Քննարկում. ՀՀ կառավարության քայլերը մակերեսային են, տնտեսության խնդիրները՝ խորը
27.01.2017
13:00
Հայաստանի նոր կառավարության նախաձեռնություններն ու տնտեսության ներկա վիճակն, առկա մարտահրավերները համադրելի չեն: Տնտեսությունն ունի արդյունավետության, լոգիստիկայի, էժան ռեսուրսների հայթայթման եւ հարկային վարչարարության խորքային խնդիրներ, սակայն ոլորտի պատասխանտուները տալիս են կետային, ժամանակավոր եւ մակերեսային լուծումներ:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 27-ին տեղի ունեցած «Նոր կառավարության ձեռնարկած քայլերն ու ՀՀ տնտեսության մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեցին տնտեսագետները:

Կառավարության քայլերում, նշում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մասնագիտական մոտեցումների պակաս կա: «Ավելի շատ տեսնում եմ խոսք, ներկայացումներ, բայց իրական կյանքում՝ տնտեսական կամ հասարակական, փոփոխություն չկա», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. «Կամ պատասխանատուներն ունեն ժամանակի պակաս, կամ ուղղակի տեղյակ չեն այդ բնագավառներից»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, այդ տնտեսությունում առկա խնդիրները նոր չեն, ուղղակի իշխանությունների մակարդակում դրանց մասին սկսեցին վերջերս խոսել:

Անցած տարի ՀՀ իշխանություններին չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլև անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել։ Օրեր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել Է 0.5 տոկոս։

Զրոյական տնտեսական աճի պայմաններում, նշում է Վահագն Խաչատրյանը, կառավարությունը պետք է ազնվորեն ասի, թե ինչ է կատարվում տնտեսությունում: «Մեզ մոտ գյուղատնտեսությունում խայտառակ վիճակ է, շինարարության մեջ նույն վիճակն է, և մենք ռազմավարական առումով ճշգրտված մոտեցումներ դեռևս չունենք: Մենք ձախողված երկիր ենք, որովհետև բոլոր մեր միջոցառումները, որոնք նպատակամղված են տնտեսական աճին, իրականություն չեն դարձել: Ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ավելի վատ վիճակում ենք հայտնվել՝ պետական պարտքն է ավելացել, մարդկանց եկամուտներն են պակասել, գնողունակությունն է ընկել, եւ այն բարձրացման միտումներ չի դրսեւորում, քանի որ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, իսկ տնտեսություն ըստ էության չի աճում», - ասաց նա:

Քննարկման մյուս բանախոս «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանն ուշադրություն հրավիրեց ներդրումների կրճատման խնդրի վրա: «Մինչեւ արտաքին ներդրումների ներգրավման մասին խոսելը, պետք է պայմաններ ստեղծել, որ ներքին ներդրումներն աճեն: Եթե հայաստանցի գործարարը Հայաստանում ներդրում չի կատարում, ինչպես պետք է համոզենք օտարերկրյա գործարարին ներդրումներ կատարել Հայաստանում», - ասաց փորձագետը:

Ներդրումների հարցում, ընդգծում է նա, Հայաստանը միայն ռազմավարական դաշնակցի վրա է հենված: «Մենք ֆիքսվել ենք միայն Ռուսաստանի վրա և այս կախվածությունից մի օր կկործանվենք: Եթե ՌԴ-ն ներդրում չի անում, ուրեմն կորած ենք: Պետք է այնպես անել, որ Հայաստանը նաև այլ ներդրողների համար էլ գրավիչ դառնա», - նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի մրցակցային հնարավորությունները մինչ այսօր բացահայտված չեն:   

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի արդյունքներով հայտարարեց, որ ստեղծվելու է հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամ եւ հնարավորություններ են ընձեռվելու Ռուսաստանից դեպի հայ-իրանական սահմանին գործող ազատ տնտեսական գոտի ներդրումների հոսքի համար: Այստեղ եւս փորձագետները խնդիրներ են տեսնում: «Հիմա մենք գնում ենք Ռուսաստան, խոսում ենք 300 մլն դոլարանոց հիմնադրամի մասին: Սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է ռուսական կապիտալը գա Հայաստան: Ո՞րն է մեր առավելությունը: Ռուսաստանում եկամտահարկը 13% է, ՀՀ-ում՝ 26%, Ռուսաստանում ԱԱՀ-ն 18% է, ՀՀ-ում՝ 20%, Ռուսաստանում իրենց ռուբլին ավելի արժեզրկվեց եւ դա հնարավորություն է տալիս էժան ապրանք արտադրելու համար եւ այլն: Այսինքն՝ պարզվում է, որ Ռուսաստանում բիզնես անելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում», - ասաց Վահագն Խաչատրյանը:

Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գաղափարը ողջունեց Թաթուլ Մանասերյանը, սակայն նրա կարծիքով սա պետք է գործիք լինի երկրի բարեկեցության համար, ոչ թե նպատակ: «Իրանի հետ պարտավոր ենք ազատ գոտի ունենալ, այլընտրանք չեմ տեսնում: Որքան մենք ունենք Իրանի պահանջը, այնքան էլ Իրանն ունի մեր պահանջը: Պետք է գրավիչ դարձնել Հայաստանը ներդրողների համար: Չստացվի այնպես, որ Հայաստանը միայն կապող օղակի վերածվի Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Արդյունքում Հայաստանի դերը ԵԱՏՄ-ում հավասարվի դրան, ինչն անհեռատես մոտեցում է», - եզրափակեց տնտեսագետը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ