Շվեյցարիայի դեսպան. «Հայաստանը պետք է տեսանելի դառնա արտաքին ներդրողների համար»
10.02.2017
11:00
Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները ակտիվ զարգանում են հատկապես ֆինանսատնտեսական եւ փոխադարձ ներդրումների ոլորտներում: Թեպետ Շվեյցարիան 2015 թ.-ի պաշտոնական տվյալներով 90 մլն դոլար ներդրումների ծավալով ՀՀ տնտեսությունում թիվ մեկ ներդրողն է, սակայն Հայաստանն արտաքին աշխարհի համար ճանաչելի դառանալու խնդիր ունի:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը:

Հարաբերությունների տնտեսական առանցքը

Դեսպանի խոսքով Հայաստանն ու Շվեյցարիան արդյունավետ գործընկերություն են իրականացնում ֆինանսատնտեսական ոլորտում: «Շվեյցարիան էական ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսությունում: Միայն անցյալ տարվա պաշտոնական տվյալներով շվեյցարական ընկերությունները 90 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացրել Հայաստանում», - ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը շարունակելու է մնալ շվեյցարական լուրջ ընկերությունների ուշադրության ներքո որպես ներդրումային երկիր:

Դեսպանի խոսքով Շվեյցարիան միշտ գնտվել է Հայաստանում ներդրումներ կատարող երկրների քսանյակում: «Այսպես շարունակվում է արդեն շուրջ քսան տարի: Իսկ ներդրումներն հիմնականում իրականացվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, դեղագործությունը եւ այլն», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ ներդրումային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ է արդյունավետ պայքար կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ: 

Երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում դեսպանը կաեւորեց Հայաստանին Շվեյցարիայի շնորհած GSP արտոնությունների համակարգը: «Հայաստանում քչերը գիտեն այս մասին, սակայն առեւտրի արտոնությունների այս համակարգը հնարավորություն է տալիս հայաստանցի արտադրողներին ցածր մաքսատուրքերով Շվեյցարիա արտահանել իրենց ապրանքները», - ասաց Լուկաս Գասերը՝ հավելելով, որ հայկական ապրանքներից շվեյցարական շուկայում կարող են գրավիչ լինել՝ լոլիկը, իշխան ձուկը, ծիրանը եւ այլն: 

Նրա խոսքով, անկախության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը հասել է կայունության բավականին ողջամիտ մակարդակի: «Սակայն խնդիրը ոչ միայն կայուն երկիր լինելն է, այն արտաքին աշխարհում այդպիսին ընկալվելը: Այս առումով որոշակի մարտահարավեր է ԼՂ չկարգավորված հակամարտությունը», - ասաց նա: Միեւնույն ժամանակ դիվանագետը հիշեցրեց, որ որոշակի հայկական ընկերություններ ներդրումներ են կատարում Շվեյցարիայում: Գաղտնիությունից ելնելով նա չնշեց ընկերությունների անունները, սակայն ասաց ոլորտները, որտեղ նրանք ներդրումներ են իրականացրել՝ ժամացույցների արտադրություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Կարեւորը ՀՀ-ում վստահության վերականգնումն է 

Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը խոսեց նաեւ ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, որից հետո Հայաստանը, համաձայն նոր սահմանադրության, անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:

«Վստահեցնում եմ, որ աշխարհով մեկ նախապատվություն չկա, թե որ համակարգն է ավելի արդյունավետ: Թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգով լավ գործող և կայուն պետություններ կան: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի համար ավելի կարևոր խնդիր է ամրացնել հասարակության մեջ փոխադարձ վստահության առկայությունը: Սա մի բան է, որը ՀՀ-ում պակասում է: Կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության քաղաքական գործընթացներում ավելի մեծ ներգրավման խնդրի լուծումը», - ասաց Գասերը: 

Բեռնը քաջալերում են Երեւան-Թեհրան հարաբերությունները

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների մի մասի չեղարկումից հետո Հայաստանը փորձում է դեպի իրանական տնտեսություն ներդրումների հոսքն ապահովող դարպասներ դառնալ: Շվեյցարիան, նշում է դեսպան Լուկաս Գասերը, քաջալերում է Հայաստան-Իրան հարաբերությունները: 

«Շվեյցարիան Իրանի հետ ունի շատ լավ հարաբերություններ եւ շահագրգռված է զարգացնել դրանք: Բացի այդ Շվեյցարիան իր դիվանագիտական առաքելությամբ ԱՄՆ շահերն է ներկայացնում Իրանում», - ասաց դիվանագետը՝ հավելելով, որ Հայաստանը, լինելով Իրանի հետ հարեւան երկիր, հետաքրքրություն է ներկայացնում: «Կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրորեն հարեւան է Իրանի հետ, այլեւ բարիդրացիական հարաբերություններ ունի Թեհրանի հետ», - ասաց նա: Հայկական հարթակը, կարծում է դիվանագետը, մեծ ներուժ ունի Իրանի հետ տնտեսական հարաբերությունների և առևտրի զարգացման համար:

Միեւնույն ժամանակ, նշում է դիվանագետը, խոսքը մասնավոր ընկերությունների մասին է, որոնք պետք է որոշում կայացնեն՝ անմիջապես Իրանի հետ աշխատե՞լ, թե՞ Հայաստանի միջոցով: «Ուղղակի փաստ է, որ Իրանի հետ նման հարաբերություններ հաստատելու և հարթակ ծառայելու համար Հայաստանն ինքը պետք է ակտիվացնի իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ», - ասաց նա:

Լեռնային Ղարաբաղ եւ հայ-թուրքական հարաբերություններ

Ասուլիսին դեսպանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, նշում է Լուկաս Գասերը, կարևոր է 1994-95 թթ. հրադադարի պայմանագրի պահպանումը: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է», - ասաց նա:

Դեսպանի խոսքով` հակամարտության կարգավորումը բխում է Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերից: Նա նշեց, որ հարկ է օժանդակել հակամարտության բոլոր կողմերին, ինչը պահանջում է բավականին ծավալուն դիվանագիտական գործունեություն, հատկապես ԵԱՀԿ-ի շրջանակներում: Բայց, ընդգծեց դեսպանը, դա այն գործունեությունն է, որը հրապարակային չի ծավալվում: «Մենք ցանկանում ենք հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին օժանդակություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Սա պահանջում է  լուրջ դիվանագիտական աշխատանք նաև ԵԱՀԿ շրջանակներում», - ընդգծեց Շվեյցարիայի դեսպանը: 

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, դեսպանը նշեց, որ Շվեյցարիան այժմ էլ պատրաստ է օժանդակել կողմերին կապեր հաստատելու եւ հարաբերությունների կարգավորման հարցում:

«Խնդիրն այն է, որ այդ հարաբերությունները գործնականում բացակայում են, բայց մենք պատրաստ ենք երկու կողմերին օժանդակություն ցուցաբերել` երբ կողմերը պատրաստ լինեն», - նշեց նա: Դիվանագետի կարծիքով բնական իրավիճակ չէ, երբ երկու երկրների միջև, որոնք ունեն երկար համատեղ պատմություն ու ընդհանուր սահման, հարաբերությունները բացակայում են: Նա հիշեցրերց, որ 2009թ-ին Ցյուրիխի արձանագրությունների նախաստորագրման հարցում Շվեյցարիան մեծ դերակատարություն ունեցավ՝ ափսոսանք հայտնելով, որ «այդ փաստաթղթերը էլ չվավերացվեցին»:

Հատկանշական է, որ Շվեյցարիան այն եզակի երկրներից է, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է: Մեր հարցին՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդե՞լ է շվեյցարական օրենսդրության վրա, դեսպանն ասաց. «ՄԻԵԴ-ի վճռից հետո Շվեյցարիան պարտավոր չէ իր հակառասիստական օրենսդրությունը փոփոխել, մասնավորապես քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի մասին է խոսքը: Փերինչեքինը մասնավոր դեպք է, իսկ դատարանի որոշումը վերաբերում է հենց այդ գոծին»:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում քաղաքացիական անհնազանդության գործողություններին
26.04.2018
12:00
Ապրիլի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում քաղաքացիական անհնազանդության գործողություններին» թեմայով:
Քաղաքագետների գնահատականը «թավշյա հեղափոխության» ընթացքին
26.04.2018
11:00
Ապրիլի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քաղաքագետների գնահատականը «թավշյա հեղափոխության» ընթացքին» թեմայով:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր Գարո Արմենի հարցազրույցը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
24.04.2018
12:00
«Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում». այսպիսի միտք է հայտնել Գարո Արմենը Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությունում:
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
«Սիստեմայի մենեջմենթի բացակայություն է ընդհանրապես երկրում: Այն հայտարարությունից հետո, որ երկրում պետք է Մարտի 1 կրկնվի, միակ բանը, որ իմ համեստ հնարավորությունները թույլ են տալիս՝ հրաժարվել այն կոչումից, որը ստացել եմ այս երկրի ղեկավարներից»,- ասաց «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով ասուլիս-քննարկմանը:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ