում, քանի որ Հայաստանն ունի «Իսկանդեր» համակարգեր, ուստի ռազմական հավասարակշռությունը վերականգնել է:

Լրագրողների հարցին արդյոք կարելի է սպսաել շփման գծում իրավիճակի  կտրուկ սրացումներ ապրիլին՝ Ռիչարդ Կրակոսյանը դրական պատասխանեց, սակայն նրա կարծիքով հնարավոր բախումները կարող են տեղի ունենալ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո: Միեւնույն ժամանակ նա հավելեց, եթե նախկինում Ադրբեջանը հարձակվում է, ուղղակի հարձակման համար, ինչը չէր տեղավորվում ռազմական գործի տրամաբանության մեջ, ապա անցյալ տարվա ապրիլին խնդիր էր դրված հարձակվել ու գրավել տարածքներ:

«Իմ կարծիքով, փետրվարյան հարձակումն այդ առումով, թեստ էր՝ հերթական հարձակման համար: Ռազմական տեսանկյունից մեծ հարձակման համար ապրիլն ամենահամապատասխան ժամանակահատվածն է, քանի որ նախ՝ եղանակային պայմանները լավ կլինեն, իսկ հետո Իսրայելից և Ռուսաստանից սպասվում են նոր զինատեսակներ», - ասաց բանախոսը՝ նկատելով, որ հարձակումը չի լինի ՀՀ ընտրություններից առաջ, քանի որ այդ դեպքում դա կլինի մեծ նվեր իշխող ՀՀԿ-ի համար: «Իսկ ընտրությունից հետո կատարված հարձակումը կլինի առաջին թեստը նոր ընտրված խորհրդարանի համար: Հաջորդ հարձակումը Ադրբեջանի կողմից կլինի ոչ Ղարաբաղի դեմ, այլ կլինի Ղարաբաղից հարավ և հյուսիս ընկած ուղղություններով», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ