«Human rights watch»-ի նոր զեկույցը Հայաստանում. «Երեխաների իրավունքների խախտումները մանկատներում»
22.02.2017
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Human rights watch»-ի 2016 թ. նոր զեկույցի ներկայացումը «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով:

Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Հայաստանում ուսումնասիրությունն իրականացվել է առաջին անգամ:

Ասուլիսին մասնակցում էին «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան, «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան և հաշմանդամություն ունեցող 12-ամյա Մարի Մինասյանը, ով հաճախում է ներառական դպրոց Գորիսում:

«Մենք որոշեցինք այս հետազոտությունը կատարել, քանի որ  ճիշտ ժամանակն էր դիտարկելու, թե ինչ առաջընթաց կա այս ոլորտում և ինչ բացթողումներ ու թերություններ կան ՀՀ կառավարության կողմից, որպեսզի հասկանանք ինչ դասեր պետք է քաղել և որոնք են միջազգային իրավական չափանիշները»,-ասաց Գեորգի Գոգիան:

Ուսումնասիրության շրջանակում հարցազրույց է անցկացվել ավելի քան 170 անձի հետ Հայաստանի 8 քաղաքներում. Երևանում, Կապանում, Գորիսում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Հացիկում և Ճամբարակում:

«Մենք հարցազրույցներ ենք անցկացրել 43 երեխայի և 63 ընտանիքի երեխաների հետ, որոնք ապրում են մանկատանը կամ հաճախում են հատուկ կարիքներով երեխաների դպրոց կամ գիշերօթիկ դպրոց:  Մենք այցելել ենք 5 մանկատուն, 10 դպրոց, որոնց թվում նաև 6 հատուկ դպրոց: Մենք զրուցել ենք բոլոր կողմերի հետ՝ ներառած թե' տնօրեններին, թե' ուսուցիչներին, թե' սոցիալական աշխատողներին, բժիշկներին, հոգեբաններին և այլոց: Մենք հանդիպել ենք նաև խնդրին առնչվող բոլոր պետական կառույցների հետ, Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության և գիտության նախարարության,  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ»,-ասաց Գոգիան և հավելեց, որ իրենք հանդիպել են նաև տասնյակից ավելի ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորոտւմ:

Ասուլիսի մյուս բանախոս Ջեյն Բուխանան ասում է, որ ավելի քան 3500 երեխա է բնակվում Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում: 

«Նրանք մեծամասամբ այնտեղ են հայտնվել աղքատության կամ հաշմանդամության պատճառով: Մենք ուսումնասիրել ենք Հայաստանում երեխաների իրավունքների վիճակը միջազգային չափանիշների տեսանկյունից: Հաշմանադամություն ունեցող երեխաները իրավունք  ունեն ապրելու համայնքում և ոչ թե մեկուսացվելու ու խտրականության ենթարկվելու: Ցանկացած տեսակի հաստատություն երեխայի համար պետք է լինի վերջին տարբերակը և միայն կարճ ժամանակով ու բացառիկ հանգամանքների դեպքում: Եթե հազվադեպ դեպքերում երեխան չի կարողանում մնալ իր կենսաբանական ընտանիքում, ապա այլընտրանքային ընտանիքը միշտ լավագույն տարբերակն է»,-ասում է Ջեյն Բուխանան:  

Հետազոտության շրջանակում այցելելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ հաստատություններ՝ նրանք արձանագրել են, որ մեծամասամբ շենքային պայմանները բավարար են, կամ միջին աստիճանի:

«Երեխաները մանկատներում հաճախ չեն ստանում այն ուշադրությունն ու խնամքը, որի կարիքը ունեն: Կարևորագույն ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ՝ վերականգնողական աշխատանքները, հատուկ մասնագետների ներգրավումը, առկա է միայն փակ հաստատությունների պատերի ներսում, բայց ոչ համայնքում»,-ասում է Ջեյնը:

Ըստ հետազտության արդյունքների՝ Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:

«Կառավարությունը պետք է այնպես անի, որ խնամքի հաստատությունները, որքան հնարավոր է՝ քիչ լինեն, փոխարենը՝ երեխաները ապրեն իրենց ընտանիքներում, և այդ ընտանիքները ապահովեն անհրաժեշտ ռեսուրսներով: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին»,- ասում է Ջեյն Բուխանան:

Նա ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները շատ հաճախ ձեւական կերպով են ներառված դպրոցներում: Նրանք իրականում դպրոց չեն հաճախում, այլ տնային պայմաններում են անցնում հայերենի, ռուսերենի, մաթեմատիկայի դասեր: Ըստ նրա՝ շատ դպրոցներում էլ չկան անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այդ երեխաները հաճախեն այնտեղ, իսկ եթե անգամ հաճախում են, նրանք ներառված չեն դասընթացի մեջ:

«Դասի փոխարեն նրանց կարող են հանձնարարել նկարել, կարուձև անել կամ այլ առաջադրանքներ կատարել դասի ընթացքում զբաղվելու համար: Մինչդեռ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները պետք է ստանան նույն կրթությունը, նույն դասընթացը: Այսինքն՝ համակարգը պետք է լինի ճկուն»,-ընդգծում է Ջեյնը: 
Նրան մտահոգում է այն, որ այսօր Հայաստանում չկա մտադրություն վերակազմակերպելու հաշմանդամություն ունեցող երեխաների 3 մանկատները: Եվ չնայած նրան, որ խնամքի հաստատություններում երեխաների թիվը ընդհանուր առմամաբ նվազում է, հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը նման հաստատություններում աճում է: 

Գիորգի Գոգիան նշում է,  որ Հայաստանը պետք է վերանայի Ընտանեկան օրենսգիրքը և լուրջ փոփոխություններ մտցնի:

«Եթե հաշմանդամություն ունեցող երեխան չի բնակվում իր ընտանիքի հետ, պետք է լինեն խնամակալ, որդեգրող ընտանիքներ, որոնք կզբաղվեն երեխայի խնամքով»,-նշում է Գոգիան:

Ըստ Յունիսեֆի տվյալների՝ Հայաստանի պետական հաստատություններում գտնվող երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը մեկ երեխայի համար կազմում է տարեկան 3.000-5.000 դոլար:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և  ՀՀ կառավարության կողմից իրականացվող մանկատների բեռնաթափման ծրագրին, որի բուն նպատակը մինչև 2021 թվականը 22 հաստատությունների վերակազմակերպումն է և երեխաներին՝ իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ նրանց համար  խնամակալ ընտանիք գտնելը, Ջեյնն ասաց. «Այդ միջոցները կարող են օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների՝ ուղղակի աջակցության համար: Կառավարությունը պարտավոր է երեխային առաջարկել ընտանիքի մոդելի մի քանի տարբերակ, եթե երեխան չի կարող մնալ և ապրել իր կենսաբանական ընտանիքում: Այդ դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաները կվարեն լիարժեք կյանք: Բայց այսօր ամբողջ Հայաստանում ընդամենը 25 խնամակալ ընտանիք է պետական աջակցություն ստանում բյուջեից»:

Գորիսի ներառական դպրոց հաճախող 12-ամյա Մարի Մինասյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, պատմեց, թե ինչպիսի խոչընդոտներ է  հաղթահարում դպրոց գնալու համար:

«Մեր դպրոցում չկա վերելակ, ես ամեն օր ոտքով 3 հարկ բարձրանում եմ և իջնում, ինչը ինձ համար շատ դժվար է»,-ասում է Մարին, ով ունի հենաշարժողական խնդիրներ:

Նա պատմում է, որ դպրոցում սանհանգույցը գտնվում է դպրոցի առաջին հարկում, տղաների սանհագույցի կողքին, ինչի պատճառով նա չի կարողանում օգտվել: Նրան ամեն օր դպրոց է ուղեկցում ավագ քույրը:

«Մեր դպրոցում ես միակ աշակերտն եմ, որ ունեմ հենաշարժողական խնդիրներ: Մենք ունեինք մեզ հարևան մի աղջիկ, ով նույնպես ուներ հենաշարժողական խնդիրներ, բայց դպրոցում անհրաժեշտ շենքային պայմանների բացակայության պատճառով, տանն էր մնում, դասերը պարապում: Ուսուցիչները գալիս էին նրա հետ տանը պարապում ու գնում, իսկ 4-րդ դասարանից հետո նա ընդհանրապես թողեց ուսումը»,-պատմում է Մարին և հաշմանդամություն ունեցող երեխաներին կոչ անում չամաչել:

«Պետք է գնալ սովորական դպրոց, որովհետև բոլորը հավասար են»,-ընդգծեց Մարին: 
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ