Բանավեճ. «Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց. կառավարության ձեռնարկած քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում»
31.01.2017
19:30
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում զուտ օրենսդրական փոփոխություներով եւ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմամբ հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ համապատասխան միջավայր ձվեւավորելու եւ լուրջ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու համար:

Այս մասին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացված «Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց. կառավարության ձեռնարկած քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով բանավեճի ընթացքում նշեցին բանախոսները:   

Համաձայն վերջերս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքների, Հայաստանը 2016 թ-ին հետընթաց է արձանագրել թե՛ կոռուպցիայի ընկալման համաթվի գլոբալ վարկանիշային աղյուսակում, եւ թե՛ ընկալման համաթվով: «Եթե 2015 թ-ին Հայաստանի համաթիվը 0-ից 100 նիշանոց սանդղակում 35 էր, ապա այժմ՝ 33: Որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը: Երկու միավորի նվազումը, իհարկե, վիճակագրական առումով վարկանիշի անկում չի դիտարկվում, սակայն եթե համեմատեք 2014 թ-ի հետ, ապա անկումը կազմում է արդեն 4 միավոր: Մտահոգիչն այն է, որ մենք 2013-2014 թթ. սկսած Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվով գրանցվում է անկման տենդենց», - ասաց բանավեճի մասնակից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Մյուս մտահոգիչ հանգամանքը, ըստ Հոկտանյանի, այն է, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման գլոբալ աղյուսակում 2015 թվականի համեմատ անցյալ տարի Հայաստանը 18 տեղով նահանջել է: «Սա նշանակում է՝ մենք դոփում ենք մեր տեղում, առաջընթաց չկա, այն պարագայում, երբ մյուս պետություններն առաջընթաց են գրանցում», - ասաց նա:

Բանավեճի մասնակից ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով ԹԻ հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցի արդյունքներին, նշեց, որ կառավարությունում մանրամասն ուսումնասիրել են այդ փաստաթուղը, եւ այնտեղ առկա գնահատականներում որոշակի քաղաքական բաղադրիչ են տեսնում: «Այն վերաբերում է ոչ միայն տնտեսական, սոցիալական եւ օրենսդրական խնդիրներին, այլեւ քաղաքական գործընթացներին: Թեպետ մենք ասում ենք, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց: Վերջին մեկ-երկու տարում աննախադեպ ծավալի գործունեություն է ծավալել կառավարությունը: Մենք փորձում ենք խնդիրները բաց ներկայացնել, քննարկել եւ լուծում տալ: Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը, քաղաքացին զգա միջավայրի բարելավումը», - ասաց Քրմոյանը:

ՀԱԿ խորհրդարանական խմբացկության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով, ճիշտ կլինի, եթե կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մի քանի տարի ոչինչ չանի: «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունում ամենաօդիոզ դեմքերը, ամենակոռումպացված մարդիկ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների են վերածվել: Սա աբսուրդ է: Սա ծիծաղելի է ուղղակի, երբ պայքարում էին կոռուպցիայի դեմ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը կամ Հովիկ Աբրահամյանը: Հիմա էլ նույնն է: Ոչ մի արդյուք չի կարող է լինել, եւ այն ինչ հիմա կա, շատ օրինաչափ է», - ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ կոռուպցիան ոչ թե համակարգի մի մասն է, որի դեմ կարելի է լոկալ պայքար մղել, այլ ողջ համակարգի էությունը:

«Դրա մեջ մտնում են մենաշնորհները, ազատ ընտրությունների բացակայությունը, դատական համակարգը, ստվերային տնտեսությունը, տնտեսության ազատականացման եւ ներդրումների պաշտպանվածության խնդիրները, եւ այլն», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ըստ գլոբալ միտումների, ամենակոռումպացված երկրները հակամարտույթան մեջ գտնվող պետություններն են: «Այնտեղ որտեղ գեներալներն են որոշումներ կայացնում, չկան ազատ ընտրություններ, ապա կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել: Սա քաղաքական խնդիր է: Հայաստանում կոռուպցիան քաղաքականպես պաշտպանված երեւույթ է», - ընդգծեց Արամ Մանուկյանը:

Բանավեճի մասնակից «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ  Կարեն Զադոյանն այս հարցում կարեւորեց պետության եւ քաղհասարակության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը եւ քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը: «Առաջին խնդիրն է վարչական կոռուպցիայի հաղթահարումը եւ կառուցակարգեր ներդնել քաղաքական կոռուպցիայի նվազեցման համար», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ