«Բավարար հիմքեր կա՞ն Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»
23.02.2017
12:00
Փետրվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Բավարար հիմքեր կա՞ն Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ), Արամ Մանուկյանը (Կոնգրես-ՀԺԿ դաշինք), Ստյոպա Սաֆարյանը (Ազատ դեմոկրատներ կուսակցություն)

Արտակ Սարգսյանը (ՀՅԴ), Արայիկ Հարությունյանը («Ելք» դաշինք):

Գործող Ընտրական օրենսգիրքն ավելի շատ բարդություններ է ստեղծում, քան օգնում է որակյալ ընտրությունների կայացմանը

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու համար նախեւառաջ անհրաժեշտ է որակյալ ընտրական օրենսգիրք: Սակայն գործող ՀՀ ընտրական օրենսգիրքը խիստ վիճահարույց է եւ հավելյալ բարդություններ է ստեղծում ընտրողների, կազմակերպիչների ու քաղաքական ուժերի համար:

ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը, կարեւորելով ընտրությունների անցկացման օրենսդրական որակյալ բազայի առկայությունը, միաժամանակ շեշտեց, որ որակյալ ընտրություններ ունենալու համար այլ պայմաններ եւս անհրաժեշտ են:

«Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար, բնականաբար, իրավական դաշտը չէ, որ միայն պետք է ապահովի այդ ընտրությունները: Դա նախ եւ առաջ ունի սոցիալ-տնտեսական հիմքեր, դա կապված է նաեւ քաղաքական մշակույթի հետ եւ, բնականաբար, կախված է նրանից, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինչպիսի քաղաքական կամք կցուցաբերեն հանրության համար վստահելի ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց Արտակ Սարգսյանը:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը մտահոգված էր գործող ընտրական օրենսգիրքի բարդությամբ, ինչը նրա կարծիքով կարող է խոչընդոտ հանդիսանալ վստահելի ընտրությունների կազմակերպման համար:

«Քաղաքացին ի վիճակի չէ հասկանալ այդ բարդ օրենսգիրքը, իսկ իրավագետներն արդեն ասել են, որ դա իրավագիտության սկզբունքների խախտում է»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու երկրորդ կարեւոր հանգամանքն իշխանությունների կամքն է:

«Իշխանությունները չունեն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու կամք, որովհետեւ անգամ այս շրջանում բազմաթիվ ահազանգեր են հնչեցվում ընտրակաշառքների եւ ընտրողին կաշառելու փորձերի վերաբերյալ»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը գտնում է, որ գործող ընտրական օրենսգիրքը չի բավարարում նորմալ ընտրական գործընթացի պահանջներին:

«Այս օրենքը միանգամյա օգտագործման օրենք է, հաջորդ ընտրություններում սա չի գործելու, որովհետեւ այն պարզապես կիրառելի չէ: Աշխարհում այսպիսի փորձ չկա, այդ 8 հոգին 8 ժամվա ընթացքում մոտավորապես 90 թեկնածուի եւ 9 կուսակցության քվեներ, սա պարզապես հնարավոր չէ եւ ձախողվելու է ընտրությունների հատկապես հաշվման պրոցեսը»,- համոզվածություն հայտնեց Արամ Մանուկյանը, սակայն շեշտեց նաև, որ գործող ընտրական օրենսգիրքը դրական ազդեցություն էլ կարող է ունենալ, քանի որ գալիք խորհրդարանական ընտրություններին կես միլիոնով պակաս մասնակցություն է գրանցվելու՝ ընտրողների ցուցակների հրապարակման պարտադիր պայմանի կիրառման հետեւանքով.

«Արդեն այդ ցուցակներում չեն լինի բոլոր այն «քվեարկողները», որոնք Հայաստանում չեն եղել, բայց նրանց տեղը քվեարկվել է»,- նշեց Արամ Մանուկյանը:

«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը եւս լավատես չէ առաջիկա ընտրությունների որակի հետ կապված:

«Այս իշխանությունների ձեռքում ինչ ընտրական օրենսգիրք էլ դնես, եթե նրանք կամք չունեն ընտրություններն ըստ օրենքի անցկացնելու, ապա այդ ընտրությունները կկեղծվեն: Իսկ որ կեղծվելու են, արդեն ազդանշանները կան»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ համաձայնվելով, որ ընտրական օրենսգիրքը բարդ է եւ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն հանրությանը բացատրելու համար օրենսգրքի բոլոր այն հատվածները, որոնք վերաբերում են ընտրողին:

Ընտրակաշառք, դեֆորմացված բարեգործություն, օգնություն: Ինչպե՞ս պայքարել ընտրակաշառքի դեմ:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը, պատասխանելով ընտրություններին ընդառաջ իշխանության կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներին, մասնավորապես նշեց.

«Ոչ ոք չի ժխտում, որ ֆինանսական ռեսուրսներն օգնում են ընտրությունների ժամանակ: Շատ դժվար է սահմանագիծ գծել ու ասել, որ սա բարեգործություն է, սա՝ ընտրակաշառք: Ընդհանրապես մարդիկ ընտրություններից առաջ օգնում են՝ ասֆալտ են անում գյուղում եւ այլն: Եթե մարդուն դժվար ժամանակ օգնում ես, բնականաբար այդ մարդը տրամադրված է այդ օգնողին ընտրությունների ժամանակ ձայն տալու»,- եզրահանգում արեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Իսկ  իշխանության այսպես ասած «օդիոզ» թեկնածուների մասով, որոնք եւ հիմնականում զբաղված են ընտրողներ կաշառելով, Լեռնիկ Ալեքսանյանը ճիշտ չհամարեց, որ նրանց նույնացնում են Հանրապետական կուսակցության հետ: Նա վստահեցրեց, որ այս ընտրությունները մի լայն քայլ առաջ են լինելու, քան նախորդ ընտրությունները, քանի որ ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդը բոլորովին այլ կերպ են տրամադրված եւ ամեն ինչ անելու են որակյալ ընտրություններ ունենալու համար: 

ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը համոզված է, որ 30-40 տոկոս աղքատության մակարդակ ունեցող երկրում բնակչության մի ստվար մասը խոցելի է ընտրակաշառքի առումով:

«Աղքատ մարդուն, որը ունի ամենօրյա հացի խնդիր եւ կա կաշառք տվողը, ապա ռիսկայնությունը չափազանց բարձր է», - նշեց Արտակ Սարգսյանը:

Լուծումը, ըստ նրա, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է. «Եթե մենք ուզում ենք արմատապես լուծել ընտրակաշառքի խնդիրը, պետք է մենք լուծենք երկրի սոցիալական խնդիրները, միջին խավի ձեւավորման հարցը, մենք պետք է ունենանք անկախ քաղաքացի: Իսկ քաղաքացու անկախությունը երկու ասպեկտ ունի՝ սոցիալական եւ կրթական, արդյո՞ք մենք ունենք այդ գիտակից քաղաքացին, որ կկարողանա չգայթակղվել նման պայմաններում»: 

Ստյոպա Սաֆարյանը կիսեց վերոհիշյալ կարծիքը՝ հավելելով. «Աղքատ երկրներում իշխանությունների թիվ մեկ գործընկերն ու նրան ընտրողն առաջին հերթին աղքատ մարդն է: Այսպիսի իշխանությունը երբեւէ շահագրգռված չի լինի, որպեսզի ձեւավորվի միջին խավ, ազատ, գրպանը լիքը հասարակություն եւ ընտրող, որովհետեւ այդպիսի ընտրողն ավելի բարձր արժեքներ է ուզում, ավելի բարձր վարքագծի նշաձող է դնում քաղաքական ուժերի ու թեկնածուների առջեւ:Այո, այդպիսի ընտրողը իշխանության համար դառնում է վտանգ»:

Արամ Մանուկյանը կարեւորեց քաղաքացիներին ակտիվացնելու գործընթացը՝ որպես որակյալ ընտրություն ունենալու կարեւոր գրավական: Նրա կարծիքով՝ պետք չէ քաղաքացիներին հիասթափեցնել, անհրաժեշտ է ոգեւորել, որ ազատ քաղաքացիները գան ընտրության, քանի որ նրանք նպաստում են ընտրությունների կայացմանը:

«Ինչքան քաղաքացին կաշկանդված է, խեղճացած է, սպառնալիքի տակ է, այդքան այդ ընտրությունները ոչ լեգիտիմ են: Պետք է ամեն ինչ անել քաղաքացուն իր անհրաժեշտությունը,

իր կարեւորությունը ներկայացնելու համար»,- նշեց Արամ Մանուկյանը:

Արայիկ Հարությունյանը եւս համակարծիք էր, որ հասարակությանը պետք է դուրս բերվի ապատիայից, որի համար անհրաժեշտ է գաղափարական պայքար:

Քաղաքացու ակտիվությունն ընտրությունների որակը բարձրացնելու ու ընտրակաշառքի գայթակղությանը չտրվելու համար կարեւոր նախապայման համարեց նաեւ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը: 

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ