Քննարկում. Հարկային վարչարարության պատճառով հազարավոր ձեռնարկություններ հայտնվել են սննկացման եզրին
06.02.2017
12:00
Բիզնես ոլորտում հարկային վարչարարության որակը Հայաստանում դրական փոփոխություններ է կրում, սակայն դեռ կան շատ չլուծված խնդիրներ գործարար միջավայրի բարելավման, բոլոր սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման տեսանկյունից:

«Մի կողմից ոչ ֆորմալ տնտեսությունը պետք է բերել հարկային դաշտ, սակայն մյուս կողմից էլ անհրաժեշտ է ապահովել այնպիսի մրցակցային միջավայր, որ «սպիտակ դաշտում» աշխատող բիզնեսը հնարավորություն ունենա զարգանալ, այլ ոչ թե սննկանալ: Ուստի բիզնես միջավայրի բարելավումն անհրաժեշտ է ավելի արագ տեմպերով իրականացնել, քան ոչ ֆորմալ տնտեսության հարկումը», - հայտարարեց ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 6-ին Գագիկ Մակարյանի, Հարկային խորհրդի անդամ, Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի եւ «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Հարկային եւ տեսչական ստուգումների խնդիրը բիզնես ոլորտում» թեմայով քննարկում: 

ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը վերջին շրջանում բազմաթիվ հարձնարարականներ է տալիս գերատեսչական մարմիններին բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, սակայն միեւնույն ժամանակ կոչ անում պատժել անբարեխիղճ հարկատուներին: Ընդ որում, վարչապետը իրավապահ մարմիններին հանձնարարել է հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակներում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց և վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում:

«Հարկային վարչարարությունը Հայստանում մինչեւ օրս աշխատել է վարչա-հրամայական եւ պլանային մեխանիզմներով: Այն փոխելու փորձեր կատարվում են, սակայն հաջողություները դեռ շատ տեսանելի չեն: Ուստի վարչապետի հանձնարարականն ուղղված ստուգող մարմիններին՝ չանհանգստեցնել գործարարներին, պայմանավորված է այն հանգամանքով, որ բիզնես միջավայրը հայտնվել է մի վիճակում, երբ կողմնակալ եւ ոչ պատշաճ ստուգումները կարող են ավելի շատ վնաս տալ տնտեսությանը, քան հակառակը», - կարծում է Մակարյանը՝ հավելելով, որ հարկային եւ տեսչական ոչ պատշաճ ստուգումների հետեւանքով այժմ շատ գործարարներ եւ ձեռնարակություններ հայտնվել են սնանկացման եզրին:

Քսան տարի շարունակ գործող հարկահավաքման մեթոդները չեն փոխվել, ընդգծեց Արմեն Եսոյանը՝ հավելելով, որ նոր մոտեցումների ձեւավորման փորձեր կատարվում են, սակայն դրանք չեն հասել դեռ հարկային վարչարարություն իրականացնող մարմիններին: Նա հույս ունի, որ ՊԵԿ-ի ղեկավարության փոփոխությունը կհանգեցնի նաեւ այդ կառույցի միջին եւ ստորին օղակներում կադրային բազայի թարմացման:

«Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությունը, թե ոչ բարեխիղճ հարկատուները պետք է պատժվեն, ապա կարծում եմ՝ մոտեցումը պետք է այլ լինի: Ոչ թե պատժիչ քաղաքականություն, այլ համաչափ վարչարարություն իրականացվի: Այս մեխանիզմի նպատակը պետք է լինի ոչ թե տնտեսվարող սուբյեկտի կործանումը, այլ հավասար միջավայրի ձեւավորումը: Նույնիսկ, եթե տնտեսավորղ սուբյեկտը խախտում է թույլ տվել, ապա պետք չէ ողջ լծակներն ուղղել նրան պատժելու համար, այլ համաչափ պատիժ կիրառել կոնկրետ տնտեսվարողի նկատմամբ: Օրինակ՝ հաշվետվություն ուշացնելու կամ հարկերը թաքցնելու համար օրենսդրությունը նախատեսել է մի քանի պատասխանատվության միջոցներ: Սակայն մինչեւ այժմ հարկային տեսուչների առջեւ խնդիր է դրած եղել կոնկրետ տուգանք սահմանել եւ գումար գանձել», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ հարկային վարչարարությունը պետք է հետապնդի ոչ թե ֆիսկալ, այլ թերացող հարկ վճարողին ուղղելու նպատակ:

Նա նաեւ մտավախություն հայտնեց, որ նախընտրական ժամանակաշրջանով պայմանավորված, հանկարծ իշխանությունը հարկային վարչարությունը չվերածվի մրցակից թիմում հայտնված գործարարներին կործանելու կամ ճնշելու մեխանիզմի: «Այս մեխանիզմը պետք է բացառապես հեռու լինի քաղաքականությունից, եւ միտված լինի տնտեսությունում հավասար մրցակցային դաշտ ապահովելուն», - նշեց «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահը:

Հարկային խորհրդի անդամ, Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի կարծիքով նոր ընդունված Հարկային օրենսգրքով վարչարարության տեսանկյունից շատ հարցեր լուծվել են: «Դրանք վերաբերում են թե՛ հարկային հաշվետվությունների ներկայացմանը, թե՛ հարկային ստուգումների ժամկետների հստակեցմանը եւ թե՛ տուգանքների դրույքաչափերի նվազեցմանը», - նշում է Համբարձումյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ հարկային վարչարարության մեղմմանը զուգահեռ չպետք է մոռանալ այլ ռիսկերի մասին: «Հայաստանում կան հարկատուներ, որոնք հենց տեսնում են, որ հարկային ստուգումների ռիսկ չկա, սկսում են նվազեցնել ֆիսկալ վճարումների մակարդակը: Մենք ունենք պատասխանատու հարկային վճարումներ իրականացնելու խնդիր: Ուստի այստեղ իսկապես անհրաժեշտ են ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այն վարակիչ ազդեցություն չունենա մյուս տնտեսվարողների համար», - ասաց բանախոսը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ