«Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները»
01.02.2017
12:00
Չարորակ նորագոյացություններից մահացությունների թիվը Հայաստանում կազմում է 21 տոկոս: 2015-ին 2014-ի համեմատ չարորակ նորագոյացություններից մահացության աճ է արձանագրվել 380 դեպքով:

Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահական տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը:

«Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը և ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանը:

Դիանա Անդրեասյանն ասում է, որ միջազգային ուսումնասիրությունների տվյալները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները հանդիսանում են ցանկացած  զարգացող և զարգացած երկրների առողջապահական համակարգերի հիմնախնդիրներից մեկը: Բոլոր երկրներում բարորակ գոյացություններից մահացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը Հայստանում, Անդրեասյանի խոսքով,  նույն պատկերն է:

«Համեմատական վերլուծությունները վերջին տասը տարում ակնհայտորեն փաստում են, որ հիվանդացությունը և մահացածությունը աճել է շուրջ 1,9 անգամ: Յուրաքանչյուր տարի արձանագրվում է մոտ 8400 նոր դեպք: Դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը կազմում է մոտ 41 հազար և 1990-ականների համեմատ այն նույնպես աճել է մոտ 2,3 անգամ»,-նշում է Անդրեասյանը:

Նա հավելում է, որ տղամարդկանց մոտ առավել տարածված է  թոքի քաղցկեղը,  որը մոտ 5 անգամ գերազանցում է կանանց տվյալներին:

«Դա կարող է պայմանավորված լինել նաև 20 տարեկան և բարձր տարիքային խմբում ծխախոտի բավականին բարձր օգտագործմամբ (շուրջ 53 տոկոս):  Երկրորդ տեղում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղը, այնուհետև լյարդի, ստամոքսի, հաստ աղու:  Կանանց շրջանում զգալիորեն ավելի բարձր է կրծքագեղձի քաղցկեղից հիվանդացությունը և մահացությունը,  արգանդի պարանոցի, ստամոքսի և հաստ աղու:  Ի դեպ պետք  է ասեմ,  որ վերջին տարիների ընթացքում և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում զգալիորեն աճ ունի թե՛ ստամոքսի, թե՛ հաստ աղու քաղցկեղներից հիվանդացությունը և մահացությունը»,- հավելում է Անդրեասյանը:

Նրա խոսքով ՝ դեպքերի 57 տոկոսը հայտնաբերվում են երրորդ և չորրորդ փուլում, այսինքն դա այն փուլերն են,  երբ արդեն բուժման որակն ու արդյունավետությունն է բավականին նվազում, և կյանքի տևողությունը:  Թոքի քաղցկեղի դեպքում 4-րդ փուլում հայտնաբերումը կազմում է 67 տոկոս, իսկ ստամոքսի քացցկեղի դեպքում 56 տոկոս:

«Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում մի փոքր բարելավում կա հայտնաբերման տեսակետից: Այսինքն առաջին և երկրորդ փուլում է հայտանբերվում և ապրելիության ցուցանիշի աճ ունենք, եթե 2012-ին 42 տոկոս էր, այժմ ապրելիության ցուցանիշը հասել է 56 տոկոսի»,-ընդգծեց Անդրեասյանը:

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց որ նախարարությունը երկու ուղղությամբ է աշխատում.  Կանխարգելում և ենթակառուցվածքների ստեղծում ու ընդլայնում:

«Քաղցկեղի զգալի տոկոսը պայմանավորված է մարդու կենսակերպի հետ, պայմանավորված կառավարվող ռիսկի գործոններից: Դրանք են հիմնականում մեր երկրի համար՝ ծխելը, քրոնիկական չբուժված հիվանդությունները և գիրությունը»,-ասում է Մելիք-Նուբարյանը:

Նախարարության առաջնահերթ ծրագրերից մեկը արգանդի պարանոցի սկրինինգն է և արդեն 2 տարի է նախարարությունն իրականացնում է սկրինինգային ծրագիր՝ անվճար թիրախ խմբի կանանց համար: Մելիք-Նուբարյանը նշում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը այն եզակի քաղցկեղներից է, որը բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ հնարավոր է կանխարգելել:

«Երկրորդ հիմնական խնդիրը ծխելն է, և ներկայում տեսլականն այն է, որ հանրային կոնսեսուսի հասնելու միջոցով պետք է բարձրացնենք ծխախոտի հարկերը, ակտիվացնենք հակածխախոտային քարոզը: Միջազգային փորձը,  հետազոտությունները վկայում են, որ ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի գնի բարձացումն է, հատկապես այն կարևոր է պատանիների, երիտասարդների շրջանում, որ իրենք չսկսեն»,-նշում է Մելիք-Նուբարյանը և հավելում, որ նախարարության հաջորդ ուղղությունը ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծումն էր:

Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը ներկայացրեց, որ  3 ամիս առաջ վերաբացված կենտրոնում վերազինվել և հագեցվել էկլինիկական մասնաշենքը, նրա ֆունկցիոնալ դիագնոստիկայի և ցողունային բջիջների լաբարատոր մասնաշենքի հատվածը:

«Կենտրոնը եզակի է նրանով, որ հագեցած է բոլոր այն հնարավորություններով, որը թույլ է տալիս այսօր արյունաբանության մեջ կատարել այնպիսի բուժական միջամտություններ, որոնք մինչ օրս հնարավոր չէր կատարել»,-ասում է Մելիքսեթյանը:

Կենտրոնը վերազինվել է ժամանակակից, նոր սարքավորումներով, ստեղծվել են նոր լաբորատոր ծառայություններ և ամենակարևոր նոր ծառայությունը, որը մինչ այդ  չի եղել Հայաստանում,  ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն է և ցողունային բջիջների լաբորատորիան:

«Ցողունային բջիջների լաբորատորիան հնարվարություն է տալիս մեզ իրագործելու հետագա բուժական գործընթացը, որովհետև բջիջները հավաքագրելուց հետո ստեղծվում են արյունաստեղծ ցողունային բջիջները ոսկրածուծից կամ պերիֆերիկ արյունից կամ պորտալարից, որոնք հավաքելուց հետո, գնում են համապատասխան մշակման, սառեցման և հետագա կիրառման արդեն ոսկրածուծի փոխապատվաստման բաժանմունքում: 3 ամիս է՝ ինչ գործում է կենտրոնը և փետրվարին նախապատարստվում ենք ոսկրածուծի առաջին  փոխպատվաստումներին 4 հիվանդի համար»,-ընդգծեց Մելիքսեթյանը:

Կենտրոնի կարող են դիմել բոլոր տարիքային խմբի հիվանդները արյունաբանական ծառայությունների համար:

«Տարիքային սահմանափակման խնդիր լինելու է միայն ոսկրածուծի փոխպատվաստման համար, դա տարիքային մեծ խմբի համար է, 65-ից բարձր: Այդ գործընթացը ինքնին բարդ է և դրա համար ունի տարիքային սահմանափակում»,-հավելում է Մելիքսեթյանը:

Անդրադառնալով Հայաստանում մանկական ուռուցքաբանությանը՝ ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանը նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է  մոտ 60 մանկական չարորակ նորագոյաթյունների նոր դեպք:

«Հայաստանում, ինչպես և աշխարհի երկրների մեծամասնությունում առաջին տեղը զբաղեցնում են լեյկեմիաները,  երկրոդ տեղում հիմնականում գլխուղեղի ուռուցքներն են, հետո արդեն գալիս են ոսկրային համակարգի ուռուցքները, երիկամի ուռուցքներ և այլն: Զարգացած երկրներում նույն Արևմտյան երկրներում մանկական քաղցկեղով հիվանդացած 100 երեխայից մոտ 85-ն ունեն կատարյալ առողջացման հնարավորություն:Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը բարձրացնելու և հասցնելու այն մոտ 85-ի»,-ասում է  Թամամյանը:

Նա նշում է, որ մանկական ուռուցքաբանության մեջ հիմնական բուժական մեթոդը քիմիոթերապիան է, որը երբեմն զուգակցվում է ճառագայթային բուժման հետ:

«Որոշ դեպքերում մեծ դեր ունի վիրահատական բուժումը, և նաև որոշակի դեր ունի փոխպատվաստումը, այն դեպքերում երբ բուժումը չի օգնում: Բժշկագիտության զարգացման նոր միտումները բերում են իմունոթերապիայի և թիրախային բուժման ներդրմանը այս ոլորտում»,-ասում է Թամամյանը:

Մանկական ուռուցքաբանը նշում է, որ կան հիվանդներ, որոնց համար բուժումը Հայաստանում ոչնչով չի տարբեվում Գերմանիայի բուժման փորձից:

«Օրինակ՝ երիկամի ուռուցքի դեպքում առաջնային ստադիաներում բուժումը նույնն է, ինչ Հայստանում, նույնը և Գերմանիայում: Բժշկական սպասարկման առումով կարող է տարբերություններ լինեն: Բայց կան հիվանդություններ, օրինակ՝ որտեղ մեծ դեր ունի իմունոթերապիան և այլ թիրախային բուժումներ, որոնց դեպքում Ամերիկայում կամ Եվրոպայում բուժման շանսը 50 տոկոս է, իսկ Հայաստանում դա կրկնակի անգամ քիչ է: Այդ դեպքում մենք ինքերս խորհուրդ կտանք, որ դրսում բուժվելու մասին մտածեն, բայց հիմնականում մանկական չարորակ նորագոյացությունների մեծամասնությունը հնարավորություն ունենք այսօրվա պայմաններում բուժելու Հայաստանում: Ճիշտ է, այդ ամենը մեծ ծախսեր են, բայց գոյություն ունեն ֆոնդեր, որոնք և մեզ օգնում են»,-հավելեց Թամամյանը:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ